ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ "ԻՐԱՎՈՒՆՔ"-Ի ՀԱՐՑԸ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. "ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ՀԱՐՑԸ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. «ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ»
Երեկ ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող խորհրդարանական պատվիրակության ասուլիսը, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: «Իրավունքը» պատվիրակության անդամներից հետաքրքվեց, թե ինչպես են վերաբերվում ու ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել խոսքի ազատության «ջատագով» ԵԽԽՎ-ում, երբ 21 եվրապատգամավորներ կոչ են անում հետապնդումներ սկսել «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դեմ, քանի որ թերթը մշտապես հանդես է գալիս ընդդեմ համասեռամոլների լոբբիստների: Ի պատասխան` տիկին ՆԱՂԴԱԼՅԱՆԸ նշեց.
-Այո, իսկապես 21 պատգամավորի կողմից արվել է հայտարարություն, որն անդրադառնում է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ պարոն Հայկ Բաբուխանյանին եւ նրա կատարած գործունեությանը:
Բայց պիտի ասեմ Ձեզ, որ ԵԽԽՎ-ն ունի շուրջ 400 պատվիրակ եւ այդքան էլ փոխարինողներ, ու նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի իր համար հոգեհարազատ թեմայով ելույթ ունենալ, հայտարարաություն անել կամ հարց բարձրացնել: Եվ կան նաեւ այս գաղափարի տեր մարդիկ, որոնք պահանջում են կամ հայտարարում են, որ նման վերաբերմունքը իրենց համար ընդունելի չէ: Մենք դեռեւս առիթ չենք ունեցել այս խնդրով զբաղվելու, որովհետեւ հարցը բարձրացվել է նիստի վերջին օրը: Բայց նաեւ պիտի ասեմ, որ նմանատիպ հարց մենք ունենք մեր մոնիթորինգի համազեկուցողների բարձրացրած հարցադրումների մեջ, եւ ՀՀ պաշտոնական վերաբերմունքը այդ իմաստով է, որ պահանջում է հանդուրժողականություն եւ ազատություն յուրաքանչյուր մարդու համար: Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք մեզ համար` որպես գաղափարական հայացք, հոգեհարազատ չեն, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի նաեւ իր միտքը ազատորեն արտահայտելու այդ խնդիրների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում եվրապատգամավորները տարածել են մի բանաձեւ (N 584), որով կոչ են անում ՀՀ իշխանություններին տոտալիտար ճնշումներ գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ որպես արդարացում հակաժողովրդական կոչերի` նրանք նշում են, որ «Իրավունք» թերթը պաշտպանել է Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել են հոմոսեքսուալիստների լոբբիստների վայրագ եւ անմարդակային հետապնդումներին, քանի որ քույրերը համարձակվել էին բացասական կարծիք հայտնել եվրախայտառակություն դարձած Կոնչիտայի վերաբերյալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

