Ի՞ՆՉ «ՍԵՎ ԿԱՏՈՒ» ԱՆՑԱՎ ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ ՈՒ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԻ ՄԻՋԵՎ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ «ՍԵՎ ԿԱՏՈՒ» ԱՆՑԱՎ ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ
ՈՒ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԻ ՄԻՋԵՎ
«Իրավունքն» արդեն անդրադարձել էր, որ փետրվարի 5-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի դաշնակահար ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԻ նախատեսված համերգը չի կայացել՝ դաշնակահարի վատառողջ լինելու պատճառով: Սակայն, սա մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ Կոնսալեսի ինքազգացողության վատացման պատճառ է եղել թատրոնի գլխավոր դիրիժոր ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ: «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում դաշնակահարը պատմեց, որ մինչ Հայաստան գալը արդեն հասկացել է, որ Հայաստանում Դուրգարյանի հետ աշխատելը հեշտ չի լինելու: Այնուամենայնիվ, արդեն Հայաստանում Կոնսալեսը լուռ հարմարվել է Դուրգարյանի «քմահաճույքներին». «Մինչ այդ ես լուռ անում էի այն, ինչ
նա էր ասում՝ իր քմահաճույքով էի շարժվում: Դիմացա, դիմացա, դիմացա, բայց վերջում արդեն չկարողացա դիմանալ… Նա ինձ ասում էր, որ ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, բայց հետո հայերենով, համերգի կազմակերպիչ Մարինա Սարգսյանին ասում էր, որ ես պրոֆեսիոնալ չեմ: Եթե այդ խնդիրը կար, ինչո՞ւ նա ինձ ավելի վաղ չէր ասում այդ մասին` հենց կոնսերվատորիայի փորձի ժամանակ: Կոնսերվատորիայում վերջին փորձից հետո շնորհավորեցինք միմյանց, ձեռք սեղմեցինք եւ բաժանվեցինք: Հաջորդ օրը չգիտեմ՝ ինչ պատահեց Դուրգարյանին, առավոտյան չգիտեմ՝ ինչ էր տեղի ունեցել, բայց, երբ համերգից մեկ ժամ առաջ եկա թատրոն, տեսա, որ իրավիճակը լարված է. թատրոնում նրան գտա ահավոր բարկացած: Երբ արդեն բեմի վրա էինք, մաեստրո Դուրգարյանն ասաց, որ ժամը ուշ է փորձ սկսելու համար, մինչդեռ ես փորձի մասին բացարձակ տեղեկություն չունեի եւ բոլորի մոտ ասաց, որ մեղավորը դու չես, այլ քո կազմակերպիչները»,- ասաց Ա. Կոնսալեսն ու տեղեկացրեց, որ անկախ ամեն ինչից ինքն իր սեփական կարծիքն ունի տեղի ունեցածի վերաբերյալ. «Այս ամենից ես իմ կարծիքն ունեմ, այստեղ նախանձի խնդիր կար, մտածելով որ այս կազմակերպչական հարցերով ինքը առաջին տեղում չէ, որոշեց պատերազմ սկսել…»
Ի դեպ, Կոնսալեսը նաեւ պատրաստվում է նամակ գրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ պատմել ամբողջ եղելությունը. «Ուզում եմ մի նամակ գրել մշակույթի նախարարին, որտեղ պարզապես կպատմեմ այն, ինչ տեղի է ունեցել: Ես վաղը մեկնում եմ, բայց նամակն իմ անունից կփոխանցեն հայաստանյան համերգի պրոդյուսերները` Դավիթը եւ Մարինան: Ես ոչ մի բողոք չեմ ուզում ներկայացնել, ուղղակի, ուզում եմ նախարարին ներկայացնել ամբողջ իրողությունը, թե ինչի պատճառով տեղի չի ունեցել այս համերգը: Ճիշտ է, որ նա իմանա իրականությունը, գուցե, նա կմտածի, որ ես ուղղակի չեմ նվագել…»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Ա. Կոնսալեսի հայաստանյան չկայացած համերգի պատճառների մասին առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» երեքշաբթի օրվա համարում:

