«ԽՆԴԻՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՆ Է»
Արխիվ 12-16«ԽՆԴԻՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՆ Է»

Շրջանառության հարկի թեման արդեն երկար ժամանակ է հակասությունների ալիք է բարձրացրել ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ լայն ընդվզման առիթ դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի շրջանում: Ի վերջո, թե ո՞րն է ընդվզման պատճառը, եւ ինչպիսի՞ն պիտի լինի լուծումը, «Իրավունքը» պարզեց ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքների խաչմերուկում:
«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ՆԵՐԴՐՎԵՑ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ԶԱՐԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնե-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, շրջանառության հարկի վերաբերյալ քննարկման առանցքային հարցադրումը գոնե այս փուլում խեղված է եւ դեֆորմացված.
«Շրջանառության հարկը ի սկզբանե ներդրվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը
զարկ տալու համար: Սա տրամաբանական է եւ շատ ճիշտ: Հետագայում, երբ սկսվեց այդ հարկն աշխատել ու փոքր եւ միջին ձեռնարկատերերը սկսեցին ընտելանալ այդ հարկատեսակին, հարց բարձրացավ, որ, միգուցե, նույնիսկ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն` իջեցնելով դրույքաչափը: Կառավարությունը գնաց ընդառաջ` դրույքաչափը 3,5 տոկոսից 1 տոկոսի իջեցնելով: Ըստ էության, նպաստավոր քայլ արվեց` փոքր եւ միջին ձեռնարկատիրության ծավալները ընդլայնելու համար: Սա շատ կարեւոր քաղաքական խնդիր է, քանի որ կառավարությունը շատ պարզ բան է դնում իր առաջ. եթե ես ստեղծեմ ավելի նպաստավոր պայմաններ, որ իմ քաղաքացին իր շեմին, իր տանը, իր բակում, իր քաղաքում կարողանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելով` նույնիսկ հայթայթել Ռուսաստանի հնարավոր եկամուտների կեսը, ինքը նախապատվություն կտա մնալ Հայաստանում»:
Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գտնում է, որ վերոնշյալ օրենքը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության. «Կյանքն է ցույց տվել, որ նույնիսկ պարտադրաբար ամուսնությունը դատապարտված է ամուսնալուծության: Այսինքն` պետք չէ «զոռով-շառով» ներդնել այդ օրենքը, որովհետեւ կրկնում եմ` այդ պարտադրանքը դատապարտված է անհաջողության: Այս առումով պետք է ազատ ընտրության հնարավորություն տալ մեր քաղաքացիներին: Արդարացի է պահանջը, որ 3,5 շրջանառությունը լինի առաջվա պես առանց փաստաթղթի, իսկ 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց` փաստաթուղթ ներկայացնելու պահանջը կատարվի»:
Խնդրին այլ տեսանկյունից է մոտենում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ. «Գաղտնիք չէ, որ մենք ո՛չ հզոր արդյունաբերություն ունենք, ո՛չ հզոր քիմիա ունենք, ո՛չ արդյունաբերական քաղաքաշեն կառույցներ ունենք: Հետեւաբար, մենք պետք է հիմնվենք փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա: Ինչքա՞ն կարելի է Հայաստանում օրենքի տեսքով կլինիկական փորձարկումներ անել տնտեսվարողների վրա: Մենք երբ ի լուր հասարակության հռչակում ենք, որ ունենք մարտունակ բանակ: Ուզում եմ ասել, որ մեկ այլ կայացած եւ մարտունակ կառույց էլ ունենք: Դա հարկային համակարգն է, որն իսկապես կայացած համակարգ է: Եվ մենք պետք է այս մարտունակ համակարգը վերցնենք եւ օգտագործենք, բայց հաշվի առնելով, թե ինչ են ուզում այդ մարդիկ, ովքեր այդ խնդրի շահառուներն են»:
«ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՄԵԾ ԷՖԵԿՏ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ»
