ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԵՆՔ
Արխիվ 12-16ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԵՆՔ
2500-րդ անգամ ընթերցողների հետ հանդիպելը համընկավ մի ժամանակահատվածի հետ, երբ ԵԽԽՎ մակարդակով եւ տարատեսակ արտերկրյա կառույցների աջակցությամբ համասեռամոլության լոբբիստները պահանջում են ՀՀ իշխանություններից տոտալիտար ճնշումներ գործադրել մեր թերթի դեմ:
Երբ 1989-ին ԽՍՀՄ պայմաններում սկսել էինք "Իրավունքի" լույսընծայումը, մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ քառորդ դար անց "քաղաքակիրթ Եվրոպայից" կհնչեն այնպիսի տոտալիտար պահանջներ, որոնց համեմատ սովետական պարտադրանքները մանկական թոթովանք են թվում:
Սակայն մեր ընթերցողները այդ ճնշումների մասին իմանալուն պես, միանգամից կանգնեցին մեր կողքին: Հազարավոր մարդիկ բոլոր հասանելի հաղորդակցության միջոցներով` հեռախոսազանգերով, փոստային եւ էլեկտրոնային նամակներով, "Ֆեյսբուքի" եւ այլ սոցցանցերի միջոցով հայտնում են իրենց զորակցությունը եւ փաստացի ասում են` "Մենք բոլորս "Իրավունք" ենք": Եթե ահաբեկչական ճնշումներին ամբողջ Ֆրանսիան պատասխանեց "Մենք բոլորս "Շառլի" ենք", տեր կանգնելով խոսքի եւ կարծիքի ազատությանը, ապա այսօր պաշտպանելով այդ նույն հիմնարար արժեքները, Հայաստանն է պատասխանում գենդերային ֆաշիստներին` "Մենք բոլորս "Իրավունք" ենք":

