"ԵՏՄ-ՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՈՒ ԱՐԱԳ ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ԵՏՄ-ՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՈՒ ԱՐԱԳ
ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ"
Այն, որ Հայաստանը հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, գաղտնիք չէ: Բայց այ, թե ինչ նոր արտոնություններ եւ պարտավորվածություններ են ստանձնել ՀՀ գործարարները` ԵՏՄ անդամ երկրներից ապրանքներ ներկրելու կամ արտահանելու առումով, կամ ինչ պետք է անեն, ասենք, եթե որեւէ հայ գործարար որոշի, որ ԵՏՄ որեւէ երկրում ընկերություն հիմնադրի, դեռ ոչ բոլորին է պարզ ու հասկանալի: Ուստի, վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ:
-Պարոն Ճշմարիտյան, եթե ինչ-որ գործարար ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից մեկում նոր բիզնես սկսի, որտե՞ղ պետք է դիմի եւ ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել:
- ԵՏՄ-ին անդամակցելով` ԵՏՄ անդամ երկրներում ընկերություններ հիմնադրելու առումով որեւէ փոփոխություն չի եղել: Ընկերություն հիմնադրելու համար գործարարը պետք է գնա տվյալ երկիր եւ ընկերություն հիմնադրի` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան` դա լինի Ղազախստանում, Բելառուսում կամ Հայաստանում: Ի դեպ, ընկերություններ ամենահեշտ ու արագ գրանցվում են Հայաստանում: Կապիտալի, աշխատուժի տեղաշարժի առումով պարզեցումներ ԵՏՄ-ն տվել է, բայց կոնկրետ գրանցումը` ընկերության հիմնադրումը, տվյալ երկրի ազգային օրենսդրությամբ է կարգավորվում:
- Ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված` որոշակի խնդիրներ են առաջացել արտահանման շուկայում, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
- Այդ խնդիրներն արդեն բավական ժամանակ է, ինչ կան. այն օրվանից, երբ ռուսական ռուբլին սկսել է անկում ապրել: Դոլարով կնքված պայմանագրերը ռուսական կողմին ձեռնտու չեն, իսկ ռուբլով կնքված պայմանագրեր` ձեռնտու չեն մեր երկրին: Հետեւաբար, այս պահին որոշակի սպասողական վիճակ է առաջացել` իհարկե որոշ մասով, քանի որ ամբողջությամբ չի դադարել այդ գործընթացը: Այսինքն, այո, պակասել են ՌԴ արտահանման ծավալները, բայց չեն դադարել: Օրինակª կոնյակի արտահանումը ամբողջությամբ չի դադարել, պարզապես պակասել է: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ճշգրտումներ կգնան, ու այդ խնդիրը կկայունանա, որովհետեւ դրա ազդակներն արդեն իսկ, կարծես թե, երեւում են ՌԴ-ի տնտեսությունում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

