ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ԵԽԽՎ-Ն ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ԵԽԽՎ-Ն ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ
ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԺ պատգամավոր, "Սահմանադրական իրավունք" միություն" կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդես է եկել բաց նամակով` ԵԽԽՎ-ի բանաձեւի կապակցությամբ, որում Հայաստանի իշխանությանը կոչ է արվում տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի վրա:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 28-ին ընդունել է մի բանաձեւ (N584), որը ստորագրել է Շվեյցարիան, Հոլանդիան, Բելգիան, Սան Մարինոն, Մալթան եւ այլ եվրոպական երկրներ ներկայացնող 22 պատգամավոր: Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանությանը տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի վրա:
Մասնավորապես, պատգամավորները կոչ են անում հետապնդում սկսել "Իրավունք" թերթի եւ "Սահմանադրական իրավունք" միություն" կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի նկատմամբ:
Նրանք մեղադրում են "Իրավունք" թերթին, որ պաշտպանել է մշակույթի հայտնի գործիչներին` Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել են հոմոսեքսուալիստների լոբբիստների վայրագ եւ անմարդկային հետապնդումներին, քանի որ համարձակվել էին բացասական կարծիք հայտնել Կոնչիտայի վերաբերյալ:
"Այսօր բաց նամակ եմ ուղղել ԵԽԽՎ նախագահին եւ պատգամավորներին, ներկայացրել խնդիրը, որը, իմ կարծիքով, սպառնում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, ոտնձգություն է ներկայացնում խոսքի եւ մամուլի ազատությանը, սեփական կարծիքի արտահայտմանը: Սպասում եմ, որ նրանք պետք է ներողություն խնդրեն եւ հանգիստ թողնեն "Իրավունք" թերթին",- ասել է Բաբուխանյանը "Sputnik-Արմենիա" ռադիոյի եթերում:
Նրա խոսքով` թերթում արտահայտված կարծիքը վերաբերում էր ոչ թե սեռական փոքրամասնություններին` ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ Կոնչիտա Վուրստին` "այդ ամոթալի երեւույթին, որի մասին իրենց կարծիքն էին հայտնել Արշակյան քույրերը: Նրանց սկսեցին վիրավորել արմատականները, ծայրահեղականները, սեռական փոքրամասնությունների լոբբիստները":
Բաբուխանյանը նամակում ցավով նշում է, որ բավականին լարված միջազգային իրավիճակի պայմաններում ԵԽԽՎ-ի ամբիոնը երկխոսության հարթակ օգտագործելու փոխարեն որոշ ուժեր փորձում են իրենց վրա ոստիկանական գործառույթներ վերցնել:
"Այդ տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում ԵԽԽՎ-ն պատժի, քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ նույնիսկ առանձին ԶԼՄ-ներին հետապնդելու զենք վերածելու որոշ ուժերի փորձերը, որոնց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումները դուր չեն գալիս նրանց, ովքեր իրենց երեւակայել են վերջին ատյանի ճշմարտության հայտատու",- նշվում է նամակում:
Բաբուխանյանը հուսով է, որ կհաղթի առողջ բանականությունն, ու առաջարկում է գործադրել բոլոր ջանքերը, "որպեսզի Եվրոպայի բոլոր կառուցողական ուժերը միավորվեն` նոր աղետը կանխելու, պատերազմներն ու դիմակայությունները դադարեցնելու, մեր մայրցամաքում ազատության, ժողովրդավարության, զարգացման, համագործակցության եւ ստեղծագործ մթնոլորտ ստեղծելու համար":
"Իրավունք" թերթը հրապարակել էր հոդված այն մասին, որ չի կարելի ճնշում գործադրել եւ հետապնդել մարդուն այն պատճառով, որ նա կարծիք է հայտնել, քանի որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: Այդ ժամանակ այդ արմատականները, որոնց ես կոչում եմ "Կոնչիտայի վկաներ", հարձակվեցին արդեն "Իրավունք" թերթի վրա",- ասել է Բաբուխանյանը:
Նա նշել է, որ "Իրավունք" թերթը պարզապես պաշտպանել է Անուշ եւ Ինգա Արշակյանների` այս կամ այն գործչի մասին իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը: Խոսքը Կոնչիտայի բեմական կերպարի մասին էր, որը նրանց դուր չէր եկել, այլ ոչ թե սեռական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու կամ չսահմանափակելու մասին: Պատգամավորի կարծիքով` դա գենդերային ֆաշիզմի դրսեւորում է այն տեսակետից, որ ոչ ոք չպետք է իրեն թույլ տա բացասական մտածել ինչ-որ մեկի մասին, ով այլ կողմնորոշում ունի:
Մեկնաբանելով խոսքի ազատության եւ Փարիզում "Շարլի" խմբագրատանը տեղի ունեցող սպանությունների մասին Եվրոպայի հայտարարությունները` Բաբուխանյանը նշել է, որ դրանք կրկնակի, եռակի ստանդարտներ են, որոնցով ղեկավարվում է ժամանակակից Եվրոպան շատ հարցերում, այդ թվում` նաեւ Ղարաբաղի եւ Ղրիմի հարցում:
"Շարլի" խմբագրատունն անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել կրոնական փոքրամասնության նկատմամբ: Այդ ժամանակ փոքրամասնության ներկայացուցիչները ամսագրին դեմ արտահայտվեցին, ինչը շատ բացասաբար ընկալվեց ողջ աշխարհում: Ճանաչվեց, որ արմատական փոքրամասնությունը խաղի իր կանոնները թելադրելու իրավունք չունի", - ասել է Բաբուխանյանը:
Նրա կարծիքով` ԵԽԽՎ-ի N584 բանաձեւն ամբողջությամբ հակասում է այդ սկզբունքին: Պատգամավորը համոզված է, որ Հայաստանում եւս արմատական փոքրամասնությունն իրավունք չունի թելադրելու խաղի իր կանոնները, որոնք հակասում են հայկական ազգային արժեքներին:

