ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՈՄԱԼԻԱ Է
Արխիվ 12-16Չնայած, փետրվարը ձմռան ամիս է, բայց այս օրերին այնպիսի բարձր ջերմային ֆոն է, որ կարծես, ոչ թե ձմեռ է, այլ` գարուն: Թե ինչով է պայմանավորված ձմռանը նման բարձր ջերմաստիճանը եւ ինչ հետեւանքների այն կարող է հանգեցնել, փորձեցինք պարզել նախ` Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մեզ հետ զրույցում նաեւ մասնագիտորեն հաստատեց.
-Այո, այս օրերին Հայաստանում եղանակային ռեկորդներ են սահմանվում, տեղի է ունենում անոմալիա: Ջերմաստիճանը ամբողջ հանրապետության համար նորմայից 8-12 աստիճանով բարձր է:
- Հնարավո՞ր է, որ ջերմաստիճանի կտրուկ նվազում լինի, որն էլ կհանգեցնի ցրտահարության: Չէ՞ որ ձմեռը դեռ առջեւում է, էլ չասած, որ Հայաստանում ձմռան նմանվող գարուններ էլ են լինում:
- Ես չեմ կարող ասել ցրտահարություն կլին, թե` ոչ, որովհետեւ անկանխատեսելի է, թե քսան-երեսուն օր հետո ջերմաստիճանները կիջնեն 0-ից ցածր, թե` ոչ: Կարող եմ միայն ասել, որ նման եղանակն անհամաչափ է, նման ձմեռներ եղել են 1955, 1963, 1966, 1969, 1987,1999 եւ 2010 թվականներին: Բայց այս տարին առանձնանում է իր տաք ջերմային ֆոնի տեւական պահպանողականությամբ, որը կապված է հարավից սկիզբ առած հզոր տաք օդային հոսանքների հետ, ինչն իր ազդեցության տակ է վերցրել ամբողջ Կովկասը եւ նույնիսկ հասել է Ռուսաստանի եվրոպական մաս: Այս պահին օդի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է հատկապես Հայաստանում: Սա աննախադեպ երեւույթ չէ, բայց անոմալիա է: Դարի ընթացքում 3-4 անգամ այսպես լինում է: Երբ միջին ջերմաստիճանը նորմայից 5 աստիճանից բարձր է` համարվում է անոմալիա: Իսկ այս դեպքում խոսքը 8-12 աստիճանով բարձր ջերմաստիճանների մասին է:
- Ըստ Ձեր կանխատեսումների` դեռ որքա՞ն ժամանակ կարող ենք վայելել արեւի շողերը:
- Առաջիկա հինգ օրերին դեռ այսպես կշարունակվի: Փետրվարի 8-ից տեղումներ են սպասվում, բայց ջերմաստիճանը չի իջնի:
- Կարելի՞ ենթադրել, որ առկա բարձր ջերմային ֆոնի վրա սահուն անցում ենք կատարելու գարնանը:
- Կարող է ամբողջ ամիսը տաք լինել, օրինակ` մարտը: Բայց 1-2 օրում, ինչպես եղավ նախորդ տարի, ցուրտ ներխուժումներ լինեն, ձյան տեղումներ եւ այլն: Բայց մարտին կամ ապրիլին ցուրտ ներխուժումներ կլինեն, թե` ոչ, հնարավոր չէ կանխատեսել: Գիտությունը դեռեւս չի հասել նման բարձունքների, որ երկարաժամկետ կտրվածքով կոնկրետ կանխատեսումներ կատարի:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ "ՍՊԱՍՈՒՄ ԵՎ ՀՈՒՍՈՎ Է"
Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի նման "անհամաչափ" եղանակից Գյուղատնտեսության նախարարությունը, կա՞ ջերմաստիճանի կտրուկ նվազման եւ ցրտահարությունների վախ, հետաքրքրվեցինք գյուղատնտեսության փոխնախարար ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ, ով ասաց.
- Այս օրերին ջերմաստիճանը մի քիչ բարձր է, բայց ժամանակից շուտ գուշակումներ չանենք. օրը գա` բարին հետը: Այժմ Ջրային պետական կոմիտեի հետ միասին, ի տարբերություն նախորդ տարիների, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն ավելի շուտ ենք կազմակերպում` մինչեւ մարտի 1-ը: Ժամանակից շուտ առաջ չընկնենք, որպեսզի գուշակություններ չանենք` թե՛ դրական, թե՛ բացասական:
- Այսինքն` չե՞ք բացառում, որ հնարավոր է` հետագայում ցրտահարություններ լինեն:
- Ինչպես ասացի, գուշակություններ անել չեմ ցանկանում, համենայնդեպս, մինչ օրս ոչ մի վնաս չունենք` ո՛չ պտղատու այգիներում, ո՛չ խաղողի այգիներում: Նույնիսկ չթաղված խաղողի կիսաթաղված այգիները, որոնք որոշ մարդիկ նպատակահարմար չէին գտել թաղել հողի տակ, այդ այգիներում մենք վնասված ոչինչ չունենք: Իսկ ինչ վերաբերում է եղանակային զարգացումներին, ապա գյուղատնտեսությունը տնտեսություն է բաց երկնքի տակ, իսկ մենք ցրտահարության դեպքեր ունեցել ենք: Անցյալ տարի, եթե հիշում եք, ունեցանք ցրտահարություններ` ծիրանի հետ կապված, բայց կառավարությունը, նախարարությունը եւ մարզպետարանները կարողացան սեղմ ժամկետներում ապահովել գյուղացիներին սերմացուններով, որպեսզի ցրտահարության վնասները կարողանանք ինչ-որ չափով մեղմել: Բոլոր ուղղություններով տարվում են համապատասխան աշխատանքներ, եւ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

