"ՀԱՅԿԱԶԻՆ "ԽԱՐՈՇԻ" ՏՂԵՐՔԸ ՔՆԱԾ ՏԵՂԸ ՏԱՆՋԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ"
Արխիվ 12-16"ՀԱՅԿԱԶԻՆ "ԽԱՐՈՇԻ" ՏՂԵՐՔԸ ՔՆԱԾ ՏԵՂԸ ՏԱՆՋԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ"
"Հայկազին քնած տեղը տանջամահ են արել, կտտանքների ենթարկել, հետո կախել պտտաձողից: Սա ոճրագործություն է, որը հավասար է մի քանի տարի առաջ Սաֆարովի կողմից կատարած վայրագությանը",- մեզ հետ զրույցում անդրադառնալով հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առեղծվածային սպանությանը, ասաց սպանված կուրսանտի քեռին` Արա Միքայելյանը: Հարազատները գրեթե համոզված են, որ.-Սա ոչ մի բանով չի տարբերվում Սաֆարովի ոճրագործությունից, ուղղակի այստեղ տարբերությունն այն է, որ հայը հայի հանդեպ է արել: Հայկազին, այսպես ասած, "խարոշի" տղերքը ուզում էին կոտրել: Բայց, քանի որ տեսել են, որ նա իրենց ենթարկվողը չի, որոշել են տանջանքների ենթարկելով սպանել, ու հետո սարքել էնպես, թե իբր ինքնասպան է եղել: Ինքը շատ գոհ էր ծառայությունից, երբեք չէր դժգոհում: Վաշտի էդ լակոտները` էդ չորս ձերբակալված "խարոշի" տղերքը, սաղին նեղել են, սաղ վաշտը վախեցել է էդ "խարոշիներից": Բայց իմ քրոջ տղեն, քանի որ մարզիկ է եղել, իրա վրեն չեն կարացել. Հայկազը ոչ մեկին չի ենթարկվել ոչ մի հարցում: Իր ընկերը, ում արդեն հարցաքննել են, ասել է, որ բոլորը վախից տեղաշորի տակ գլուխները պահել են ու չեն կարացել անգամ խոսալ, իսկ Հայկազին քնած տեղը ծեծել ու խեղդամահ են արել, տանջել են:
Ես ենթադրում եմ նաեւ, որ այդ չորս ձերբակալվածներից մեկը գնդապետի որդի է, որովհետեւ հնարավոր չէ, որ սովորական վեճ լիներ, ու "աֆիցերները" չխառնվեին. ըստ երեւույթին, նրանք վախեցել են խառնվել: Մեզ գործի մանրամասներին տեղյակ չեն պահում, սաղ ձերբակալված են, քննություն է տարվում: Իսկ "աֆիցերները" ասում են, որ տեղյակ չեն, չեն էլ պատկերացնում, թե դա ոնց է եղել: Ասում են, ըստ երեւույթին, դա շատ արագ է եղել, եւ ոչ մեկի մտքով էլ չի անցել, որ Հայոց բանակի 23-րդ տարելիցին, հնարավոր է նման ոճրագործություն:
Ի դեպª ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի երեկվա պաշտոնանկությունը, ինչպես նաեւ այն լուրերը, որ ռազմական ինստիտուտի մի շարք այլ պաշտոնատար անձինք եւս կազատվեն պաշտոնից, արդեն իսկ ավելի շատ խոսում են Հայկազ Բարսեղյանի քեռու ներկայացրած վարկածի օգտին: Բայց նաեւ նկատենք, որ ո՛չ այդ պաշտոնանկությունները, ո՛չ էլª սպանության մեջ մեղադրվող չորս անձանց կալանքը դեռ խնդրի վերջնական լուծումը չեն: Պակաս կարեւոր չէ նաեւ այդ մարդասպաններից մեկի գնդապետ-հոր հարցը, ինչի մասին տարբեր այլ աղբյուրներ էլ են վկայում: Եթե իրոք կա այդ գնդապետը, ապա հաստատ նա եւս տեղ չունի ազգային բանակում. եթե հաջողացրել է նման զավակ դաստիարակել, ապա դժվար չէ կռահել, թե նույն "հաջողությամբ" ինչ "դաստիարակչական" գործունեություն կծավալի նաեւ բանակում: Պակաս մտահոգիչ չէ նաեւ սպանված զինծառայողի քեռու այն պատմությունը, թե մյուս կուրսանտները "վախից տեղաշորի տակ գլուխները պահել են ու չեն կարացել անգամ խոսալ": Այսինքն` ի՞նչ, իրենց ընկերոջը տանջամահ էին անում, իսկ նրանք վախից գլուխնե՞րն էլ չէին բարձրացնում: Եվ դրա՞նք են մեր ապագա սպաները, եթե վաղը-մյուս օրը հայտնվեն մարտի դաշտում, էլի՞ գլուխները "տեղաշորի տակից" չեն հանելու: Սա, թերեւս, այն ամենալուրջ հարցերից մեկն է, որը եւս այս գործի շրջանակներում պետք է, որ գտնվի պաշտպանության համակարգի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

