ՈՒՈՐԼԻՔՅԱՆ ԼԱՑՈՒԿՈԾԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՒՈՐԼԻՔՅԱՆ ԼԱՑՈՒԿՈԾԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիշերը քնած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանկարծ սարսափահար վեր թռավ տեղից. "Այս ի՞նչ է, Ղարաբաղի սահմաններին իրար են կոտորում, ես էլ այստեղ հանգիստ քնել եմ...":Պարոն Ուորլիքի հոգեվիճակի մասին նման տպավորություն կարելի է կազմել նրա վերջին հայտարարությունից ելնելով. "Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին": Դե, ուրեմն մնում է վազելով օգնության հասնել. "Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել եւ բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաեւ նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ":
ԻՍԿ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ Ո՞ՒՐ ԷՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ
Բայց ինչպես միշտ, այս անգամ է պարոն Ուորլիքի այս դարդոտվելուց տարբեր հարցեր են առաջ գալիս: Օրինակª այդ ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ էլ նա Ղարաբաղի մասին հիշեց "ճիշտ" պահին: "Ճիշտ պահ" ասելով` ամենեւին էլ նկատի չունենք այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը ծայրահեղորեն սրվել է եւ վերջին ամսվա կտրվածքով միայն զոհերի թիվն արդեն տասնյակներով է հաշվվում: Չէ, եթե դա մտահոգեր ամերիկյան համանախագահին, նա հաստատ ավելի շուտ իր այդ "անհանգստությունը" կհայտներ եւ առնվազն մեկ ամիս առաջ ողջ Մինսկի խմբով հանդերձ կգար տարածաշրջան, ինչը, թերեւս, էականորեն կնվազեցներ լարվածությունը: Ընդ որում, ոչ թե թատերականացված այց էր պետք, այլª գործնական: Որ դրա ընթացքում պարոն Ուորլիքը Բաքվում, թեկուզեւ միաժամանակ Երեւանում եւ Ստեփանակերտում հստակ, առանց որեւէ երկիմաստության ներկայացներ, որ իր երկիրը դեմ է սահմանային թեկուզեւ աննշան միջադեպի, հաշվի առնելով նաեւ, որ Մինսկի խմբի անդամ մյուս երկրներն անցած ամիսներին, այն էլª պետության առաջին դեմքերի մակարդակով հակամարտող կողմերին նման միանշանակ գնահատականներ ներկայացրել են: Թե չէ ստացվում է, որ այն օրերին, երբ Բաքուն տասնյակ դիվերսիոն օպերացիաներ էր իրականացնում, Ուորլիքը "անհանգստանալու" եւ ոչ մի առիթ չէր տեսնում: Բայց այն պահից, երբ Երեւանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ կդիմեն ադրբեջանական սադրանքները կանխող քայլերի, ապաª մեկ-երկու նման գործողություն իրականացրին, նա հանկարծ "տեսավ", որ ղարաբաղյան սահմաններին "լրջագույն բռնություններ" կան:
Իհարկեª միամտություն կլիներ մտածել, որ ամերիկյան համանախագահը հենց այնպես, պատահաբար հիշեց Ղարաբաղի, դրա շուրջ իրավիճակի շիկացման եւ որպես համանախագահª իր իսկ անմիջական պարտականությունների մասին:
Ամեն դեպքում այն, որ հայկական կողմը կարող է եւ զենքով Բաքվին պարտադրելª չափերն անցած ռազմատենչությունը մեղմել, նոր երեւույթ է, որը կարող է եւ էֆեկտիվ լինել. համենայնդեպսª այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ են փաստում, թե. "Սահմանին լարվածությունը թուլացման միտում ունի": Դա նշանակո՞ւմ է, որ հայկական այս նոր ռազմաքաղաքական մոտեցումը Բաքվին մի փոքր ավելի զգուշավոր է դարձրել. հնարավոր տարբերակ է, թեեւ դա միայն ժամանակի ընթացքում վերջնականապես հստակ կդառնա: Բայց չէ՞ որ Ղարաբաղի շուրջ թեկուզեւ հարաբերական կայուն իրավիճակը կարող է շատ խաղաքարտեր խառնել: Նախª նման իրավիճակը միանգամից կբացառի հարավկովկասյան տարածաշրջանում ռուսների դեմ երկրորդ ճակատ ձեւավորելու հեռանկարը: Եվ դա այն փուլում, երբ անգամ ամերիկյան հեղինակավոր վերլուծաբաններն են այն կարծիքին, որ Ուկրաինայում Վաշինգտոնի շարունակական ձախողումներն արդեն իսկ սկսել են ԱՄՆ-ի հարավկովկասյան երկու դաշնակիցների տրամադրությունները ՌԴ-ի նկատմամբ սպասողականից գնալով ավելի լոյալ հարթություն տեղափոխել: Ընդ որումª Դոնբասի բանակի ազատագրած ամեն մի նոր բնակավայր, այսինքնª Կիեւի ամեն մի կորուստ Վրաստանի եւ Ադրբեջանի համար, ըստ էության, հերթական ապացույց է, թե որ աշխարհաքաղաքական ուղղությամբ պետք է նայել: Իհարկեª ռուսական տնտեսության ներկայիս վիճակը դեռ զգուշավորություն է պարտադրում, սակայն այս օրերին նավթի համաշխարհային գներն այնպիսի թռիչքներ են գործում, պարտադրում են նաեւ տնտեսական իրողություններին բոլորովին այլ հարթությունից նայել:
Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Եվրոպայի վստահությունն էլ Վաշինգտոնի հանդեպ, ինչպես եւ սպասվում էր, մեղմ ասած, առաջվանը չէ: Եվ խնդիրն ամենեւին էլ միայն Հունաստանը չէ, որը հերիք չէ` պահանջում է ռուսների հանդեպ եվրոպական պատժամիջոցներից հրաժարվել, դեռ մի բան էլ հրաժարվում է նոր պետական վարկեր վերցնելուց: Իսկ դա արդեն Վաշինգտոնի համար լուրջ մտածելու հարց է. եթե Հունաստանը մտածում է հրաժարվել "վարկային ասեղից", ապա դա խորքային հարված է նաեւ անգլոամերիկյան ֆինանսական գլոբալ համակարգին: Իհարկեª Հունաստանը փոքր երկիր է, բայց այն Եվրամիության անդամ է, այսինքնª այդ վարակիչ օրինակը կարող է տարածվել ողջ ԵՄ-ով մեկ, եւ արդեն իսկ նման միտումներ կան: Միգուցե այս "հունական սյուրպրիզի" լուծումը Վաշինգտոնը գտնի: Բայց շատ ավելի լուրջ է, որ նախª Ֆրանսիայի ամենահավանական նախագահացու Մարի Լը Պենն է այն համոզմունքին, թե. "Ռուսաստանի հետ անհրաժեշտ է ռազմավարական հարաբերություններ հաստատել"ª նաեւ "թաղելով" Եվրամիությանը, քանի որ. "Մենք ԵՄ-ից ոչ մի օգուտ չենք ստանում... միայն պարտքեր, գործազրկություն, գաղափարախոսության քայքայում: Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը ֆինանսների, բյուջեի, օրենսդրության ոլորտներում եւ չենք կարող ինքնուրույն որոշել մեր ճակատագիրը...": Դրանից հետո էլ, թեեւ այս օրերին Վաշինգտոնը փորձում է ուկրաինական վիճակը կայունացնելու համար Կիեւին զենք մատակարարելու հարց լուծել, այստեղ էլ կանցլեր Մերկելն է հակաճառում. "Ես համոզված եմ, որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով":
Չնայածª Մերկելին կարելի է հասկանալ. վերջին օրերին մի կողմից ԱՄՆ-ից հնչեց հայտարարությունª Եվրոպայում ամերիկյան զինուժը նկատելիորեն ավելացնելու մասին, մյուս կողմից էլª ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, թե Ռուսաստանը ռազմավարական ուղղություններում լրջորեն կամրապնդի իր խմբավորումները: Իսկ դա Եվրոպայի համար իրական ահազանգ է, որ եթե ռազմական իրավիճակն Ուկրաինայում հանկարծ հունից դուրս գա, ապա առաջինը հենց Հին աշխարհամասն է, որ ոտնատակ է գնալու: Իսկ դա հուշում է, որ ուկրաինական թեմայով Մոսկվայի վրա հետագա ճնշումների պարտադրանքը կարող է միայն խորացնել Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում այդքան տեսանելի դարձած կնճիռները, եւ պատահական չէ, որ գոնե Կիեւին զինելու հարցում Սպիտակ տունը որոշեց զիջել Մերկելին:
Այս բոլոր նյուանսներն էլ, անշուշտ, իրենց հերթին են անդրադառնում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի ուղղությամբ հարավկովկասյան տարածաշրջանի եւ, հատկապես, Վրաստանի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վրա: Իսկ ավելի կոնկրետª այսօրինակ ընթացքը կարող է եւ վերջնականապես խարխլել Հարավային Կովկասում Վաշինգտոնի դիրքերը: Իրավիճակը կարող էր արմատապես փոխել Ղարաբաղի շուրջ ռազմական սրացումը, եւ եթե իրականում էլ Ալիեւը սկսել է զգուշանալ Հայաստանի հռչակած ակտից` պաշտպանության ռազմավարությունից, ապա կարելի է ասել, որ Ջեյմս Ուորլիքն իրոք "ճիշտ" պահին է ակտիվացել:
Բայց նաեւ ասել, թե Ալիեւին կանգնեցնողը բացառապես հայաստանյան այդ նոր ռազմավարությունն է, միամտություն կլիներ: Իհարկեª դա իր որոշակի դերն ունեցավ: Սակայն Բաքվին պետք է, որ մեկ այլ նյուանս էլ մտահոգի: Օրերս, երբ Ստեփանակերտը պաշտոնապես հայտարարեց ադրբեջանական երկու դիրքերի ոչնչացման մասին, որքան էլ տարօրինակ է, սակայն Անկարայից ամենեւին էլ բուռն արձագանք չեղավ: Միամտություն կլիներ ասել, թե դա հուշում է, որ Թուրքիան այդքան անտարբեր է դարձել իր փոքր եղբոր նկատմամբ կամ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ է որոշել մի փոքր մեղմել հակահայկական հռետորաբանությունը: Միգուցե այդ գործոններն էլ կան: Բայց նաեւ չմոռանանք, որ վերջին ժամանակներս պաշտոնական հայտարարություններ են հնչում` Թուրքիայով ռուսական գազի տարանցման հայտնի ծրագրերի առնչությամբª կոնկրետ ուղղությունների, նախագծային որոշ մանրամասների եւ այլն: Այսինքնª Թուրքիայի այդ երազանքների նախագիծը գործնական ընթացքի մեջ է, եւ հենց այս պահին ադքան անհույս դարձած Ղարաբաղի հարցը սրելը, այն էլ, երբ դրանից բխող հակառուսական երանգները ցայտուն են, կարող է եւ ձախողել Անկարայի բոլոր գազային սպասելիքները: Իսկ առանց Անկարայի տրամադրությունները հաշվի առնելուª Բաքուն ոչ մի դեպքում վճռական քայլերի չի գնա, թեկուզեւ Ուորլիքը հազար անգամ "մտահոգվի":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

