ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննության առնվեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող "Նոր սերունդ" ՀԿ-ի հայցն ընդդեմ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի` գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջի մասին: Նշենք, որ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերը դատարանում ներկայացնում է "Լեւ Գրուպ" փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Մարո Խաչատուրյանը: Հատկանշական է, որ դատական նիստը դեռ չսկսած` հայցվորի ներկայացուցիչը, չգիտես ինչու, որոշել էր, որ պետք է իրեն անպայման նկարենք եւ ոգեւորված ասաց, որ թույլ չի տալիս, որ իրեն նկարենք:
Սակայն, վերջինս տարօրինակ կերպով` ըստ երեւույթին, չբավարվելով նիստից առաջ պատասխանող կողմի համաձայնությամբ, որոշեց դատական նիստի ընթացքում եւս հանդես գալ վերոնշյալ միջնորդությամբ` չնայած օրենքով նախատեսված չէ արգելել լուսանկարելը, առավելեւս բաց դատական նիստին: Ինչեւէ, տեղի ունեցավ վերոնշյալ գործով առաջին նախնական նիստը, հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկայի հիմքի փոփոխություն, որի հիմքով դատարանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին` ժամը 16-00-ին: