«ՄԱՅՐՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ ԱԶԴՎԵՑ ԻՄ ՄԱՀՎԱՆ ՏԵՍԱՐԱՆԻՑ»
Արխիվ 12-16«ՄԱՅՐՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ ԱԶԴՎԵՑ
ԻՄ ՄԱՀՎԱՆ ՏԵՍԱՐԱՆԻՑ»
«Ինձ թվում է` սա Հայոց ցեղասպանության մասին առաջին անկեղծ ֆիլմն է: Իմ կարծիքով սրան մոտ ոչինչ չի էլ եղել»,- ահա այսպես է գնահատում գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր ՖԱԹԻՀ ԱՔԻՆԻ բավական մեծ արձագանք գտած նոր` Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Սպի» ֆիլմը` սցենարիստ, ազգությամբ հայ ՄԱՐԴԻԿ ՄԱՐՏԻՆԸ: Ֆիլմը Ցեղասպանություն վերապրած Նազարեթ Մանուկյանի եւ նրա երկվորյակ դուստրերի պատմությունն է: Մազապուրծ լինելով Մեծ եղեռնից, կորցնելով ընտանիքը` գլխավոր հերոսը, թեպետ խոշտանգված, բայց ողջ է մնում ու դուստրերին գտնելու հույսով` կտրում անցնում է Հալեպից մինչեւ Հյուսիսային Դակոտա նահանգը: Այս ֆիլմում իր կերտած կերպարի, ինչպես նաեւ նկարահանումների ներքին խոհանոցի մասին էլ օրերս կայացած հայաստանյան պրեմիերայից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ֆրանսաբնակ դերասանուհի ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
«ՖԻԼՄՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՀԱՄԱՁԱՅՆ ԷԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՏ»
-Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք նկարահանվել մի ֆիլմում, որը նկարահանելու էր թուրք ռեժիսոր:
- Ֆրանսիայում Ֆաթիհ Աքինը ծագումով հայ ու անգլախոս դերասաններ էր փնտրում: Եվ մենք հանդիպեցինք... Դա ինձ համար շատ հուզիչ հանդիպում էր, որովհետեւ հանդիպման ընթացքում իմացա, որ գերմանաբնակ թուրք ռեժիսորը ուզում է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ: Մենք խոսեցինք, երեւի, մեկ ժամ, տարբեր դրվագների մասին պատմեցինք, թե ով ինչ է կարդացել, ով ինչ պատմություն է լսել ընտանիքում` Ցեղասպանության մասին: Արդյունքում ես մեծ հաճույքով խաղացի այս ֆիլմում:
- Ֆիլմը պատմում է թուրքերի բարբարոսության մասին, բայց հենց նկարահանող կազմում` Ֆ. Աքինի գլխավորությամբ, եղել են թուրքեր: Արդյո՞ք հեշտ էր աշխատել նման միջավայրում:
- Ոչ միայն թուրք, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված անձնակազմ ուներ ֆիլմը: Կային, իհարկե, նաեւ թուրք դերասաններ, սակայն մթնոլորտը շատ ընկերական ու հաճելի էր, եւ այդ ամենը Ֆաթիհից էր գալիս: Ինչպիսի դրվածք դնում է ռեժիսորը, այդպես էլ ընթանում է ֆիլմի նկարահանման ողջ ընթացքը: Իհարկե նշեմ, որ այս ֆիլմում աշխատում էին այն մարդիկ, ովքեր համաձայն էին Ցեղասպանության ճանաչման հետ: Սա ինձ համար շատ կարեւոր փուլ էր, որովհետեւ աշխատեցի Ֆաթիհ Աքինի, Նուրհան Սեքերջիի, Աքին Գազիի հետ, որն իմ ամուսինն է խաղում ֆիլմում: Եվ շատ այլ թուրք դերասանների հետ ծանոթացա, որոնք չեն վախեցել ու Թուրքիայից եկել են Եվրոպա, որպեսզի խաղան այս ֆիլմում: Իսկապես, սա ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ մինչ այդ չեմ ունեցել հնարավորություն` շփվել թուրքերի հետ: Իսկ հիմա, երբ կա Ֆաթիհ Աքինի նման մարդ, դա արդեն հույս է ծնում, որ գուցե թուրքը կփոխվի:
«ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՍ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է ԴԱ»![]()
-Ձեր ընտանիքում ու հայկական շրջապատում ինչպե՞ս ընդունեցին այն փաստը, որ Դուք նկարահանվելու եք թուրք ռեժիսորի ֆիլմում: Ի վերջո, շատ նուրբ թեմա է արծարծվում ֆիլմում եւ միգուցե արդյունքը բոլորովին այլ լիներ:
- Իհարկե, երբ սցենարը կարդում ես, արդեն գիտես` ինչի մասին է ֆիլմը լինելու, ու հնարավոր չէր, որ ուրիշ արդյունք լիներ: Հետեւաբար ընտանիքիս, հարազատներիս կողմից քննադատություններ չեղան, ուղղակի մայրս շատ ուժեղ ազդվեց իմ մահվան տեսարանից ու շատ ծանր տարավ:
- Իսկ որտեղի՞ց եք արմատներով, որովհետեւ ֆիլմում կարծես ոչ թե խոշտանգված կնոջ կերպար էիք խաղում, որը նախընտրում է մահը կյանքից, այլ վերապրում էիք այդ ամենը…
- Հայրիկիս կողմը Վանից է եղել: Այսպես, թե այնպես, բոլոր հայերիս արյան մեջ է դա` մենք դրա հետ ծնվում ենք ու դրանով ապրում:
«ՄԵՆՔ ԱՅԼ ՁԵՎԻ ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ԱՅՍ ՖԻԼՄԸ, ՈՒՐԻՇՆԵՐՆ ԱՅԼ ԲԱՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ»
-Ի դեպ, ֆիլմում կային նաեւ արտասահմանյան դերասաններ, որոնք հայի կերպար էին խաղում: Նրանց հաջողվո՞ւմ էր զգալ սցենարն այնպես, ինչպես հայը կզգար:
- Դա պետք է ֆիլմը դիտողներն ասեն: Բայց նրանք էլ հետաքրքրվեցին, կարդացին, իմացան Ցեղասպանության մասին ու շատ պատրաստված էին եկել, իսկ նկարահանումները բարձր մակարդակով ընթացավ: Իհարկե, մենք` հայերս, ուրիշ բան ենք զգում այս թեմայի հետ կապված: Ավելին ասեմ` մենք այլ ձեւի ենք նայում այս ֆիլմը, ուրիշներն այլ բան են տեսնում:
«ՄԻՆՉԵՎ ԴԵՄՈՅԱՆՆ ԱՅՍ ԲԱՆԸ ՉԷՐ ԱՍԵԼ, ՉԳԻՏԵԻ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԲԵՐՎԵՄ»
Ի վերջո, «Սպի» ֆիլմում ստեղծելով մի քանի թուրքի դրական կերպար, որոնցից մեկն անգամ գլխավոր հերոսից ներողություն է խնդրում, ինչ մեսիջ էր ուզում դրանով ուղարկել թուրք ռեժիսորը հանդիսատեսին` «Իրավունքը» պարզեց հենց ՖԱԹԻՀ ԱՔԻՆԻՑ. «Հինգ տարի առաջ Հայոց ցեղասպանության հուշարձան այցելեցի եւ հանդիպեցի Հայկ Դեմոյանի (Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-Հ.Ս.) հետ: Այդ հանդիպումը շատ կարեւոր դարձավ` պարոն Դեմոյանի տրամադրած տեղեկություններով հանդերձ: Նա ասաց` երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, նաեւ հիշում ենք նրանց, ովքեր մեզ օգնել են, ովքեր մեզ ապաստան են տվել, օգնել են վերապրել: Ինքն այնքան համոզմունքով այդ ասաց, որ դրա համար էլ ես ցանկացա այնպիսի բան գրեմ, որը կվերահաստատի Հ. ԴԵմոյանի ասածը: Մինչեւ Դեմոյանն այս բանը չէր ասել, չգիտեի թուրքերին ինչպես վերաբերվեմ: Ու ես որոշեցի, որ դա պետք է ֆիլմում լինի, բայց առանց չափազանցության: Սովորաբար լինում է մեկը, որը կոկորդ է կտրում, մյուսը` օգնում, փրկում, իսկ մեր ֆիլմում նույն մարդն է երկուսն էլ անում: Ինձ դուր եկավ այդ գաղափարը, որ նույն մարդն է այդ երկու արարքի հեղինակը»:
Հավելենք, որ ֆիլմը դիտելիս` սկզբից մինչեւ վերջ ոչ միայն հերոսները, այլեւ հանդիսատեսը վերապրեցին Ցեղասպանության ցավը ու հասկացան, որ կատարվածը երբեք էլ չի սպիացել ո՛չ մեր սրտերում, ո՛չ հուշերում, այլ 100 տարիների ընթացքում վերքն ու մրմուռը միմիայն խորացել են...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

