ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ԵՎ "ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԻ" ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ԵՎ "ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԻ" ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Եվ այսպես, հայտնի է, որ փետրվարի 5-ին նույն շքեղ "Մուլտի գրանդ" հյուրանոցում տեղի է ունենալու "ԲՀԿ+" ձեւաչափով կոնֆերանսը: Հայտնի է նաեւ, որ ՀԱԿ-ը հաստատակամ է այդ կոնֆերանսին չմասնակցելու իր որոշման մեջ, դե, իսկ ինչ վերաբերում է "Ժառանգությանը", ապա Րաֆֆի Հովհաննիսյանին այդտեղ ընդհանրապես "մարդատեղ" չեն դնում: Ու նման է, որ ԲՀԿ-ն էլ հաստատակամ է` վերջ տալու "հավասար առաջնորդներով" տարատեսակ "եռյակային" եւ այլ խաղերին:
Գալի՞ս եք` եկեք ու միացեք նույն կարգավիճակով, ինչ, ասենք, Կարապետիչը, չե՞ք գալիս` հեչ էլ գաք... Եվ, ի դեպ, օրինակ, նույն Կարապետիչը արդեն վերից վար է նայում ԼՏՊ-ին: ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ինչ սկսվել է ԱԺ նստաշրջանը` ամբիոնից մի գլուխ լսվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ճղճղան ձայնը: Նա ամենապաթետիկ կերպով մեղադրում է բոլորին եւ ամեն ինչում, հավանաբար, ինքն իրեն համարելով արդարության ռահվիրա: Ավելորդ չենք համարում անդրադարձ կատարել, մասնավորապես, նրա "հակաօլիգարխիկ" ճառին. "Ես անուն առ անուն ճանաչում եմ նրանց բոլորին, որոնք իշխանության թեթեւ ձեռքով ընտրությունների ժամանակ մեքենայություններ են անում: Դե, ընտրությունները կրկնվելու սովորություն ունեն: Այդ պատճառով էլ իշխանությունը մտածում է` նրանք մեզ դեռ պետք կգան: Դրա համար էլ նրանց ձեռք չեն տալիս, այլ փոխարենը պահանջում են, որ փոքր բիզնեսը մատնի խոշորին: Իսկ խոշոր բիզնեսը աճում եւ բարգավաճում է, սպասարկում է ձեզ ընտրակեղծիքների ժամանակ, իսկ դուք էլ օգնում եք նրանց մաքսատանը": Դրան ի պատասխան` Գալուստ Սահակյանը բազմանշանակ ակնարկեց. "Այո, կան, օրինակ, շատ խոշոր գործարարներ, որոնք շատ ազնիվ են աշխատում: Եվ մենք այդ մասին գիտենք": ԱԺ նախագահը, ըստ էության, թափանցիկ ակնարկ արեց, որ հենց ԲՀԿ-ն է օլիգարխիկ կուսակցություն: Դե, իսկ "շատ ազնիվ" աշխատելու մասին ակնարկն էլ ակնհայտորեն վերաբերում էր ԲՀԿ-ում ընդգրկված խոշոր բիզնեսի հարկային պարտավորություններին:
Այն, որ ԲՀԿ-ն շատ ակտիվ եւ նույնիսկ ագրեսիվ ձեւավորում է "համաժողովրդական շարժման" տեղական շտաբներ ու կառույցներ, դա փաստ է: Մեծ ինտենսիվությամբ աշխատեցվում են եւ քարոզչական հնարավորությունները, ինչպես "կանոնավոր" ԶԼՄ-ներում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Եթե մեկ բառով նկարագրենք դրանց քարոզածը, ապա կտեղավորվի հետեւյալ բանաձեւում` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն աշխարհի ամենաքըխն են, արարչագործության օրվանից եղած ամբողջ չարիքը նրանց ձեռքի գործն է, իսկ ով կասկածում է, թե ԲՀԿ-ն է Սերժ Սարգսյանին հեռացնող հիմնական ուժը, ուրեմն նա Բաղրամյան 26-ի հաճախորդ է: Ու թվարկվում են բոլորը, բացառությամբ թերեւս ՀԱԿ-ի եւ "Հիմնադիր խորհրդարանի": ՀԱԿ-ի հետ, թերեւս, ստեղծվում է "փոխադարձ չհարձակման" պակտի պես մի բան, իսկ ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Երեւանում խուլիգանության պատրաստվող "Հիմնադիր խորհրդարանին", ապա ԲՀԿ-ն այդ կառույցի հետ ունի մեկ ուշագրավ ընդհանրություն: Երկուսն էլ ձգտում են շփվել համապետական ընտրություններին չմասնակցող հայության հատվածների հետ: Եվ եթե "Հիմնադիր խորհրդարանը" մեկնում է Արցախ եւ այդտեղից ծեծ կերած վերադառնում, ապա ԲՀԿ-ն` առանց ծեծ ուտելու, Սփյուռքում կազմակերպում է հանդիպումներ` չմոռանալով տուրք տալ իր ավանդական ցուցամոլությանը, եւ միաժամանակ սփյուռքահայերին ներկայացնելով Հայաստանը դժոխքից չտարբերվող նկարագրությամբ: Թե արդյո՞ք ինչ-որ կետում կմիանան ԲՀԿ-ն եւ "Հիմնադիր խորհրդարանը", դժվար է ասել, սակայն ընտրող չհանդիսացող զանգվածների հետ ինտենսիվորեն հաղորդակցվելու միտումը, կարծես թե հուշում է, որ երկուսի մտքին էլ կան հեղաշրջումային սցենարները: Պարզապես, "Հիմնադիր խորհրդարանը" դրա մասին խոսում է բացահայտ, եւ համապետական ընտրությունները համարում արհամարհելի, իսկ ԲՀԿ-ն հրապարակավ այդպիսի խոսակցություններ դեռ չի վարում: Միգուցե չի էլ վարի, եթե աշխարհաքաղաքական միջավայրը դրա համար Հայաստանում հարմար մթնոլորտ չստեղծի:
