"ՑԱՎՈՔ, ՔԻՉ ՉԵՆ ԴԵՊՔԵՐԸ, ԵՐԲ ՔԿՀ-ՆԵՐ ԵՆ ԹԱՓԱՆՑՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ"
Արխիվ 12-16"ՑԱՎՈՔ, ՔԻՉ ՉԵՆ ԴԵՊՔԵՐԸ,
ԵՐԲ ՔԿՀ-ՆԵՐ ԵՆ ԹԱՓԱՆՑՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ"
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ¥ԱՆ ՔԿՀ¤ դատապարտված եւ կալանավորված անձանց թվի անկում է նկատվում: "Նվազումն առկա է նաեւ փակ եւ կիսափակ ռեժիմային տիպի հիմնարկներում, մասնավորապես, փակերում նվազել է 30-ով, իսկ կիսափակերում` 231-ով: Սա պայմանավորված էր, թերեւս, 2013 թ. իրականացված համաներմամբ: Դատապարտյալների թիվը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց մասով նույնպես նվազել է: 2014-ին 49 կալանավորված կին է եղել, իսկ 146` դատապարտված կին: Անչափահաս տղաները 11-ն էին, նույնքան էլª դատապարտվածները",- ամփոփելով 2014 թվականը` ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ: Անդրադառնալով անցած տարի ՔԿՀ-ում կատարված աշխատանքներին, հանցագործությունների` մեծ թիվ կազմող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ՔԿՀՎ պետը մասնավորապես նշեց.-Ցավոք, դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներ են թափանցում տարբեր տեսակի թմրանյութեր, թմրամիջոցներ եւ այլ արգելված առարկաներ: Հայտնաբերումների իմաստով ունենք դրական ցուցանիշ, շատ ավելի մեծ քանակությամբ արգելված առարկաներ ենք հայտնաբերել անցած տարի. ոգելից խմիչքներ, հեռախոսներ, թմրամիջոցներ:
- Պարբերաբար խոսակցություններ են լսվում ՔԿՀ-ների ծառայողների ապօրինությունների մասին...
- Քրեակատարողական ծառայությունում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել, ծառայողական քննություններ: 2014-ին 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության, 24 աշխատող ազատվել է աշխատանքից: Ովքեր օրենքից դուրս լիազորություններ են բանեցնում կամ փորձում են շրջանցել օրենքը, պետք է ծառայությունից ազատվեն կամ նրանց նկատմամբ պետք է կիրառվեն խիստ կարգապահական բնույթի միջոցառումներ:
- Արդեն բավական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ "Դատապարտյալների" հիվանդանոցում եւս ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հնարավոր է, որ հիվանդանոցի տնօրենը պաշտոնանկ արվի: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
- Ստուգումներն իրականացվել են նախորդ տարի` դատախազության կողմից: Դրանք հերթական պլանային ստուգումներ են եղել, որոնց արդյունքում արձանագրվել են որոշակի խախտումներ: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնանկ լինելուն, նախ նշեմ, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես ցանկացած այլ ծառայություններում, գոյություն ունի ռոտացիոն սկզբունք, եւ ցանկացած ժամանակ` ժամկետը մոտենալուն պես, տվյալ պաշտոնատար անձը կարող է ռոտացիայի ենթարկվել: Զուտ ստուգումներով պայմանավորված` պաշտոնանկություն գոյություն չունի:
- Ըստ ձեզ` "Արմավիր" ՔԿՀ-ի շահագործումը լիովին կվերացնի՞ դատապարտյալների հարազատների եւ փաստաբանների կողմից անընդհատ բարձրաձայնվող խնդիրը, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնված վիճակ է, եւ դատապարտյալները ստիպված են լինում ժամերով քնել:
- Միանշանակ այո, որովհետեւ մենք ունենք չորս ՔԿՀ-ներ այսօր` որոնց լրակազմերի եւ գերբնակեցվածության հետ կապված` որոշակի խնդիրներ են առաջանում: Իհարկե, մենք պարբերաբար փորձում ենք խնդիրը լուծել, բայց դա ավելորդ աշխատանք է, որովհետեւ իրականացնում են տեղաբաշխումներ մի ՔԿՀ-ից մյուսը, որպեսզի խախտումներ չլինեն լրակազմի հետ կապված: Եվ "Արմավիր" ՔԿՀ-ի կառուցման հիմնական նպատակն այն է, որպեսզի չունենանք գերբնակեցված ՔԿՀ-ներ: Առաջիկա երեք ամիսների ընթացքում որեւէ ահազանգ կամ մտահոգիչ երեւույթ չենք ունենա այս առումով:
- Հաճախ են տարբեր միջազգային ՀԿ-ներ խոսում, որ հայաստանյան ՔԿՀ-ներում աղանդավորների եւ համասեռամոլների կյանքը շատ դաժան է: Խնդրում եմ պարզաբանեք վերոնշյալը:
- Պետք է նշեմ, որ իմ կողմից հանձնարարական է տրված, որ բոլոր դատապարտյալների նկատմամբ լինի հավասար, առանց խտրականության մոտեցում: Եվ ցանկացած դատապարտյալի, ով որոշակի վարքագիծ է դրսեւորում, նրա նկատմամբ պետք է լինի համապատասխան պատիժ, ինչը թույլատրելի է քրեակատարողական օրենսդրությամբ: Ինչ վերաբերում է պայմաններին, ես կարծում եմ, որ հնարավոր են առանձին դեպքեր, երբ կլինեն այլ մոտեցումներ, բայց հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք շատ արագ տեղեկատվությանը տիրապետում ենք եւ շատ արագ արձագանքում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

