Ի՞ՆՉ Է Ի ՎԵՐՋՈ ՈՒԶՈՒՄ "ԲՀԿ+"-Ը
Արխիվ 12-16Ի՞ՆՉ Է Ի ՎԵՐՋՈ ՈՒԶՈՒՄ "ԲՀԿ+"-Ը
Եվ այսպես, խորհրդաժողովը կայացավ` շքեղագույն հյուրանոցում: Մասնակիցների կազմը` բացի ԲՀԿ-ից, "Ժառանգության" կողմից Ռուբիկ Հակոբյան եւ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ խմբակցությունից` Լյուդմիլա Սարգսյան, որը ներկայացավ որպես ՍԴՀԿ, իսկ մնացածը, բացառությամբ մի քանի հանրորեն հայտնի մարդկանցից, քաղաքական եւ հասարակական-քաղաքական խառախուռա` Կարապետիչի եւ նախագահի հավերժական թեկնածու Արամ Հարությունյանի տիպի: Թե խորհրդաժողովի փաստաթղթերում քանի կուսակցություն կամ ՀԿ ներկայացված են որպես այդպիսին, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ հանրային կշռի տեսակետից դրանք բոլորը զրո ամբողջ են, ու միակ ռեալ ուժը` ե՛ւ քաղաքական հնարավորությունների, ե՛ւ ֆինանսատնտեսական ռեսուրսի տեսակետից, մնում է ԲՀԿ-ն: Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը նիստերից մեկը վարող Լյուդմիլա Սարգսյանին էլ դիտողություն արեց, որ պետք է կամ ինքը ներկայացնի ելույթ ունեցող կուսակցապետերին, կամ պարտավորեցնի ինքնաներկայանալ, քանզի դահլիճը դրանցից շատերին չի էլ ճանաչում:
ՋՐԲԱԺԱՆԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ,
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Լեւոն Ակոպիչն իր ամբողջ թիմով հանդերձ, հավատարիմ մնաց իր մոտեցմանը, եւ դահլիճում ՀԱԿ` որպես այդպիսին, չկար: "Ժառանգությունն" էլ իր առաջնորդով չներկայանալով` որոշակիորեն սահմանազատվեց ԲՀԿ-ից, իսկ ելույթ ունեցող խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խոսելով ընտրակեղծիքների մասին` շեշտեց, որ դրանց հիմնադիրը Տեր-Պետրոսյանն է: Ի դեպ, ոչ ոք չգիտի էլ, թե երբ տեղի կունենա "եռյակի" նիստը եւ արդյոք տեղի կունենա:
Հետեւաբար, լուրջ քաղաքական ուժերի այդ ֆորմատում պետք է նշել միմիայն ԲՀԿ-ին, ու հետագա զարգացումները պայմանավորված են լինելու զուտ ԲՀԿ-ով, քանզի քաղաքական "իքիբիրների" մոտեցումները հետաքրքիր չեն ոչ հանրությանը, ոչ էլ ԲՀԿ-ին: Մի անգամ ելույթ ունեցան կամ չունեցան խորհրդաժողովին, իրենց ներկան ստացան, իսկ մնացյալը` արդեն ԲՀԿ-ի բարեհաճության հարցն է, թե "համաժողովրդական շարժման" շտաբներում ինչ նրանց կհանձնարարվի եւ ինչքան ֆինանսական ռեսուրս կթույլատրվի տնօրինել: Ինչ վերաբերում է այդ շտաբներին, ապա ըստ Գագիկ Ծառուկյանի. "Ես գիտեմ, որ Ձեզնից շատերն ակտիվորեն մասնակցում են ձեւավորված համազգային շարժման շտաբների աշխատանքներին: Բացելով այդ շտաբները` մենք մի քանի կարեւոր խնդիր էինք դրել` լինել մարդկանց կողքին, լսել մարդկանց, այս դժվար պայմաններում մեր քաղաքացուն երբեք չթողնել մենակ, մեր հետագա քայլերը մշակելիս` հենվել մեր հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների եւ պահանջների վրա": Իսկ դրանց նպատակը. "Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում եւ համապետական հզոր հանրահավաք` Երեւանում: Մեր դիրքորոշումը հստակ է` ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար":
