ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ «ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»
Արխիվ 12-16ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ «ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»
Եթե նախորդ տարվա աշնանը, կարծես, հույս էր նշմարվում, որ հնարավոր է ռուս-վրացական հարաբերությունները քիչ, թե շատ կարգավորվեն, ապա այս տարի «սայլն ընդհանրապես տեղից չի շարժվում»: Ավելին` Վրաստանը ստորագրելով Եվրոասոցացման պայմանագիրը ջանք ու եռանդ չի խնայում Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու ու եվրոգործընկերների ականջը շոյելու համար: Մի կողմից Վրաստանի պատգամավորները ամբողջ կազմով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձեւին «կողմ» են քվեարկում, Ուկրաինայում վրաց զորքեր ուղարկում` ՌԴ-ի դեմ պատերազմելու համար , իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կոկորդ է պատռում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ զարգանում են առեւտրային-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ պահպանվում է Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ձեւաչափը:
Իրականում, թե ինչ եղավ ռուս-վրացական երկխոսությունը եւ դրա շրջանակներում գործող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
- Այսօրվա դրությամբ երկխոսությունը, որը դեռեւս 2012 թվականի դեկտեմբերից տարվում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափով, բավականին սառեցված է: Հիշեցենեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ստորագրեց Աբխազիայի հետ համաձայնագիր եւ նույնիսկ արդեն պառլամենտը վավերացրել է այդ համաձայնագիրը , ինչը դուր չեկավ վրացական կողմին:
- Վերջին հանդիպումը Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների եղել է հոկտեմբերի 16-ին` նույն Կարասին-Աբաշիձե ձեւաչափով: Կա՞ն հույսեր, որ այնուամենայնիվ, նման հանդիպումներ կլինեն առաջիկայում:
- Վերջին ամիս ու կեսը պարզ չէ, թե երբ նոր հանդիպում կլինի այդ նախագծի շրջանակներում: Խոսակցություններ կան, որ փետրվարին, բայց դեռեւս կարելի է ասել, որ որոշակի դադար են վերցրել երկու կողմն էլ այդ հարցում: Եվ կարծում եմ, որ թեպետ չեն վերջացրել երկխոսությունը , բայց այսօրվա դրությամբ քննարկելու էլ դեռ շատ հարցեր չունեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

