«ԳՈՆԵ ՄԻՆՉԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ԵԿԵՔ ԻՐԱՐ «ՄԻՍ ՉՈՒՏԵՆՔ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ԳՈՆԵ ՄԻՆՉԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ԵԿԵՔ
ԻՐԱՐ «ՄԻՍ ՉՈՒՏԵՆՔ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Հանդես գալով "Sputnik-Արմենիա" ռադիոկայանով, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ օրըստօրե բարդացող միջազգային իրավիճակը, այդ թվում Հայաստանի շուրջ խտացվող իրադարձությունները, սահմանների վրա լարվածության աճը օրվա հրամայական է դարձնում ազգային միաբանությունը եւ ազգային միասնական օրակարգի ձեւավորումը. "Երբ մենք եղել ենք ոչ միասնական, երբ բաժանվել ենք տարբեր իրարամերժ խմբերի, երբ իշխանները դուրս էին գալիս կենտրոնական իշխանության դեմ, մենք կորցնում էինք մեր պետականությունը, սարսափելի հարվածներ ստանում, որոնցից դարեր շարունակ չէինք կարողանում վերականգնվել":
Հայկ Բաբուխանյանը ՍԻՄ կուսակցության անունից կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին, մեծ պահքի շրջանում, այսինքն` սկսած փետրվարի 15-ից մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը` ապրիլի 24-ը, հայտարարել ազգային միասնության ժամանակաշրջան, որի ընթացքում ձեռնպահ մնալ ներքաղաքական հակադրություններից եւ բոլոր ուժերը ներդնել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պատժի վրա. "Կոչ եմ անում գոնե այս երկու ամիսը, մեր ազգային էներգիան չծախսենք մեկս մյուսի դեմ: Գոնե այս ընթացքում հայը հայի միս չուտի: Ժողովրդի լեզվով ասած` հերիք է իրար տակ փորենք: Մեր համազգային էներգիան միավորենք եւ ուղղենք արտաքին թշնամիների դեմ, իսկ պահքի շրջանում միասին աղոթենք Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության եւ հայ ազգի հանդեպ արդարության վերականգնման համար":
Այսինքն` ՍԻՄ նախագահն առաջարկում է փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 24-ը հայտարարել ազգային միասնության շրջան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

