Գ. ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ.«ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԻՄԱՆԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏԵՐՅԱՆԻՆ»
Արխիվ 12-16Գ. ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ.«ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԻՄԱՆԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏԵՐՅԱՆԻՆ»
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 130-ամյակն է: Նրա մուտքը գրական ասպարեզ առաջինը ողջունեց Հովհաննես Թումանյանը եւ Վերնատանը պատվավոր տեղ հատկացրեց նրա համար: Բանաստեղծ, ով ամբողջ կյանքում երազեց Հոգեւոր Հայաստանի մասին:
Մեծ քնարերգուի ծննդյան 130-ամյակը շնորհավորելու եւ նրա պոեզիան եւս մեկ անգամ լսելու համար Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին տեյրանագետներ, գրականագետներ, գրողներ եւ Տերյանի պոեզիայի սիրահարներ:
«Իրավունքի» հետ զրույցը տեյրանագետ ՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ սկսեց Ե. Չարենցի խոսքերով.«Վահան Տերյանը մեզ պարտադրում է եւ մենք պարտավոր ենք նրան լսել»: Տերյանը մեծ անհատականություն է, ում մասին խոսելը ե′ւ հեշտ է ե′ւ դժվար, քանի որ նրա մասին ասելիքը շատ է, բայց դժվարանում ես այն ձեւակերպել: Նա այն հայ մեծերից է, ով աստվածատուր է: Կար ժամանակ, որ Տերյանին բանաստեղծ չէին համարում, ասելով, որ նա ռուսախոս է եւ նրան չեն հասկանում: Բայց այսօր, փառք Աստծո, մեր հասարակության մեջ Տերյանը գնալով ավելի է պայծառանում եւ մեծարվում: Նա մեծ գրող է, եւ մենք մեծարելով մեծերին, մեծարում ենք մեզ»,-նշեց Վ. Ղազարյանը:
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` Վ. Տերյանը հայ գրականության համար սահմանել է այնպիսի չափանիշ, որը դեռեւս չեն հաղթահարել բանաստեղծները եւ ժամանակակից հայ գրողները.«Մինչեւ այսօր Վահան Տերյանի գրական բարերար ազդեցությունից որեւէ գրող չի կարողացել ազատվել: Մեր երիտասարդները մինչեւ այսօր էլ պոետների մեջ Տերյան են փնտրում եւ չեն գտնում: Սա է պատճառը, որ որոշակի հիասթափություն կա մեր նորագույն պոեզիայից»,-ընդգծեց Կ. Վարդնյանը:
Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՍՅԱՆԻ բնորոշմամբ էլ` Տերյանի արդիականությունը նրա հայկականության, հայ լինելու եւ այդ ամենը խորապես գիտակցելու մեջ է:
Բանաստեղծի 130-ամյակի առթիվ հրատարակվել է ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԻ «Վահան Տերյան. Անտիպ եւ անհայտ էջերը» գիրքը, որտեղ ընդգրկված են բանաստեղծի դեռեւս չհրատարակված որոշ հոդվածներ, նամակներ, գրախոսականներ եւ մի քանի բանաստեղծություններ.«Տերյանի ստեղծագործություններն ուսումնասիրվում է արդեն 100 տարի, սակայն նրա ժառանգության մի մասը դեռեւս մնում է չհրատարակված: Ես փորձել եմ համակարգել այն առանցքայինները, որոնք անհրաժեշտ են: Արդեն ժամանակն է, որպեսզի իմանանք իրական եւ հայրենասեր Տերյանին, մի մարդու` ով հանուն հայրենիքի իր կյանքը զոհեց: Նոր հրատարկված գրքում ներկայացվել են անտիպ նամակներ, որոնք շատ կարեւոր են Տերյան մարդուն, քաղաքական գործչին, քաղաքացուն հասկանալու համար»,-ասաց Գ. Էմին-Տերյանը: Ըստ նրա`շատերը չգիտեն Տերյանի քաղաքական հայացքների եւ փիլիսոփայական գաղափարների մասին.«Սակայն ամենակարեւորն այն է, որ մենք ապրոմ ենք տեյրանական ոգով: Նա հասկանալի եւ սիրելի է մեզ, ոչ միայն այն պատճառով որ նա մեծ է, այլեւ` հայկական մշակութային նոր էջ բացելու համար»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