ՀԱԿ-Ը ԵՎ ՄՅՈՒՍ "ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԸ"
ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Այն, որ Լեւոն Ակոպիչը որոշել է չլինել ԲՀԿ-ի կցորդ եւ մոռացության մատնել իր սիրելի "քաղաքագիտական վերլուծությունը", փաստ է: Սակայն ի՞նչ է գերադասում անել ուղիղ 17 տարի առաջ հրաժարական տված ծեր աղվեսը: Առայժմ` սպասել առանց կտրուկ շարժումների: Դե, ԲՀԿ-ին հրապարակավ չեն հարվածում, նույնիսկ քարոզչական ճակատում համագործակցություն է առկա` ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին վատաբանելու ուղղությամբ: Պարզապես, եթե ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի քարոզիչները գերադասում են կոպիտ կացնային կիսահայհոյանքային քարոզչությունը, ապա դավադրությունների տեսությունները եւ Սերժ Սարգսյանին գաղտնի դավաճանությունների շարան վերագրելը ՀԱԿ-ի քարոզչամեքենայի բաժինն է: Ձեռքի հետ էլ շրջանառության մեջ են դնում տարատեսակ մուտիլովկաներ` փորձելով ՀՀԿ-ականներին դրդել առնետավազքի:
Առայժմ "Հիմնադիր խորհրդարանի" պարագայում ՀԱԿ-իստները գերադասում են չողջունել "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը, իսկ Բերձորի միջադեպի առնչությամբ ցեխ լցնել Արցախի իշխանությունների (պաշտոնական մակարդակով) եւ արցախցիների վրա (քարոզչական մակարդակով): ՀԱԿ-ը մերժելի համարեց Գալուստ Սահակյանի առաջարկությունը` Ստեփանակերտ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ: Ըստ Լեւոն Զուրաբյանի. "Կատարվածի համար պատասխանատվություն են կրում ԼՂՀ իշխանությունները, թեեւ գիտենք, թե իրականում որտեղից են հովերը փչում: Այնուհանդերձ, քանի որ ֆորմալ առումով կատարվածի պատասխանատուն ԼՂՀ իշխանություններն են, մենք որեւէ տրամաբանություն չենք տեսնում նրա մեջ, որ ՀՀ պատգամավորները մեկնեն Ստեփանակերտ` խնդիրը քննարկելու եւ հարթելու նպատակով: Հակառակը, ճիշտ կլիներ, որ ԼՂՀ պատգամավորները գային Երեւան, հանդիպեին մեզ հետ, բացատրություններ տային իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, ինչու ոչ` ներողություն խնդրեին կատարվածի համար եւ խոստանային, որ միջոցներ կձեռնարկվեն նման գազանության պատասխանատուներին պատժելու համար": Ներողություն խնդրելու գաղափարն, ի դեպ, անընդմեջ առաջ են մղում եւ գրանտակեր "քաղաքացիական հասարակության" ներկայացուցիչները, զորօրինակ` Ավետիք Իշխանյանը: Ընդհանրապես, Բերձորի միջադեպը դատապարտելու եւ տուժողներին կարեկցելու ալիքի վրա հիմա քաղաքական կապիտալ չեն վաստակում, թերեւս միայն իշխանություններն ու ծույլերը:
Ինչքան "նարնջագույն" ուժ կա, սկսած ծպտյալից` ի դեմս ՀԱԿ-ի, վերջացրած Եվրամիության դրոշը սրբապատկերի տեղ բացեիբաց պաշտողներով, սպասողական վիճակում են: Կտրուկ քայլեր չեն անում, շատ ուշադիր հետեւում են Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության ընթացքին, եւ անընդմեջ թունավորում եմ մթնոլորտը` ամենակեղտոտ քարոզչությամբ` ռուսատյացությանը ավելացնելով նաեւ արցախցիների դեմ ատելության եւ թշնամանքի հրահրումը: Դե, բնականաբար, կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ հակաիշխանական հայհոյանքների հոսքը երբեք չի պակասում:
Ճիշտ է, թեեւ առայժմ մեր պահպանողական "փիս եւ ստրկամիտ ժողովրդի" ուղեղը այդքան քարոզչական շտամպները թեեւ այդքան էլ չեն մտնում, բայց, այնուամենայնիվ, քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ ստեղծվում է հարմար մթնոլորտ ապագա Մայդանի համար: Ու հարցեր են առաջանում` ուղղված մեր ազգային անվտանգության մարմիններին: Լավ, գլուխը քարը, որ ոչինչ երեւացող չեք անում` պղտոր քարոզչահոսքը եւ գրանտածիծ շպիոնօնիկությունը չեզոքացնելու համար, բայց ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը մեկ ամսում երկու խոշոր սադրանքներ եղան` Գյումրիում եւ Բերձորում, ու դրանցից ոչ մեկը չկանխեցիք: Ե՞րբ սպասենք արտաքին եւ ներքին թշնամու սերտ համագործակցությամբ իրականացվելիք հաջորդ այլանդակությանը, որն անպայման կլինի, եթե կանխարգելմանը վերաբերվեն այնպես, ինչպես մինչեւ հիմա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

