ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
Արխիվ 12-16ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԸ ԱՅՍՈՒՀԵՏ
ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
Կառավարությունը որոշել է կարգավորել հուղարկավորությունների կազմակերպման գործընթացը, քանի որ, ըստ Երեւանի փողքաղաքապետ Կամո Արեյանի բնակչությունը բազում բողոքներ ունի, երբ անսպասելի վայրերում սկսում են կազմակերպել հոգեհանգստի արարողություններ: Այսուհետ ավագանիներն են թույլ տալու այս կամ այն շինությունում կազմակերպել վճարովի հոգեհանգստի արարողությունները: Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում օրական միջինը 20 հուղարկավորություն է տեղի ունենում եւ այս պահին գործում են 12 առանձնացված շենքեր, որտեղ իրականացվում են հոգեհանգստի արարողություններ:
Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կարեւորեց այն եւ կոչ արեց կառավարությանը շարունակել ոլորտի կանոնակարգումը մասնավորապես, գերեզմանատների կազմակերպման առումով ուսումնասիրել միջազգային փորձը, քանի որ ներկայիս գերեզմանոցները, հատկապես հները, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, չունեն ճանապարհներ եւ հստակ հատակագիծ: Ի պատասխան Հ. Բաբուխանյանի խոսքին Կամո Արեյանը նշեց, որ կառավարությունը մշակում է ոլորտի կարգավորման մի շարք նախաձեռնություններ, սակայն երբեմն ժամանակի ընթացքում հին գերեզմանոցներում կուտակվել են այնպիսի խնդիրներ, որոնք առաջացրել են հակասություններ՝ գործող լավ օրենքի եւ տխուր իրականության միջեւ:
Ի դեպ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց կանոնակարգել հոգեհացի արարողությունը, սակայն այդ առաջարկը փողքաղաքապետի մոտ զարմանք առաջացրեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

