Փետրվարի 5-ին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդի հրավիրած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին, սակայն, ՀԱԿ-ը չի մասնակցելու: "Ազգային անվտանգություն" կուսակցության ղեկավար, քոչարյանա-ԲՀԿ-ամետ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պարտավոր է մասնակցել խորհրդաժողովին, քանի որ այն աննախադեպ է: ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում այդ հայտարարությանը: "Էդպիսի բան չկա, ո՞վ է ասել",- հարցին հարցով պատասխանեց պրն Ջհանգիրյանը:
Հիշեցրինք` հայտարարության հեղինակը Գառնիկ Իսագուլյանն է: "Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է` նրան էլ հարցրեք",- ասաց պատգամավորը: - Պրն Ջհանգիրյան, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին: Ի վերջո, կարեւոր հարցեր են քննարկվելու: - ՀԱԿ-ը չմասնակցելու բացատրությունն արդեն տվել է: Ես լրացնելու ոչինչ չունեմ: - Ամբիացիաների խնդի՞ր կա: - Ես արդեն ասացի` ՀԱԿ-ը բացատրել է, հայտարարել է: - Իսկ չմասնակցելով` ՀԱԿ-ը ի՞նչ մեսիջ է հղում հանրությանը, երբ հայտարարում է, որ չի մասնակցում խորհրդաժողովին` ֆորմատի փոփոխությունը պատճառ բերելով: - Նորմալ բան է հայտարարել Կոնգրեսը... - Եթե ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին, հանրությունը գուցե կարծի, թե "եռյակը" միասնական չէ՞: - Մենք էլի միասնական ենք "երկյակի", "եռյակի" ֆորմատում եւ շարունակում ու շարունակելու ենք ապագայում մեր համագործակցությունը: