«ԱՆԳԱՄ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆ ԿՈՉՎԱԾԸ ՉԷՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՐՈՒՆ»
Արխիվ 12-16«ԱՆԳԱՄ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆ ԿՈՉՎԱԾԸ
ՉԷՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՐՈՒՆ»

2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերին նվիրված «Անավարտթռիչք» ֆիլմ-մելոդրաման դեռ մեծ էկրաններ չբարձրացած` արդեն հասցրել է հասարակության կողմից քննադատությունների առիթ հանդիսանալ: Այս անգամ կիզակետում գլխավոր հերոսուհին է` ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ում համար «Անավարտ թռիչքը» դեբյուտային է: «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհին ասաց, որ չնայած իր մարմնավորած կերպարի դժվարություններին, այն հոգեհարազատ է իրեն:
«ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑ ԷՐ ՊՈԿԵԼ»
- Տաթեւ, «Անավարտ թռիչքը» Ձեր դեբյուտն է ֆիլմում, դժվար չէ՞ մուտք գործել բարդ կերպարով:
- Իհարկե դժվար է, անգամ դժվար է գտնել բառեր` դժվարությունը մեկնաբանելու համար: Բայց կողքիս կային մարդիկ, ովքեր հավատում էին ինձ, գլխավորապես ռեժիսոր Ելենա Արշակյանը: Մենք հաղթահարեցինք ճանապարհը, որը բարդ էր, որը պահանջում էր անքուն գիշերներ եւ հասանք ճանապարհի վերջին:
- Ֆիլմը դեռ էկրաններ դուրս չեկած` արդեն սկսել են «հոշոտել» Ձեզ, իբրեւ թե, մի քանի բաց տեսարանների համար: Արդյո՞ք ֆիլմում կան այդ բաց տեսարանները, թե դա հասարակության երեւակայության արդյունքն է ու հեքիաթի ժանրից վերցված:
- Այս հարցի պատասխանն ավելի երկար կլինի: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, սկսեցի կրթվել այդ միջավայրում եւ ստեղծագործել, համբերությամբ սպասելով ֆիլմի այն սցենարին, երբ ինքս ինձ կասեմ` քոնն է,
եւ անմնացորդ կտրվեմ գործիս` ինչպես թատրոնում: Եվ ահա մի օր ստանում եմ հրավեր, կարդում եմ Անահիտ Մխիթարյանի սցենարը եւ զարմանում, որ իմ ձեռքում երկար սպասված սցենարն է` գրված գեղեցիկ, էսթետիկ, սերը ներկայացված այնքան աննյութական, որ անգամ բաց տեսարան կոչվածը, չէր համապատասխանում այդ նկարագրված սիրուն, այդ տեսարանը դիտում էի որպես նույն գեղեցիկ սիրո յուրօրինակ շարունակություն: Իմ ձեռքում կերպար էր, որ կարծես սցենարիստը իմ ներաշխարհից էր պոկել: Ինձ բացարձակ չանհանգստացրեցին նման հարցերը: Քանի որ սցենարի գեղեցիկ նկարագրությունը վստահաբար գիտեի, որ նույն կերպ էսթետիկ եւ գեղեցիկ նկարելու է ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը, ում հետ բարդ օրեր ենք ունեցել նկարահանումներին, բայց իրար հավատալով` հաղթահարել ենք: Իրականում, նկարահանումներից առաջ եւ ընթացքում ինձ մտահոգել է միայն մեկ բան` որպես դերասանուհի` կերպարիս ու հույզերիս ճիշտ մատուցումը, որ կարողանամ ավելորդ հույզերը վանել կերպարիցս: Իսկ թե ինչպիսին է արդյունքը, երբեք ինքս չեմ ունենա դրա պատասխանը: Այդ պատասխանները կտա հանդիսատեսը` փետրվարի 20-ից հետո:
«ՄԵՐ ՏԱՆԸ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՄԵՆԱԹԵԺ ՔՆՆԱՐԿՎՈՂ
ԹԵՄԱՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ»
-Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունում այդ քննադատությունները, եւ արդյո՞ք նրանք էլ դեմ չեն եղել, որ նման կերպարով հանդես գաք:
- Նրանք իմ ծնողները լինելուց բացի, իմ ամենալավ ընկերներն են, խորհրդատուները, քննադատները: Մեր տանը իմ աշխատանքը միշտ ամենաթեժ քննարկվող թեմաներից է եղել, ինչ է պետք անել, ինչը` չանել: Բայց ծնողներս երբեք դեմ չեն եղել իմ հստակ կայացրած որոշումներին: Ֆիլմում նկարահանվելը այդ որոշումներից մեկն էր: Իսկ քննադատությունները նրանք ընդունում են նույնքան առողջ, որքան դրական կարծիքները:
«ԵՐԲ ԿԵՐՊԱՐԴ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻԴ»

