ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Արխիվ 12-16ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան դեռ չկայացած, այն արդեն իսկ դաժան քննադատության արժանացավ: Ավելին` քննադատություններն ավարտվեցին նրանով, որ անգամ ձերբակալվեց Հ. Հակոբյանը, ու ակտիվ հանրությունը հարաբերականորեն մոռացավ նրան ու իր չարչրկված ֆիլմը:
Թե որքանո՞վ էին իրականությանը համապատասխանում շրջանառվող այն լուրերը, որ պետականորեն արգելվել է ցուցադրել այս ֆիլմը, «Իրավունքը» պարզեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Չկա նման մեխանիզմ` ֆիլմը պետականորեն արգելելու: Մենք վաղուց ենք հրաժարվել այդ մեխանիզմներից: Այսինքն` մասնավոր հատվածում, մասնավոր կինոթատրոններում իրենք են որոշում` ինչ ցուցադրել կամ չցուցադրել:
- Նախատեսված է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 10-ին, իսկ Դուք պրեմիերային ներկա կլինե՞ք:
- Գիտեք, ոչ, չեմ լինելու:
- Ինչո՞ւ:
- Ես տեսել եմ այդ ֆիլմը, դրա համար էլ պրեմիերային ներկա չեմ լինելու...
- Ֆիլմի հասցեին հնչած քննադատություններից հետո տեղի ունեցավ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը: Ըստ Ձեզ` այստեղ որեւէ կապ կա՞:
- Չեմ կարծում, որ կապ ունի, այսինքն` ամեն ինչն իր տեղն ունի, եւ չեմ ենթադրում, թե այդտեղ որեւէ կապ կարող է լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

