ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ"
Արխիվ 12-16ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ"
Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` ներսում ոմանց մոտ կասկածներ էր հարուցել Իգոր Մուրադյանի` արցախյան չարաբաստիկ ավտոերթին միանալու անսպասելի որոշումը: Այդ կասկածները էլ ավելի թանձրացան, երբ սույն ծայրահեղական կերպարանքը հանկարծ սկսեց խոսել, թե Ստեփանակերտում ակնկալում էր հակառուսական տրամադրություններ: Մեր աղբյուրի վկայությամբ` հենց այդ կասկածները պատճառ են դարձել, որ Ժիրայր Սէֆիլյանը գերադասում է լռություն պահպանել եւ ընդամենը սահմանափակվել է կարճ երկտող փոխանցել, ուր շեշտում է, որ վճռական է պայքարը շարունակելու, բայց միաժամանակ մեծ սիրով է տոգորված բոլոր արցախցիների հանդեպ, այդ թվում` նույնիսկ իր վրա ձեռք բարձրացնողների: Մեր զրուցակիցը նաեւ ոչ պատահական է որակում այն, որ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը իր հարցազրույցի ժամանակ արտաբերել է "մեր ձեռքերով ուզում են սեպ խրել" ֆրազը եւ մտահոգություն հայտնել, որ "կեղծ ընդդիմադիրները" կսկսեն բորբոքել "հայաստանցի-ղարաբաղցի" հակամարտությունը:
Մեր աղբյուրի խոսքով` "Հիմնադիր խորհրդարանում" այժմ քիչ չեն նրանք, ովքեր փոշմանել են չարաբաստիկ ավտոերթի կապակցությամբ եւ կասկածում են, որ իրենց նենգորեն օգտագործել են: Ու նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված, որ ոչ ոք այդպես էլ չդիմեց` Արցախի ոստիկանության գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