Իսկ որպես հեռահար խնդիր` դրված է համապետական ընտրություններում հաղթելը. "Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այսօրվա, թերեւս, ամենակարեւոր ուղերձի վրա: Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նո՛ր մարդկանցից` կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, եւ հենց նրանք պետք է լինեն նոր եւ ուժեղ Հայաստանի դեմքը: Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ, կամ մի անձին` մյուսով: Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ եւ չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը": Սակայն ոչ ցանկացած ընտրություն է բավարարում ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին. "Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձեւավորմանը, մերժելով` առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման` սահմանադրական փոփոխությունների փորձերը": Թե ինչ բացատրություններ են տրվում սահմանադրական փոփոխություններին դեմ լինելուն` կարեւոր էլ չէ, բուն նպատակը թափանցիկ է` պահպանել ՀՀ նախագահի ուղղակի ընտրությունը` իր ներկայիս լիազորություններով հանդերձ ու թույլ չտալ անցում խորհրդարանական մոդելի, որի դեպքում իշխանական պրակտիկորեն բոլոր լծակները կլինեն ԱԺ-ում մեծամասնություն ստացած կուսակցության ձեռքում: Իսկ որ 2017-ին ՀՀԿ-ն կպահպանի ԱԺ մեծամասնությունը, մեր երկրում ոչ մի լուրջ մարդ կասկածի տակ չի դնում:
Այնուամենայնիվ, հնչեց եւ իշխանափոխության սպառնալիք. "Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ` պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի": Բայց պետք է ուշադրություն դարձնել` ԲՀԿ առաջնորդն ասաց` ոչ թե "մենք պահանջելու ենք", այլ "ժողովուրդներն ունենում են", այսինքն` ֆորմալ առումով տեսական պնդում արվեց, այն էլ ոչ անպայման հայ ժողովրդի օրինակով: Բավականին հարմարավետ դիրքորոշում` եթե աշխարհաքաղաքական եւ այլ հանգամանքներով պայմանավորված` իշխանությունը միանգամից վերցնելու շանս լինի, ապա այդ շանսը կօգտագործվի, այլ հարց է` միայն "ԲՀԿ+"-ով, թե` Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ: Իսկ եթե հանգամանքները այլ լինեն, ապա հանգիստ կարելի է պնդել, որ երբեւէ արտահերթ ընտրությունների պահանջ չի էլ դրվել:
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ
Ի դեպ, նույն "ԲՀԿ+"-ի եւ/կամ Ռոբերտ Քոչարյանի քարոզչամիջոցները լավ էլ ամենակոշտ բառապաշարով սերմանում են հակաիշխանական տրամադրություններ եւ հնչեցնում ժամ առաջ "ռեժիմից ազատվելու" կոչեր: Նույն գործին լծված են եւ ԼՏՊ-ին սպասարկող քարոզչամիջոցները:
Իսկ ինչ վերաբերում է արեւմտամոլներին, ապա սանձարձակ քարոզչության անմարսելի "դոզաները" կան ու կան, սակայն կոնկրետ գործողությունների որեւէ կոնկրետ քաղաքական ֆիգուր կամ գրանտածիծ ՀԿ-ի ղեկավար ժողովրդին չի կանչում:
Բացառություն է միայն "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալը: Այդտեղի գործիչները, զորօրինակ, փորձել էին Բերձորում ջարդուխուրդ արած մեքենաները հավաքել Հանրապետության հրապարակում եւ "բացօթյա ասուլիսի" անվան տակ աղմկարար ակցիա անցկացնել: Բուն բերձորյան միջադեպն էլ առիթ դարձավ, որպեսզի քարոզչական դաշտում սանձազերծվի ամենակեղտոտ հակաարցախյան հիսթերիան, սակայն ԶԼՄ-ի կարգավիճակ ունեցողներն այդ հարցում զգույշ են, եւ ամբողջ բեռը տեղափոխված է "Ֆեյսբուք"` գումարած նաեւ բերանացի ասեկոսեներ տարածող ակտիվիստները: Ու նաեւ բավականին պարզ հնչեց, թե ինչու "Հիմնադիր խորհրդարանը" պատրաստվում է "ռեժիմը հեռացնել" հենց ապրիլի 24-ին` զուտ այն պատճառով, որ այդ օրը մայրաքաղաքում տեսախցիկները շատ-շատ են լինելու, ինչը եւ պիտի որ կաշկանդի ոստիկանության գործողությունները:
