ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԴԻՐՔԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԴԻՐՔԵՐԸ
Ղարաբաղի Պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ հունվարի 31-ին հայկական ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական "շփման գծի արեւելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք եւ մեկ մարդատար ավտոմեքենա...", վերջին 20 տարվա համար պետք է աննախադեպ համարել: Նկատի չունենք բուն գործողությունը. անցած երկու տասնամյակներին ավելի լուրջ, ծավալուն գործողություններ հայկական կողմը էլի քանիցս անցկացրել է: Աննախադեպն այն է, որ այդ մասին պաշտոնապես է ասվում...ՄԵՍԻՋԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ԲԱՔՈՒՆ ՉԷ՞Ր
Չնայածª դա անսպասելի չէր. հայկական կողմը, այն էլª ամենաբարձր մակարդակով, վերջին ժամանակներս խոսում էր նախահարձակ գործողությունների հնարավորության մասին, իսկ ղարաբաղյան հիշատակված պաշտոնական հաղորդագրությունը կարելի է համարել խոսքից գործի անցնելու պատրաստակամության մասին մեսիջ: Եվ տրամաբանական կլիներ մտածել, որ այդ մեսիջի իսկական հասցեատերը ոչ թե Բաքուն է, այլ այն բոլոր պետություններն ու արտաքին ուժերը, որոնք տեւական ժամանակ "տակից" դրդում են Իլհամ Ալիեւինª Ղարաբաղում իրավիճակի շիկացման ու մինչեւ իսկª թեկուզ կարճաժամկետ պատերազմի: Նկատի ունենք հետեւյալը. այն, որ դեռ անցած ամռանը հայ-ադրբեջանական սահմանային սրացումները համընկան նույն ժամանակահատվածում Ուկրաինայումª Դոնբասում ընթացող ակտիվ, վճռորոշ ռազմական իրավիճակին, միամտություն կլիներ պատահական համարել: Թեկուզեւ հաշվի առնելով, որ այդ պահին Ղարաբաղում ու հարավկովկասյան տարածաշրջանում եւս ռազմական իրավիճակի սրացումն այնպիսի վտանգ էր Ռուսաստանի համար, որ դա պարտադրեց Վլադիմիր Պուտինինª անձամբ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ քայլեր իրականացնել: Հետագա ամիսներին Դոնբասում զինադադար էր, եւ հայ-ադրբեջանական սահմանագծում եւս իրավիճակը համեմատաբար կայուն էր: Եվ ահա այս տարեսկզբից սկսած, երբ Դոնբասում վերսկսվեց լայնամասշտաբ պատերազմը, սպասելի էր, որ Ղարաբաղը նորից պետք է փորձեն վերածել հարավկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի վերածելու "գործիքի": Այս փաստերից ելնելովª դժվար չէ կռահել, թե ուր են տանում եւ ինչ շահերի են ծառայում անցած ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանային աննախադեպ թեժացումները: Բայց նաեւ ասել, թե Ալիեւն արդեն վերջնականապես կողմնորոշվել է պատերազմի օգտին, սխալ կլիներ. հակառակ դեպքում լայնամասշտաբ պատերազմն արդեն իսկ կընթանար:
Այսինքնª կարելի է պատկերացնել, որ Իլհամ Ալիեւը, պարբերաբար գնալով սահմանային լարումների, պարզապես մանեւրում է մի շարք կոնկրետ շահերի, ներքին եւ արտաքին խորացող ճնշումների միջեւª քանի դեռ չունի պատերազմ սկսել-չսկսելու հարցի վերջնական պատասխանը: Այդ առումով, իհարկե, սահմանային իրավիճակը կայունացնելու նպատակով մինչեւ իսկ նախահարձակ լինելու մասին հայաստանյան հայտարարությունները, առավել եւս, որ դրանք համեմված են կոնկրետ գործողություններով, ուղղված են, այսպես ասենք, Ալիեւի մոտ հակապատերազմական փաստարկների ուժեղացմանը: Այլ բան է այդ ամենի մասին պաշտոնապես բարձրաձայնելը. Ալիեւն ինքն էլ լավ գիտի, թե ինչ է կատարվում սահմաններին, քանի ադրբեջանական դիրք է ոչնչացրել հայկական կողմը, եւ որոշակի նպատակներով ադրբեջանական դիրքեր ոչնչացնելու մասին հրապարակային հայտարարությունների միջոցով նրան մեսիջներ ուղղելն անիմաստ կլիներ: Իսկ դա հուշում է, որ նման հայտարարությունները պետք է բոլորովին այլ հասցեատերեր ունենան:
Իհարկեª կարելի է այդ հասցեատերերին կոնկրետացնել: Սակայն ավելի էական է այլ հանգամանք. երբ Պաշտպանության բանակը հայտարարում է միանգամից մի քանի ադրբեջանական դիրքեր ոչնչացնելու մասին այն դեպքում, երբ ազերիներն ամիսներ շարունակ տարբեր դիվերսիաներ են անում` առանց էական արդյունքների, ապա դա ակնարկ է, որ անհրաժեշտության դեպքում 1994-ին կանգ առած հարձակումը կարող է եւ վերսկսվել: Բայց նաեւª պաշտոնապես նման ակնարկները, ասենքª նաեւ ադրբեջանական դիրքերի ոչնչացման մասին խոսելը, երբ աշխարհի մասշտաբով դատարկ բան է դարձել սեւը սպիտակի տեղ անցկացնելը, կարող է Հայաստանի համար ունենալ առնվազն քարոզչական, ապաª քաղաքական բարդություններ: Եվ այս տեսանկյունից էլª հազիվ թե հայկական կողմը գնար նման ռիսկի, եթե չլինեին, այսպես ասենք, որոշակի երաշխիքներ:
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՈՆԲԱՍ
Նկատենք նաեւ, որ այս պահին Ղարաբաղի շուրջ լարվածության նման աճը շարունակում է Ռուսաստանի համար եւս լուրջ վտանգ մնալ, եւ ռազմական առճակատման դեպքում հնարավոր հետեւանքների մասին Ստեփանակերտի շուրթերով Ալիեւին հղված այդ մեսիջ-նախազգուշացումը, թերեւս, Մոսկվան պետք է, որ միայն ողջունի, թեկուզª ոչ պաշտոնապես: Ու իհարկե, այս իրավիճակում կարելի է նաեւ "հասկանալ" այն կատաղի հիստերիան, որը մեր տեղական արեւմտամետները վերջին ժամանակներս բարձրացրել են հայ-ռուսական հարաբերությունների եւ հիշատակված իրավիճակում առանցքային դրվագ հանդիսացող ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ: Եվ ոչ միայն ռազմաբազայի, հաշվի առնելով նախօրեին Լաչինում տեղի ունեցած հայտնի ծեծուջարդի հետ կապված արեւմտամետյան շահերի հարցում "Հռոմի պապից էլ կաթոլիկ" ոչ անհայտ "քարոզիչ" Իգոր Մուրադյանի հետեւյալ "ինքնախոստովանական ցուցմունքը". "Իմª ԼՂՀ գնալու որոշումը վերջին պահին է կայացվել: Եթե ես գնում էի ԼՂՀ, այնտեղ, անպայման, հակառուսական ակցիա էր կայանալու... Այս պահին ինձ համար ամենակարեւորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում Գյումրիում, Ստեփանակերտում... Ղարաբաղը պետություն չէ, այն ռուսական զոնա է":
Այն, որ մեր արեւմտամետների հիմնական բանուգործն այս օրերին Հայաստանում "հակառուսական տրամադրությունների ստեղծումն է" է, նոր բան չէ: Նոր բան չէ նաեւ, թե որտեղից են գալիս այդ ամենի քաղաքաֆինանսական թելերը: Համենայնդեպսª դեռ չտեսնողների համար նախօրեին նախագահ Օբաման մի փոքր այլ օրինակով հատուկ ընդգծեց. "...Մեր միջնորդությամբ Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ":
Որ վաշինգտոնյան "միջնորդությամբ" Հայաստանում եւս նմանատիպª "հեղափոխական" փորձեր արվել են եւ դեռ արվելու են, ինչպես նաեւ, որ այդ փորձերի հաջողության դեպքում ուկրաինական ներկայիս վիճակին միայն երանի կտանք, դժվար չէ հասկանալ: Ու թե դեռ բավականին թույլ այդ "մայդանային" փորձերը Հայաստանում ինչքանով կկարողանան էֆեկտիվ դառնալ, թերեւս շատ բանով կախված է նույն Ուկրաինայի շուրջª Դոնբասում ընթացող պատերազմից:
Բարեբախտաբարª պատերազմի ներկայիս փուլը եւս, մեղմ ասած, Վաշինգտոնի սրտովը չէ: Հիմնական գործողությունները շարունակվում են ծավալվել արդեն հանրահայտ դարձած Դեբալցեւոյի ուղղությամբ, որտեղ փաստացի շրջափակման մեջ է հայտնվել ուկրաինական բանակի մոտ 10 հազարանոց խմբավորումըª Կիեւի ունեցած ռազմական տեխնիկայի մի պատկառելի մասով հանդերձ: Դոնբասի բանակն այդ խմբավորմանը ոչնչացնելու ուղղությամբ դեռ չի դիմում մեծ կորուստներ խոստացող լայնամասշտաբ գործողությունների, թերեւս նախընտրելով մի փոքր սպասել մինչ մատակարարումների բացակայությունը, դիրքային մարտերն ու ցուրտը կանեն իրենցը: Իսկ օղակը դրսից ճեղքելու Կիեւի գործնականում անհաջող փորձերը, այն էլª ռեզերվների սահմանափակության պատճառով, արդեն նաեւ ճակատային մյուս հատվածներից զորքեր տեղափոխելու հաշվին, էլ ավելի հուսահատական է դարձնում ուկրաինական բանակի ընդհանուր վիճակը: Այս ռազմական իրողություններին պետք է գումարել նաեւ այն, որ Ուկրաինան փաստացի դեֆոլտային վիճակում է, մինչդեռ ինչպես օրերս էր հայտարարել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Ուկրաինան, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել, ֆինանսական օգնության հույս չպետք է ունենա: Այսինքնª պատերազմական նպատակներին հնարավոր է ուղղել միայն այն չնչին գումարները, որոնք դեռ հաջողվում է մուրալ դրսից, իսկ դա նշանակում է, որ ներկայիս հսկայական ռազմական կորուստներն ընթացքում վերականգնելու որեւէ գործնական տարբերակ Կիեւը պարզապես չունի: Չաշխատեց նաեւ ռազմական կատաստրոֆայից փրկվելու փորձվածª պարտությունների փուլում զինադադարի գնալու տարբերակը, հաշվի առնելով, որ Դոնբասը, թերեւսª նաեւ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր գտնվեցին Մինսկում տեղի ունեցած հերթական բանակցային փուլի նկատմամբ: Եթե սրան ավելացնում ենք Դոնբասի հրամանատարության ծրագրերըª բանակի թվակազմն առաջիկա մեկ-երկու ամիսների 100 հազարի հասցնելու մասին, ապա այս իրողությունները հուշում են, որ Ռուսաստանն այս փուլում ուկրաինական աշխարհաքաղաքական խաղատախտակում եւս շատ վճռականորեն է տրամադրված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

