"ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ"
Արխիվ 12-16Հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիաներից զատ, Ադրբեջանը որոշել է եւս մեկ անգամ փորձել սեփական բանակի պատրաստվածությունը: Այս անգամ Ալիեւը հանձնարարել է անցկացնել լայնամասշտաբ զինավարժանքներ` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները: Զինավարժանքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պաշտոնապես հայտարավել է, թե ինչ զինտեխնիկայով ու զինամթերքներով են անցկացվելու վարժանքները, սակայն գաղտնի է պահվել զինավարժությունների անցկացման վայրը եւ տեւողությունը: Բայց որ այն կլինի ղարաբաղյան սահմաններից ոչ հեռու, կարելի է ենթադրել: Ուրեմնª մեզ համար վտանգ չի՞ ներկայացնում այդ զորավարժանքը:
ՀՀ ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ Ադրբեջանն իր ծավալած "լայնամասշտաբ զինավարժություններով", դիվերսիոն գործողություններով եւ հայ-ադրբեջանական սահմանին անընդհատ կրակ բացելով` ցանկանում է ճնշում գործադրել հայ ժողովրդի, ինչպես նաեւ միջազգային հանրության վրա.
- Այս ճանապարհով նա ցանկանում է արագ լուծել Արցախի հիմնահարցը: Օգտագործելով աշխարհում ստեղծված իրավիճակը` Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը, Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ավելի բարձրացնել լարվածությունը: Բայց Բաքուն պատրաստ չէ սկսել լայնածավալ պատերազմ. դրա հավանականությունը շատ ցածր է:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով էլ` Ադրբեջանի հայտարարած զինավարժությունները պաշտոնական Բաքվի պրոպագանդիստական քայլերից մեկն է, որով Բաքուն ցանկանում է ցույց տալ իր "մկաները": Բացի այդ, Ադրբեջանը ամեն կերպ ձգտում է ապացուցել, որ իր բանակը մարտունակ է եւ կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները.
- Իրականում նման զորվարժությունները նոր չեն, դրանք պարբերաբար կրկնվում են: Սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակի համատեքստում կարել է ասել` այս զորավարժությունները լուրջ քայլ են: Այնուամենայնիվ, այդ ամենը պատերազմ սկսելու համար է: Սրանով Բաքուն լոկալ պատերազմի քաղաքականություն է վարում, այսինքն` հարձակումներով, դիվերսիոն գործողությոններով փորձում է որոշակիորեն ստուգել նաեւ մեր զինված ուժերի զգոնությունը եւ իր հասարակության ուշադրությունը սեւեռել դեպի արտաքին թշնամին:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Հայաստանի ռազմական գերատեսչությունն աշխատում է հետեւյալ սկզբունքով` ամեն վայրկյան պատրաստ լինել մեծ պատերազմի: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանում ինչ է տեղի ունենում, ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախարարություններն իրենց առօրյա գործունեությունը կազմակերպում են "եթե վաղը պատերազմ սկսվի" տրամաբանությամբ:
Բնականաբարª այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում, մեր բանակի համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում է: Առհասարակ, հակառակորդի ցանկացած ակտիվության դեպքում մեր կողմից կազմակերպվում են կանխարգելիչ, հակընդեմ քայլեր, որպեսզի երբեւէ հանկարծակիի չգանք: Այստեղ նշեմ, որ ցանկացած զորավարժություն, բացի սեփական բանակի մարտունակությունը բարելավելու նպատակից, ունի նաեւ հակառակորդին ահաբեկելու ներքին ենթատեքստ: Սակայն մեր սահմանները պահող զինվորականին նման զորավարժություններով չես ահաբեկի: Այս օրերին բանակը մի քանի ցավոտ հարված է հասցրել թշնամուն, ավելին` անձնակազմը հոգեպես պատրաստ է ցանկացած զարգացումների:
Ինչ վերաբերում է մեծ պատերազմի վերսկսմանը, ապա կարծում եմ, որ ադրբեջանական բանակի մարտունակության իրական մակարդակը, այդ պետական կազմավորման մեջ տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ չեն տա Ալիեւին վերսկսել լայնամասշտաբ ռազմագործողություններ: Ի դեպ, հենց այդ զորավարժություններն Ադրբեջանում տագնապների տեղիք են տվել: Այդուհանդերձ, կարծում եմ նաեւ, որ առնվազն անպատասխանատվություն կլինի ասելը, թե մեծ պատերազմի հավանականությունը փոքր է: Ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել մեծ պատերազմին, մեր երկրին արեւելքից սպառնացող վտանգը վերացնելուն:
Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատժելուց հետո Բաքվում զսպվում են, պետական սահմանին իրավիճակը կայունանում է: Եթե մենք այս հունվարին եւ նախորդ տարվա օգոստոսին պասիվ լինեինք, չդիմեինք պատժիչ գործողությունների, եթե թույլ ընկալվեինք, գուցե այդ դեպքում Բաքվում իսկապես վճռեին վերսկսել մեծ պատերազմ: Պատահական չէ բնավ, որ ունենալով թուրքին հաղթելու կենսափորձ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջ է քաշել կանոնավոր ծեծի մարտավարությունը": Այն ստեղծված իրավիճակում թշնամու մեծ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ ուղին է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