Սակայն քարոզչական դաշտում "Հիմնադիր խորհրդարանի" դիրքերն այնքան էլ շահեկան չեն, եւ նրանք աստիճանաբար տանուլ են տալիս տեղեկատվական-հոգեբանական պատերազմը: Այդ հարցում բավականին մեծ ներդրում ունեցավ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով հեռուստաեթերում պատմեց մանրամասները, թե ինչպես դեռ դեկտեմբերին Ժիրայր Սէֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Էմիլ Աբրահամյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել Բակո Սահակյանի եւ Արցախի ամբողջ ուժային բլոկի ներկայացուցիչների հետ, ու ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսով ավտոերթեր դեպի Արցախ չեն լինի: Բայց, ինչպես փաստեց Արթուր Աղաբեկյանը, հաջորդ իսկ օրը կայքերում եւ սոցցանցերում "Հիմնադիր խորհրդարանը" սկսեց տարածել միանգամայն այլ բաներ, այսինքն` հենց ազատամարտիկների եռյակը վերադարձավ Երեւան, նրանց ձեռքբերված պայմանավորվածությունները "Հիմնադիր խորհրդարանում" չեղյալ հայտարարվեցին: Նաեւ թվարկվեց, թե քանի-քանի հեղինակավոր մարդիկ հորդորել են Սէֆիլյանին` արդեն հունվարին չդիմել ավտոերթի պես անխոհեմ քայլի, առավել եւս Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության կտրուկ աճի պայմաններում, բայց... ավտոերթի փորձն արվեց:
Ոչ պակաս համոզիչ էր եւ Պարգեւ Սրբազանի ելույթը, ում հեղինակությունը բավականին բարձր է: Գումարած դրան, "Ֆեյսբուքում" լույս աշխարհ եկան նաեւ որոշ կոմպրոմատներ` "Հիմնադիր խորհրդարանի" հետ կապված:
Արդյունքում "Հիմնադիր խորհրդարանի" տեղեկատվական-քարոզչական գրոհը ձախողվեց, եւ ավելին` սկսվեց հակագրոհը, եւ այժմ հանրային կարծիք ձեւավորելու տեսակետից ժամանակն աշխատում է իրենց դեմ: Գումարած դրան, նույն Ժիրայր Սէֆիլյանն ու այլ ազատամարտիկները, ելնելով սեփական կենսագրությունից, չէին կարող եւ իրենք չպահանջել դադարեցնել հակաարցախյան քարոզչությունը ու, բնականաբար, այդ կոչերը անհապաղ ամենալայն լսարանն ունեցան:
Ինչ ստացվեց արդյունքում` այն, որ հանրությունը գնալով ավելի ու ավելի է տրամադրվում ընդդեմ "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսի, եւ եթե, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին փողոցային գործողությունների փորձ արվի, թերեւս ոստիկանությունն արդեն ստիպված կլինի "Հիմնադիր խորհրդարանին" պաշտպանել ժողովրդի զայրույթից: Սակայն ամենեւին չեն խանգարի միջոցները, որոնք անհնարին կդարձնեն բուն ակցիաների փորձերը` որպես այդպիսին: Որովհետեւ ե՛ւ Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված պետական քայլերի արդյունավետության տեսակետից, ե՛ւ բարոյահոգեբանական ու այլ դիտակետերից հույժ անցանկալի է ունենալ տեսարան, թե ինչպես ապրիլի 24-ին հայերը Երեւանում բախվում են հայերի հետ: Ու այդտեղ բոլորովին էլ կարեւոր չէ, թե ովքեր կլինեն ծեծողներն ու ծեծվողները: Կարեւորը, որ նման բան ընդհանրապես չլինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

