ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈՂ ՏԱԼ, "ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ"
Արխիվ 12-16ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈՂ ՏԱԼ, "ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ"
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով: Ըստ այդմ` նա ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով: Ինչպես նաեւ, չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները կատարելուցª օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Սակայն վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ չի ընդունում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հակոբ Հակոբյանի փաստաբան փաստաբան Կարեն Սարդարյանը:
-Հակոբ Հակոբյանի համար անակնկալ էր կալանավորումը, քանի որ մինչ այդ, նա ուշացումով ծանուցագիր էր ստացել, որ գնա քննիչի մոտ: Ինքը ամսի երեսունին գնացել, մի քանի անգամ զանգահարել է քննիչին, բայց վերջինս չի պատասխանել: Տեսնելով, որ քննիչը չի պատասխանում զանգերինª գնացել է տուն, որտեղից ժամեր անց նրան նախ` բերման են ենթարկել, ապաª ձերբակալել: Այդ կերպ արհեստական հիմքեր ստեղծելով, թե իբր Հակոբյանը խուսափում է քննությունից:
Նրան մեղադրանք է առաջադրվել յոթ դրվագով, որից պատրաստ է հինգ դրվագով փոխհատուցում տրամադրել` մոտ ութսուն միլիոն, եթե դրանք ապացուցվեն դատարանում, չնայած վստահ է, որ ինքը որեւէ առնչություն չունի դրա հետ: Այստեղ ուշագրավ է այն, որ այդ կազմակերպությունները դեռեւս 2014 թ. հոկտեմբերին դիմել էին դատարան: Պաշտպանյալս ասում է` թող դատարանը պարզի` արդյոք ես խուսափե՞լ եմ հարկերից, թե` ոչ: Եթե այդ ակտերը իրավաչափ լինեն, ապա կփոխհատուցի, սակայն վստահ է, որ հարկային պարտավորություններ չունի: Իմ պաշտպանյալը դատարանում հայտարարեց, որ եթե պետությանը փող է պետք, ինքը պատրաստ է տալ, բայց ինքը մեղավոր չէ: Հակոբ Հակոբյանը մասնավորապես ասաց. "Ես գույք ունեմ, որն ավելի թանկ է, քան այս մեղադրանքի ծավալը: Գույքս վերցրեք կալանքի տակ, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ապա թող գույքս առգրավեն": Բայց դատարանը դա էլ հաշվի չառավ ու կալանքի որոշում կայացրեց:
- Քիչ չեն խոսակցությունները, ըստ որոնց` այս ամենի տակ կա քաղաքական ենթատեքստ: Ձեր պաշտպանյալը նման բան տեսնո՞ւմ է:
- Առայժմ ինքըª ո՛չ դատարանում, ո՛չ էլ քննչական գործողությունների ժամանակ նման հայտարարություն չի արել:
Ամեն դեպքում, ես կարող եմ վստահորեն ասել, որ պաշտպանյալիս կալանավորումն ամբողջությամբ անհիմն է: Որովհետեւ էդ մարդը երբեւիցե չի խուսափել իրավապահ մարմիններից, երբեւէ չի լքել Հայաստանը, ունի մեծ սեփականություններ հայրենիքում եւ չի պատրաստվում հրաժարվել դրանցից:
- Ենթադրենք մեղադրանքները հաստատվեցին: Դա քանի՞ տարվա ազատազրկում է ենթադրում:
- Այստեղ հարցը զուտ գումարային է, իսկ իմ պաշտպանյալը վճարունակ է: Օրենքն էլ ասում էª եթե էդ հոդվածներով մարդ իր պատճառած վնասը հատուցում է, ինքը ազատվում է քրեական պատասխանատվությունից: Այսինքնª բավական է, որ Հակոբ Հակոբյանը այդ գումարը վճարի, ինքն այլեւս չի ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ օրենքը թույլ չի տալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

