ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացած Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը տապալած շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կփորձի վերջ դնել անհաջող խաղերի շարքին Գերմանիայում մեկնարկած սուպերմրցաշարում: Բադեն-Բադեն քաղաքում անցկացվող շախմատային հեղինակավոր մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, անգլիացի Մայքլ Ադամսը, Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչն ու Դավիդ Բարամիձեն:Այս մրցաշարից սպասել հայ շախմատիստի հաղթանակը իրատեսական չի լինի. Արոնյանը, ցավոք, հասցրել է ապացուցել, որ արդեն տեւական ժամանակ է շատ է զիջում իր հիմնական մրցակից Մագնուս Կարլսենին: Առավել եւս, որ նորվեգացին այլեւս Արոնյանի ամենեւին էլ միակ հիմնական մրցակիցը չէ: Որպես ասվածի ապացույց նշենք, որ Արոնյանը շարունակում է դիրքերը զիջել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Փետրվարի 1-ի դրությամբ նա կորցրել է 20 միավոր եւ այժմ 2777 վարկանիշով 9-րդ տեղում է. լավագույն եռյակում են Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Ֆաբիանո Կարուանան:
Անդրադառնանք նաեւ փետրվարին նախատեսված այլ մրցաշարերի, որոնք չեն զիջում կարեւորությամբ: Հայաստանը ինը ներկայացուցիչ կունենա շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, որը կանցկացվի փետրվարի 24-ից մարտի 8-ը Երուսաղեմում: Առաջնությունում հայտավորվել են Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, Վլադիմիր Պողոսյանը: Եվս մեկ կարեւոր շախմատային իրադարձության մասին, որը թերեւս դադարել է ընկալվել որպես միայն մարզական միջոցառում, երբ դրան առնչվեցին մեր հարեւանները: Այսպեսª Ծաղկաձորում ապրիլի 18-ին մեկնարկելու է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին նախատեսվում է 10 ազգային հավաքականների մասնակցություն: Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Ադրբեջանը եւս այդ հավաքականների թվում էր, մինչդեռ "Aqzerisport"-ը շտապել է տեղեկացնել, որ այդ թիմը հրաժարվել է ժամանել Հայաստան: Թեեւ այս մրցաշարից Ադրբեջանն առանձնապես սպասելիքներ չէր կարող ունենալ, քանի որ աշխարհի առաջնություններում Ադրբեջանի հավաքականը ոչ մի անգամ մրցակցային տեղեր չի զբաղեցրել, սակայն նշված հանգամանքն արդեն իսկ այդ մրցաշարը սպորտայինից տեղափոխել է նաեւ քաղաքական հարթություն: Առավել եւս, որ շրջանառվում է այն վարկածը, ըստ որի` Ադրբեջանի ղեկավարությունը Հայոց cեղասպանության 100-ամյակի օրերին թույլ չի տվել շախմատային հավաքականի անգամ որեւէ ներկայացուցչի ներկայությունը Հայաստանում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

