ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ "ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ "ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"
Նախօրեին հարկային մարմինների ներկայացրած 2014թ. հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկի առաջատարների մասով, թերեւս, դժվար է նոր բան ասել: Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք տարիներ շարունակ այդ դիրքերում են, ու միայն պարբերաբար իրար հետ փոխվում են տեղերովª կախված տվյալ բիզնեսը տարեկան որոշակի առանձնահատկություններից:ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄՈՏ ՍՏԱՆԴԱՐՏ ՎԻՃԱԿ Է
Այս անգամ առաջատարը "Գազպրոմ Արմենիան" է, որը ոչ միայն մեկ հորիզոնականով բարելավել է նախորդ տարվաª 2013թ.-ի իր դիրքը, այլ նաեւ վճարած հարկերն է ավելացրել մոտ 6,8 միլիարդ դրամովª ընդհանուր ծավալը հասցնելով 42,8 միլիարդի: Փոխարենը` 2013-ի առաջատար "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն" է միանգամից երեք հորզոնականով եւ մոտ 18 միլիարդ դրամով զիջել իր դիրքերը: Այս անկումը, ի դեպ, սպասելի էր, եւ ամենեւին էլ պետք չէ կապել միայն համաշխարհային շուկաներում պղնձի եւ մոլիբդենի գների անկման հետ: Այս գործոնը կա եւ իրականում այն էական ազդեցություն թողել է ընկերության եկամուտների վրա: Բայց նաեւ անցած տարվա ընթացքում ընկերությունը, այսպես ասենք, կառավարման հետ կապված լուրջ խնդիրների մեջ էր, որը հանգուցալուծվեց ոչ անհայտ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պաշտոնանկությամբ: Ընդ որում, ինչպես պաշտոնանկությունից առաջ, այնպես էլª հետո չէին դադարում խոսակցությունները, թե պարոն Հակոբյանի օրոք ինչ ծավալուն չարաշահումներ են տեղի ունեցել ընկերությունում: Չնայածª դա համարենք ընդամենը շրջանառվող լուրեր, հաշվի առնելով, որ կոմբինատի շուրջ աղմկոտ հրապարակային բացահայտումներ այդպես էլ չեղան: Ամեն դեպքումª այդ գործոնը եւս պետք է, որ լրջորեն անդրադառնար նաեւ ընկերության հարկերի վրա, այսինքնª հայաստանյան երբեմնի թիվ մեկ հարկատուի ներկայացված հարկերի վիճակը ինչքան էլ, որ անընդունելի է, բայց բացատրությունը կա:
Առաջին հնգյակի մյուս երեք ընկերություններիª "Ղ-Տելեկոմի", "Ալեքս Գրիգի" եւ "Արմենտելի" մասին նույնպես ասելու շատ նոր բան չկա: Միայն, որ "Ղ-Տելեկոմը" մոտ 1,2 միլիարդով նվազեցրել է վճարած հարկերը, իսկ նույն բնագավառի "Արմենտելը"ª ավելացրել: Եվ քանի որ երկուսն էլ գործում են, այսպես ասենք, խաղի նույն պայմաններով, տնտեսական նույն իրողություննեով, ապա այս անկումն ու աճը վերագրենք առաջին ընկերության մի փոքր վատթարացած, երկրորդիª բարելավված մենեջմենթին: Եվ հաշվի առնելով, որ ոլորտի երրորդ ընկերությունըª "Օրանժ Արմենիան" նույնպես այդ մեկ տարում հարկատուների մեջ բարելավել է դիրքերըª 37-ից հասնելով 24-րդ հորիզոնականինª վճարած հարկերն էլ 3,2 միլիարդից հասցնելով 4,1-ի, ապա կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ տարին ոլորտի համար հաջողված է եղել, եւ ավելի ռեալ է դառնում "Ղ-Տելեկոմի" հարկային անկումը մենեջմենթի հետ կապելու տարբերակը:
Ինչ վերաբերում է հնգյակում տեղ գտած "Ալեքս Գրիգին", ապա վերջինիս հարկային աճը մոտենում է 3 միլիարդ դրամին:
ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐª
ԲԱԶՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ
