ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «1995-1996 ԹԹ-Ի ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՄ ԽՈՍԵԼ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «1995-1996 ԹԹ-Ի ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՄ ԽՈՍԵԼ»
Եվ այսպես` երեկ «Մուլտի Գրանդ» շքեղ հյուրանոցում տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ կազմակերպված ԲՀԿ խորհրդաժողովը, որի նպատակն էր քննարկել համաժողովրդական շարժման առաջիկա անելիքներն ու կազմել ճանապարհային այն քարտեզը, որով առաջնորդվելու է շարժումը:
Խորհրդաժողովի ընթացքում ներկաների աչքից չվրիպեց այն, որ «Ժառանգության» փոխնախագահն ու խմբակցության ղեկավարը հիշեցին 1995-1996 թթ-ի կեղծված ընտրությունները, որոնց պատասխանատուն ՀՀՇ- էր ու նրա առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Խորհրդաժողովին եռյակի ուժերից մասնակցում էր միայն «Ժառանգությունը» ու ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ը դեռ դեկտեմբերին հայտարարել էր, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, քանի որ գոյություն ունի «եռյակի» առաջնորդների ձեւաչափը:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք ճիշտ է խորհրդաժողովից բացակայող ուժի ետեւից խոսել: «Ես այս մասին միշտ խորհրդարանում եմ խոսել, որտեղ ՀԱԿ-ը ներկա է եղել: Բացակայության խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ` համոզիչ լինելու համար ճշմարտությունը պետք է ամբողջությամբ ներկայացվի»,- պատասխանեց պրն Հակոբյանը:
«Ժառանգության» խմբակցության ղեկավարի խոսքով, եթե խոսում ենք կեղծված ընտրությունների մասին, ապա պետք է երեւույթի մասին ամբողջական խոսել. «Ես եղել եմ ականատեսն ու վկան: Իշխանազավթումը ձեւավորվեց հենց 1996-1996 թթ-ից, եւ տարիների ընթացքում այն կատարելագործվեց»:
Եթե խորհրդաժողովին ներկա լիներ ՀԱԿ առաջնորդը, արդյոք Ռուբեն Հակոբյանը դարձյալ կխոսեր 1996 թ-ին կեղծված նախագահական ընտրությունների մասին: «Կապ չուներ` ներկա կլինեին, թե ոչ: Ես խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայությամբ էլ, եթե անհրաժեշտ է լինում, խոսում եմ, այնպես, որ դա պարզ շահարկում է (նկատի ունի ՀԱԿ-ի բացակայությամբ նրա ետեւից խոսելը-խմբ.)»,-եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

