"ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՈՓ ԵՆՔ ՏՎԵԼ, ՐԱՖՖԻՆ ԿԱՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ՏՎԵԼ"
Արխիվ 12-16"ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՈՓ ԵՆՔ ՏՎԵԼ,
ՐԱՖՖԻՆ ԿԱՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ՏՎԵԼ"
Փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու խորհրդաժողով, որին մասնակցելու է նաեւ "Ժողովրդական կուսակցության" նախագահ Տիգրան Կարապետյանը, ում "Իրավունքն" ուղղեց մի քանի հարց` "եռյակում" տիրող իրավիճակի մասին:
"ԵՌՅԱԿ" ՉԿԱ, Ի՞ՆՉ ԵՌՅԱԿ..."
-Պրն Կարապետյան, ինչպե՞ս եք մեկնաբանում օրեր առաջ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի հետ այլեւս խաղ տալ չի կարելի: Այս հայտարարությամբ Ր. Հովհաննիսյանը նկատի ունի առաջին հերթին "եռյակի՞ն":
- Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է լինել բուրգի գլխին:
Ոչ միայն ինքը ղեկավարի շարժումը, այլեւ լինի վերեւում` այսինքն` լինի ինքը, լինի Ծառուկյանը, լինի, ենթադրենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն դա ձեռնտու չէ Գագիկ Ծառուկյանին: Օրինակ, եթե ես լինեմ… ծախսն անում եմ, ամեն ինչ անում եմ… բոլորս էլ գիտենք` ոնց է լինում, որ մարդաշատ է լինում:
- Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը չի նշանակում, որ "եռյակում" միասնականություն կամ միասնական օրակարգ էլ չկա:
- "Եռյակ" չկա: Ի՞նչ եռյակ, եթե համաժողովրդական շարժում են հայտարարել, ընդգրկել տարբեր կուսակցություններ: Կարծում եմ` համաժողովրդական շարժումը պետք է հարց դնի. շարժումը պետք է ունենա ընդգծված լիդեր: Այ դրանից հետո անմիջապես ամեն ինչ կլինի:
"ԱՅՈ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՈՐ "ԵՌՅԱԿԸ"
ԽԱՂԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ"
-Րաֆֆի Հովհաննիսյանի` "այլեւս խաղ տալ չի կարելի" արտահայտությունը կարելի՞ է հասկանալ հետեւյալ կերպ` "եռյակը" նախկինում խաղեր էր տալիս:
- Այո, կարելի է նաեւ էդպես: Հենց իրենք էլ խաղեր էին տալիս: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը…
- Ե՞րբ:
- Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կրիտիկական վերաբերվեց ԵՏՄ-ի անդամակցությանը: Դրանով դեմ գնաց "եռյակի" երկու ուժերին` ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին: Դա արդեն խաղ էր, որ Արեւմուտքը տեսնի` Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմն է:
- Խոսենք նորից "եռյակի" մասին: Ձեր խոսքերից կարելի՞ է եզրահանգել` ԲՀԿ առաջնորդն է "եռյակի" լիդերը…
- Չէ, մենք ենք ուզում իրեն տեսնել լիդերի դերում: Համենայնդեպս, մեր կուսակցության կողմից այդ հարցը դրվելու է:
"ՆԵՆՑ ԵՔ ԱՍՈՒՄ` ԱԳ ՆԱԽԱՐԱՐ,
ՈՆՑ ՈՐ ԱՍԵՔ` ՑԵԽԻ ՎԱՐԻՉ"
-Պրն Կարապետյան, ԲՀԿ-ն նախկինում եղել է իշխանական, բայց այսօր քննադատում է իշխանությանը: Արդյո՞ք կուսակցության այս պահվածքը չի նշանակում` խուսափել երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության իրենց բաժնից:
- Իսկ ո՞վ չի եղել իշխանության: Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ եղել:
- Նա եղել է ընդամենը ԱԳ նախարար…
- Էնպես եք ասում` ԱԳ նախարար, ոնց որ դա փոքր բան է, ասենք` ցեխի վարիչ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ նախագահ էր: Բայց Ծառուկյանը իշխանության մեջ չի եղել, պաշտոն չի զբաղեցրել, բայց իշխանության կողքին եղել է:
"ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԾՆ Է"
-Մոտ երկու տարի առաջ քննադատում էիք ԲՀԿ-ին (Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ին համարում էր փողի կուսակցություն-խմբ.), բայց այսօր այդ քաղաքական ուժի կողքին եք: Ինչո՞ւ:
- Դե, ես ասել եմ` ԲՀԿ-ն իշխանության ստեղծածն է: Հիմա էլ եմ այդ կարծիքին, որ իշխանությունն օգնել է, որ ստեղծվի այդ կուսակցությունը: Բայց այսօր Ծառուկյանն ու ես մի նմանություն ունենք. ժողովրդին չոփ ենք տվել, Րաֆֆին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ են տվել…
- Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում են պատերազմը հաղթած նախագահ…
- Հաղթած, որը դե՞մ էր պատերազմին… Գիտեք` չեմ ուզում քննադատել: Խնդիրը հետեւյալն է` ձգտում ենք դաշտը միաձուլել: Իսկ իրենք (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.) ցանկանում են դաշտը միաձուլել իրենց շուրջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