-Ելենա Արշակյանն ասում է, որ անասելի ապրումներ է ունեցել թե՛ օդանավում, թե՛ արդեն Սոչիում` նկարահանումների պահին: Այդ անհանգստությունը փոխանցվե՞լ է նաեւ Ձեզ, եւ Դուք ի՞նչ ապրումներ ունեիք` նման ճակատագրի արժանացած հերոսների կերպարը մարմնավորելիս:
- Երբ մարմնավորում ես կերպար, որը հորինված է, երեւակայել եւ ստեղծել կերպարդ` իր բարդությունն ունի, իսկ երբ կերպարդ իրական է ու ապրում է կողքիդ, դա մեկ այլ բարդություն է: Փորձում էի չհորինել, այս դեպքում զգալ` ինչ է զգացել իրական հերոսուհին, փորձում էի սեփական մաշկիս վրա զգալ կորուստը: Սոչիում նկարահանումներն իրոք բարդ էին: Հոգեբանորեն բարդ էր ե՛ւ թռիչքը, ե՛ւ վայրէջքը: Կարծում եմ` ես եւ Ելենան իրար լուռ հասկանում էինք:
«ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԻՄ ՄԻՋՈՑՈՎ ԿԶԳԱՔ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ»
-Որքան գիտեմ, իրական հերոսուհին, ում մարմնավորել եք, օգնել է սցենարային հարցում, իսկ Դուք խորհրդակցե՞լ կամ շփվե՞լ եք նրա հետ, որպեսզի ավելի լավ կերտեիք կերպարը:
- Այո, իրական հերոսուհին օգնել է սցենարի հարցում, շատ է օգնել նաեւ ինձ: Բայց հանդիպման մանրամասները ուզում եմ մնա միայն ինձ: Հուսով եմ` իրական հերոսուհու ներկայությունը իմ միջոցով կզգաք էկրաներին:
«2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՈԼՈՐՍ ՈՒՆԵՑԱՆՔ ԿՈՐՈՒՍՏ...»
-Իսկ սցենարում Ձեզ համար կայի՞ն հարազատ պահեր:
- Սերը, հույզերը... Յուրաքանչյուրս ունենք անավարտ թողած զգացմունքներ: Հերոսները անավարտ պատմություն են թողնում` դժբախտ պատահարի հետեւանքով: Ինձ հարազատ են ճակատագրական պատահականությունները: Եվ, առհասարակ, կարծում եմ, ֆիլմի թեման հարազատ է բոլորին, որովհետեւ 2006 թվականին բոլորս ունեցանք կորուստ` կորցրինք մեր կողքին ապրող մարդկանց:
«ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՐԾԵՍ ԸՆՏԱՆԻՔ ԼԻՆԵԻՆՔ»

- Նկարահանման հրապարակում հարաբերություններն ինչպե՞ս էին` արդեն կայացած դերասանների` Լուիզա Ղամբարյանի եւ Սերժ Ավետիքյանի հետ: Ի՞նչ խորհուրդներ եք լսել նրանցից:
- Նկարահանման հրապարակում կարծես ընտանիք լինեինք: Ժլատ կգտնվեմ եւ չեմ բացահայտի շատ արժեքավոր խորհուրդներ, որ տվել են նրանք: Միայն կասեմ, որ շատ են օգնել ու ուժ տվել, եւ որ ամենակարեւորն է` նրանք դա այնքան աննկատ էին անում, որ հավատայիր, թե ինքդ արեցիր, իրենք չօգնեցին: Ինչպես երեխային հավատացնում են, որ քայլում է ինքնուրույն` մինչեւ իրոք սկսում է քայլել:
«ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԵՐԲԵՔ ՊԱՏՃԱՌ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԵԼՈՒ»
- Տաթեւ, այս ընթացքում միակ դրական բանը, որ լսել եմ ֆիլմի մասին` դա Ձեր ու Լուիզա Ղամբարյանի նմանության մասին է եղել, որ ճիշտ ընտրություն է կատարվել, դրանից, կարծում եմ, չեք բարդույթավորվում, քանի որ նախկինում էլ Ձեզ նմանեցնում էին նաեւ Նազենի Հովհաննիսյանին:
- Երկու դեպքում էլ երբեք պատճառ չեմ ունենա բարդույթավորվելու: Գեղեցկուհի երկու կին, կարծում եմ, դա հաճոյախոսություն է: Չնայած, չեմ գտնում ոչ մի նմանություն Նազենիի հետ: Իսկ Լուիզայի դեպքում, գովելի է ռեժիսորի սուր աչքը` մայր, դուստր: Ելենան իր գործում միշտ հեռատես է:
- Դուք մինչ այս, ներկայացումներով էիք հանդես գալիս, իսկ այս ֆիլմից հետո ո՞րն է դարձել հոգեհարազատ` կինո՞ն, թե՞ թատրոնը:
- Մենք խոսում ենք երկու տարբեր աշխարհների մասին, եւ երկուսն էլ ինձ շատ հոգեհարազատ: Նկարահանումներից հետո անմիջապես վերադարձա թատրոն, հիմա
կարոտում եմ կինոն, պարադոքս է: Երկու տեղում էլ կուզեի լինել միաժամանակ:
«ԿՓՈՐՁԵՄ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԹՌԻՉՔՆԵՐՍ»
- Իսկ Ձեր կյանքում կա՞ որեւէ անավարտ թռիչք, որ մի օր հաստատ ավարտին կհասցնեք:
- Մեկ թռիչք չէ, որ կյանքումս մնացել է անավարտ: Բայց սպասում են իրենց ավարտին: Կփորձեմ ավարտին հասցնել բոլոր թռիչքներս, միշտ հիշելով, որ յուրաքանչյուր թռիչք ունի իր անկումը եւ յուրաքանչյուր անկում` իր թռիչքը:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