Իսկ ահա հնգյակին հաջորդող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության մասով որոշ հարցականներ կան: Ընկերությունը 2013թ. մոտ 10 միլիարդ դրամի դիմաց 2014թ.-ին վճարել է մոտ 12,4 միլիարդ դրամ, ինչը, իհարկե, պետք է բացատրել անցած տարի տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացումներով: Հարկային աճը համարժեք է թանկացումներին, թե` ոչ, արդեն առանձին հաշվարկների խնդիր է, եւ դրա վրա չկենտրոնանաք: Բայց նկատենք, որ թեեւ անցած տարվա էլեկտրաէներգիայի թանկացումները, թեեւ կապվում էին գազի թանկացման հետ, բայց դրանից էականորեն ավելի առաջ էր ընկած, սակայն այդ հանգամանքը, ստացվում է, որ ամենեւին էլ ցանցերի եկամտաբերության վրա չի անդրադարձել: Այսինքն, եթե 2013թ.-ին ընկերության ուղղակի հարկերը մոտ 4,8 միլիարդ դրամ էին, ապա անցած տարի այն մի բան էլ նվազել էª հասնելով 4,6 միլիարդի: Ճիշտ է, հետո դա համարվեց ՀԷՑ-ի վատ ֆինանսական վիճակի մասին հիմնավորում, եւ մի անգամ էլ հոսանքը թանկացավ: Սակայն այդ "վատ վիճակը" բոլորովին անընկալելի է դառնում, երբ մեկ այլ գործոն ենք հաշվի առնում. 2012թ.-ին ՀԷՑ-ի վճարած հարկերը մոտ 8 միլիարդ էին, այդ թվում ուղղակի հարկերըª մոտ 3,8 միլիարդ: Այսինքնª ՀԷՑ-ն այն ժամանակ նկատելիորեն համեստ ֆինանսական վիճակում էր, բայց առանձնահատուկ լացուկոծ չկար: Դրան հաջորդած տարում ուղղակի հարկերի մոտ 25 տոկոսանոց աճը ակնարկ է նաեւ ընկերության եկամուտների գրեթե համարժեք ավելացման մասին, այսինքնª դրանից հետո մի փոքր անկումը պետք է, որ շատ մեծ ազդեցություն չունենար: Ու չնայած այս ամենից հետո մեկ անգամ եւս հոսանքը թանկացրին, սակայն փաստն այն է, որ մինչ այժմ էլ, ընկերությունն իր ֆինանսական պարտավորությունները, մեղմ ասած, թերի է կատարում էլի բողոքելով իր վատ վիճակից: Մինչդեռ նաեւ այս հարկային "թվաբանությունն" է հուշում, որ եթե ընկերության ֆինանսների խնդիրներն այսքանից հետո էլ չեն լուծվում, ապա պատճառները պետք է բոլորովին այլ ուղղություններով փնտրել:
Հաջորդ "տարօրինակությունը" կապված է վերջին տարիներին հարկատուների ցանկում հետեւողականորեն իր դիրքերը բարձրացնող "Երեւանի կոնյակի գործարանի" հետ: Իհարկեª հաճելի է, որ հայաստանյան կոնյակագործներն ավելացնում են հարկերը. դա հուշում է նրանց գործունեության աճի, այսինքնª աշխարհում հայկական կոնյակի դիրքերի ամրապնդման մասին, իսկ հայաստանյան բյուջեն էլ շատ փող է մտնում: Բայց մեկ է, հասկանալու հարցեր կան: Նկատի ունենք, որ վերջին ժամանակներս մի գլուխ խոսակցություններ են հնչում ռուսական շուկայի վիճակի վատացման մասին, որն էլ, ի վերջո, մեր կոնյակի հիմնական սպառողն է: Այսինքնª եթե Ռուսաստանում վիճակը վատ էր, կոնյակ քիչ պետք է գնար, ու տեղական կոնյակագործների դիրքերն էլ, տրամաբանորեն, պետք է թուլանային: Բայց ահա "Երեւանի կոնյակի գործարանը", որ 2012թ.-ին վճարել է մոտ 3,2 միլիարդ դրամ հարկ, 2013թ.-ինª մոտ 4,7, անցած տարի արդեն վճարել է 7 միլիարդ: Այսինքնª այս երեք տարում հարկերի հետ մեկտեղ` նաեւ արտադրությո՞ւնն է կրկնապատկել. եթե այդ տարբերակն է, ապա կմնա միայն ողջունել, հաշվի առնելով, որ նման հարկային աճի այլ բացատրություններ կարող են լինել: Ասենքª հին ու թանկարժեք պաշարների վաճառքի ավելացումը, անցած տարիների ստվերը եւ այլն:
Իհարկեª հայաստանյան հարկատուների հետ կապված հարցականներն այսքանով հանդերձ էլ, նոր են միայն սկսվում: Բայց այդ մասին մեր հաջորդ համարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

