ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼ ՀՅԴ-ԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼ ՀՅԴ-ԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 5-ին կկայանա խոստացված խորհրդաժողովը, որն արդեն մեկ անգամ հետաձգվել էր ինչ-ինչ պատճառներով: Այս, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ԲՀԿ-ական պատգամավորների բացակայության ու ՀՅԴ-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ:
ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՉԻ՞ ԴՐՎԻ «ԵՌՅԱԿԻ» ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
-Պարոն Էնֆիաջյան, արդեն հայտնի՞ է, թե խորհրդարանական որ ուժերը կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած խորհրդաժողովին:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած խորհրդաժողովին ոչ իշխանական ուժերի` կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մեծ ներկայացվածություն է լինելու:
Ներկա են լինելու այն անձինք եւ միավորումները, ովքեր մտահոգված են մեր պետության ապագայով: Իսկ կոնկրետ ուժերի մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:
- Ըստ Ձեզ, արդյո՞ք այս խորհրդաժողովի արդյունքներից կախված կլինի "եռյակի" լինել-չլինելու հարցը:
- Խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու են Հայաստանում տիրող իրավիճակից դուրս գալու հետ կապված հարցեր: Խորհրդաժողովի նպատակն է երկրի ապագայով մտահոգված ուժերի համախմբման միջոցով գտնել լուծումներ, որոնք կփոխեն այս ծանրագույն իրավիճակը: Այժմ ամենակարեւոր եւ արդիական հարցերը սրանք են, որոնք օր առաջ լուծում են պահանջում:
ԲՀԿ-Ն ԲՀԿ-Ի ՄԱՍԻՆ ԿԱՄ` ԼԱՎ, ԿԱՄ` ՈՉԻՆՉ
-Որպես Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ` ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ԵԽԽՎ-ում այս անգամ չներկայացան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, երբ շատ կարեւոր հարցեր էին դրված օրակարգում: Ի վերջո, քննարկվե՞լ է այս հարցը խմբակցությունում, եւ արդյո՞ք բացակայությունը պայմանավորված էր Ռուսաստանի դեմ ԵԽԽՎ-ի բանաձեւով:
- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար տիկին Զոհրաբյանն օրեր առաջ անդրադարձել է դրան, որտեղ շատ հստակ հնչում են պատճառները: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մամուլում զետեղված համապատասխան տեղեկատվությունից:
ԲՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ԳԵՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՆՈՒՅՆ ԱՌՎՈՎ ՉՀՈՍԵԼ
-Ի դեպ, օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Ձեր, Վահան Բաբայանի եւ իր միջեւ ծագած կոնֆլիկտին ու նշել, որ դեռեւս ՀՅԴ-ն սպասում է տեղի ունեցածի վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետին: Արդյո՞ք կլինի այդպիսի մի տեսակետ կամ հայտարարություն:
- Մարդու էթիկայի, ընտանեկան դաստիարակության, ինտելեկտի եւ մի շարք այլ նորմերի գնահատականը տալիս է հասարակությունը:
- Ի վերջո, պատրաստվո՞ւմ եք դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով այս հարցով, քանի որ փոխադարձ վիրավորանքներ են հնչել:
- Նման մտադրության դեպքում նույնպես լրացուցիչ կհրապարակվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

