ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ "ԱԳՐԵՍՈՐԻ" ԼԵԶՎՈՎ
Մեր տեղեկություններով` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան անունից շատ տարօրինակ էլեկտրոնային նամակներ են տարածվում, որոնք ավելի շատ նման են պրովոկացիայի, քանի որ այդ նամակները հեռու են դիվանագիտական էթիկայից նույնքան, որքան խոզի սալը` դիետայից: Ճշտելու համար, թե արդյոք դեսպանատունը կապ ունի վերոնշյալ նամակների հետ, զանգահարեցինք ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն եւ, բնականաբար, զրույցը սկսեցին ՀՀ պետական լեզվով: Հեռախոսի մյուս կողմից մեզ հրամայեցին. "գովորիտե պո-ռուսկի":
Երբ մենք նշեցինք, որ չենք տիրապետում այդ օտար լեզվին, մեր վրա Ուկրաինայի դեսպանատան աշխատող տիկինը սկսեց բղավել. "Ռուսկի՜": Տարօրինակ իրավիճակ է, ստացվում է, որ Ուկրաինան, որը Ռուսաստանին հայտարարում է ագրեսոր, իրենց դեսպանատների այցելուներին պարտադրում է իրենց հետ շփվել "ագրեսորի" լեզվով: Դե, իսկ տարրական կուլտուրայի մասին կարելի է չխոսել, էլ ուր մնաց վերոնշյալ դեսպանատան` մեր երկրի պետական լեզվի նկատմամբ հարգանքի մասին: