Կատարված հանցագործության համար` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը համարվում է մեղմ պատիժ: Բայց ոչ 35-ամյա, ազգությամբ եզդի Իշխան Աբասի Չոլոյանի համար: Անասնապահությամբ զբաղվող այդ անձը իր եղջուրավոր "խնամակյալների" ապահովությունը ավելի բարձր է դասում, քան, անգամ, անձնական ազատությունը:
Օրերս վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր նիստ. պետք է որոշվեր` Չոլոյանը պայմանական է կրելու իր հանդեպ նշանակված երկուսուկես տարվա ազատազրկումը, թե բավարարվելու է մեղադրողի բողոքը, եւ նա հայտնվելու է բանտում: Դատական նիստին մեղադրյալ Չոլոյանը եկավ ուշացած` դատարանը որոշում էր կայացրել հետաձգել դատաքննությունը: Դա առաջին դեպքը չէր, որ Չոլոյանը չէր ներկայացել նիստի: Նախագահող դատավորը փորձեց հասցնել մեղադրյալի գիտակցությանը, որ դատաքննությանը չներկայանալը բացասաբար կարող է անդրադառնալ նրա ճակատագրին, սակայն վստահորեն ասել, որ դատարանի հորդորները տեղ հասան` դժվար է: Չոլոյանն էլ, ըստ իս, չկարողացավ ներշնչել դատարանին, որ "մարդկայնորեն" ճիշտ չի լինի, որ ինքը արոտավայրում անտեր թողնի անասուններին ու գա դատական նիստին… Մնում է նշել, որ 2013-ին Չոլոյանը մեկ անգամ արդեն մեղավոր ճանաչվել էր` ոչխարներ գողանալու համար, եւ չմարված դատվածությունը ուսերին կատարել էր երկրորդ հանցագործությունը. վաճառել էր ուրիշին պատկանող կովերը: Եթե այդ անձը իր խնամքին չունենար 5 անչափահաս երեխա, միգուցե "խորհուրդ" տայինք դատարանին` Իշխան Աբասի Չոլոյանին որոշակի ժամկետով զրկել անասնապահի "պաշտոն" զբաղեցնելու իրավունքից: Ա. ԱԲԳԱՐՅԱՆ