ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԵԼ ՁԵՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԵԼ ՁԵՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ»
ԲՀԿ խորհրդաժողովը րոպեներ առաջ մեկնարկեց: Բացման խոսքով նախ հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ով հույս հայտնեց, որ կլինի շահագրգիռ քննարկում: Նրա խոսքից հետո խոսքով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով` շտաբային աշխատանքներն անհրաժեշտ էին, դրանց շնորհիվ հնարավոր եղավ իմանալ հասարակության տրամադրությունները:
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ երկրում առկա խնդիրներին, ապա ասաց, որ մեր ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին: Մեկ անզգույշ բառ կարող է մարդկանց հանել փողոց, եւ դա կլինի անկառավարելի:
ԲՀԿ առաջնորդն ասաց, որ առաջիկայում թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հանրահավաքներ տեղի կունենան: «Մենք առաջ ենք շարժվում մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվության նոր զգացումով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա անդրադարձավ նաեւ «քառյակի» կողմից կառավարությանը ներկայացրած 12 կետերի մասին: «Մեզ հաճալխ ասում են` ինչու 12 կետ, այլ խնդիրներ չկան: Ես ասում եմ` մեր երկրում 112 խնդիր կա, բայց մենք առաջ քաշեցինք ամենակարեւոր 12 խնդիր»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
ԲՀԿ ղեկավարի խոսքով` մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն` նոր մարդկանցից կազմված, որոնք կլինեն կրթված:
«Պաշտոնապես հրավիրում եմ աշխարհի տարբեր ծայրերում ապրող բարձրակարգ հայ մասնագետների` թիմ կազմելու համար: Եկեք եւ ձեր ունակությունները դրեք ի նպաստ հայրենիքի: Պատրաստ եմ իմ անձնական միջոցներից ապահովել ձեր բարեկեցությունը»,- հայտարարեց պրն Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ եթե իշխանությունները մերժեն իրենց պահանջները, ապա ժողովրդին կմնա մեկ բան`պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