Թե ո՞րն է օրենքի բուն նպատակը, առավել մատչելի ներկայացրեց պարոն Խ. Հարությունյանը. «Մենք բանակ պիտի պահենք, մենք պիտի վարձատրենք ուսուցիչներին եւ այլն, այսինքն` ըստ էության, մենք կանգնած էինք բյուջետային կարողություններն ավելացնելու խիստ անխուսափելի անհրաժեշտության առջեւ: Առանց բյուջեն ավելացնելու, մենք չենք կարող լուծել մեր սոցիալական խնդիրները: Հիմա բյուջեի ավելացման ռեալ հնարավորությունները երկուսն են` ռեալ տնտեսություն` ներդրումներ ու տնտեսական աճ, որոնք օբյեկտիվորեն այսօր բավականին բարդացված են, եւ երկրորդ` ստվերային տնտեսության կրաճատում: Օբյեկտիվ դժվարությունների պատճառով այս հնարավորությունները ձգձգվում են եւ շոշափելի ապագայում չեն կարող արդյունք տալ, հետեւաբար, ստվերի կրճատումը մեծ էֆեկտ կարող է տալ: Ընդ որում, ստվերային շրջանառությունը նույնիսկ որոշ գնահատականներով համաչափ է մեր բյուջեի ծավալին: Ստվերային եկամուտները` որպես կանոն, ձեւավորվում են մանրածախ առեւտրում, որովհետեւ քաղաքացիները իրենց գումարները մանրածախ առեւտրով են ծախսում»: Եզրափակելով հարցը` բանախոսը նշեց. «Լայն սպառման ապրանքների մանրածախ առեւտրի ցանցը ստվերային եկամուտները հավաքագրելու միակ եւ ամենաարդյունավետ համակարգն է: Թեպետ այդ ամբողջ գումարը ձեւավորվում է ստվերային մանրածախ ցանցում, չնչին մասն է մնում բուն առեւտրական գործունեություն կատարողի մոտ: Հիմնական մասը վերապահվում է, ստանում է խոշորը, որը մատակարարում է ապրանքները: Հիմա ինչպե՞ս պայքարենք ստվերային տնտեսության դեմ, որի հիմնական ե՛ւ ձեւավորողը, ե՛ւ ծնողը, ե՛ւ առավելագույնս օգտվողը խոշոր ձեռնարկատերերն են: Պատասխանը շատ պարզ է` եթե այդ ստվերային տնտեսությունը` խոշոր կառույցը, մանրածախի միջոցով է ձեւավորվում, հետեւաբար, պետք է խնդիր դրվի, որ պարո՛ն վաճառական, երբ դու գնում ես ապրանք գնելու, պահանջի՛ր քո փաստաթուղթը: ՉԷ՞ որ, եթե դու նրանից պահանջես փաստաթուղթ, ապա նա այլեւս ստիպված կլինի այդ շրջանառությունը ցույց տալ ու կհայտնվի հարկման դաշտում: Գտնում եմ, որ` այո, փոքրերը մտահոգվելու առիթ ունեն: Նրանք կարող են մտածել, որ կարող է խոշոր ձեռնարկատիրոջից ուզեն փաստաթուղթ, եւ նա չտա: Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը, որտեղ կարծում եմ` մեր փոքր եւ միջին ձեռնակատերերը, ինչպես ասում են` փորձում են մոլորեցնել: Պրակտիկայում ամենատարածված մոտեցումն այն է, որ խոշորը ոչ թե հրաժարվում է փաստաթուղթ տալուց, այլ ասում է` եթե դուք այս ապրանքը ուզում եք փաստաթղթով, ապա այն արժե 150 դրամ, իսկ առանց` 100 դրամ: Եվ մեր ձեռնարկատիրոջը, բնական է, ձեռնտու է առանց փաստաթղթի աշխատելը: Հետեւաբար, խնդիրը ոչ թե փաստաթուղթ ունենալ-չունենալու մեջ է, ինչպես մեզ ներկայացնում են, այլ խնդիրն իրականում նրանց ծախսերի ավելացման մեջ է: Այսինքն` եթե նա փաստաթղթով է աշխատում, նախ` ծախսերն են ավելանում եւ, երկրորդ` շրջանառությունն է ավելանում: Մինչդեռ կառավարության առաջարկն ընդամենը մեկն է. փոքր եւ միջին ձեռնարկատերեր, օգնեք մեզ` ստվերի դեմ պայքարել»:
Մինչդեռ Հ. Մարգարյանը կարծում է, որ սա ժամանակի վատնում է. «Ինչքան էլ մենք փորձենք, սա ընդամենը ավելորդ ժամանակի վատնում է: Մենք պետք է ռեալ դնենք հարցը: Այսօր 1 տոկոս շրջանառության դաշտում աշխատող մարդիկ շատ կան, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքների առք ու վաճառքով, եւ որոնք ընդհանրապես փաստաթուղթ չեն ներկայացնում օրենքով սահմանված կարգով, բայց այդ արտոնությունն ունեն: Հիմա, եթե փորձենք իրենց հնարավորություններ տալ, մարդիկ իրենց աշխատանքի արդյունքում, եթե տեսնեն, որ 3,5 տոկոսադրույքի դաշտում աշխատելով` կարող են ներկայացնել փաստաթղթեր, կներկայացնեն: Ապա կասեն, որ մենք իջնում ենք 1 տոկոս շրջանառության դաշտ: Այսինքն` իրենք կարող են ազատ կողմնորոշվել: Եկեք տանք իրենց այս հնարավորությունը, որովհետեւ այն, ինչի մասին ասացի, պահանջն է մեր տնտեսվարող սուբյեկտների: Առեւտրականներն ուզում են, որ ընտրությունը թողնենք իրենց»:
Փաստաթղթավորման մասին այլ տեսակետ ունի Գ. Արսենյանը, ով կարծում է, որ սույն խնդրի միակ շահառուն պետբյուջեն չէ. «Փոքր ու միջին ձեռնարկատերերի վախն ի՞նչն է, բոլորս էլ գիտենք: Իրենք ասում են, որ հիմա սկսենք փաստաթղթավորել, երեւալու են իրենց առեւտրի ծավալները, ու մի տարի հետո փոխելու եք օրենքը ու հարկերը բարձրացնեք: Դրա համար պետք է երաշխիք տալ, որ այդ օրենքը հինգ տարի չի փոխվելու, ու այդ մարդիկ չեն ընկնելու ցնցումների մեջ: Մենք ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ պետության թշնամին ենք: Եկեք գնանք ու գտնենք այդ ոսկե միջինը: Կրկնում եմ` պարզապես, այդ հարկային համակարգը, ես ներսից գիտեմ` այնքան կայացած ու այնքան պրոֆեսիոնալ է, որ որեւէ խնդիր չի կարող ունենալ»:
«ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵԼ»
Ամփոփելով թեման` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց. «Մի՛ ասեք, որ մենք սկսում ենք պայքարել խոշորի դեմ: Ո՛չ խոշորի դեմ է պետք պայքարել, ո՛չ էլ` միջինի: Պետք է պայքարել օրինախախտման դեմ: Մենք երկու անգամ հետաձգում ենք այս օրենքի կիրառումը, ուրեմն` կա՛մ օրենքն է սխալ, կա՛մ էլ մենք չենք կարողանում ճիշտ կիրառել: Եկե՛ք գտնեք այդ լուծումներն ու առաջ գնանք»:
Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ խնդրի վերաբերյալ իրենց խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը շրջանառության մեջ է. «Այդ օրենքի նախագծում մենք հստակ խոսում ենք շեմի մասին եւ 58 մլն-ը մենք առաջարկում ենք դարձնել 100 մլն, ընդ որում, երկու մոտեցումն էլ մենք կապահովենք` թող ընտրի տնտեսվարող սուբյեկտը: Արդյունքում, այս արտահայտված դժգոհությունները, որոնք կան, չեն լինի, եւ մարդն ինքը կընտրի ճանապարհը: Ինձ թվում է` պետք դրան անցնենք աստիճանաբար»:
Այնուամենայնիվ, իր ամփոփիչ խոսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Սա ոչ թե խոշորների դեմ պայքար է, սա ոչ թե հօգուտ մանր եւ միջին ձեռնարկատերերի համար նախաձեռնություն է, այլ ընդամենը ստվերը կրճատելու առաջարկ է, եւ այս փաստաթղթային շրջանառությունը, ուղղակի, անհրաժեշտ պայման է: Ի՞նչ տեղի ունեցավ ՀՀ նախագահի մոտ քննարկման ժամանակ: ՀՀ նախագահը ուշադիր լսեց բոլոր կողմերին, եւ հարցը մեկն էր` եթե այդքան լավ օրենք է, ապա ինչո՞ւ են բողոքում, ուրեմն` կա խնդիր. կամ մարդիկ չեն հասկանում` այդուհանդերձ, իրենցից ի՞նչ են ուզում հարկային մարմինները եւ կասկածում են ու չեն վստահում, կամ էլ, միգուցե, մենք չենք կարողանում հարցը շատ լավ ներկայացնել: Այսինքն` այդ մարդկանց մոտ պետք է ստեղծել վստահություն, որ մեր նպատակը նրանց ստուգելը չէ, մեր նպատակը նրանց հարկերը չեն: Մենք նրանց գործունեության արդյունքով չենք ուզում բյուջե լցնել, այլ մեր խնդիրն է` օգնեք դուք մեզ, փոքր ձեռնարկատերեր, այդ փաստաթուղթը պահանջելով, որպեսզի հարկենք խոշորին, եւ այս կերպ մեծացնենք բյուջետային եկամուտների ծավալները: Եվ գործը հասավ նրան, որ եթե շատերը առաջարկում էին 30 մլն շրջանառությունը ազատել հարկից, ապա ՀՀ նախագահն ասաց, որ անհրաժետության դեպքում կարելի է մինչեւ 58 մլն-ով էլ, հարկերից ազատել փոքր ու միջին ձեռնարկատերերին: Հետեւաբար, մեր խնդիրն է այդ տնտեսական բարեփոխումները իրենց տրամաբանական ավարտին հասցնելը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

