ԲՀԿ-ԱԿԱՆ ՎՈՅԱԺՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՎՈՅԱԺՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մոսկվան ու Բրյուսելը "գրավելուց" հետո "Համաժողովրդական շարժման" շարժիչները հայացքներն ուղղել են օվկիանոսից այն կողմ: Վարդան Օսկանյանին Մոսկվա, իսկ Նաիրա Զոհրաբյանին Բրյուսել գործուղելուց եւ այնտեղ, իրենց բառերով` "նախագահի ամենալավ թեկնածու" Գագիկ Ծառուկյանին գովերգելուց հետո, ԲՀԿ-ականների հերթական դեսանտը նույն նպատակով իջեցվել է Լոս Անջելես:
Ինչպես հայտնում են լավատեղյակները, իրենց Ամանորը Լոս Անջելեսում անցկացրած ԲՀԿ-ական պատգամավորներ Մերուժան Սիմոնյանն ու Հայկ Խաչատրյանը հաճելին օգտակարի հետ համատեղելու սկզբունքով ձեռքի հետ էլ շոշափել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տրամադրությունները: Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե տեղացիներն ինչպես են վերաբերվում ԲՀԿ առաջնորդին` որպես նախագահի թեկնածու, այնուհետեւ անսահմանափակ ֆինանսավորման դիմաց առաջարկել են տեղում բացել գրասենյակներ, վճարել աշխատողների աշխատավարձը եւ հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը: Դրա դիմաց ԲՀԿ-ականները, բնականաբար, ակնկալում են համապատասխան պահին համապատասխան հայտարարություններ առ այն, որ տեղի հայկական համայնքն աջակցում է ԲՀԿ առաջնորդին` որպես նախագահի թեկնածու:
Այս հարցը քննարկելու նպատակով նրանք հանդիպել են տեղի հայ համայնքի ազդեցիկ անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այլ կերպ ասած` ընկել են դռնեդուռ եւ փորձել մարդկանց համոզել, որպեսզի իրենց կողմից տրամադրվելիք գումարի դիմաց Լոս Անջելեսում բացեն ԲՀԿ-ի գրասենյակներ եւ իրականացնեն ԲՀԿ-ի քարոզչությունը: Զրուցակիցները փորձել են որոշ ճշտումներ անել, ինչին ի պատասխան` ԲՀԿ-ականները հստակ բացատրել են, որ իրականում "եռյակը" հենց ԲՀԿ-ն է, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբված են Գագիկ Ծառուկյանի շուրջ, իսկ ԲՀԿ-ն հանդիսանում է ընդդիմության միանձնյա առաջնորդը: Նրանք նաեւ վստահեցրել են, որ առաջիկայում ԲՀԿ-ն Հայաստանում հզոր հակաիշխանական ալիք է բարձրացնելու եւ հասնելու է իշխանափոխության: Այս ամենը ԲՀԿ-ական պատգամավորներն ասել են, որպեսզի ապահովեն համապատասխան "մասսովկա", քանի որ առաջիկայում նախատեսվում է ԲՀԿ-ի քարոզիչների "ծանր հրետանու" հերթական շրջագայությունը` այս անգամ դեպի հրեշտակների քաղաք Լոս Անջելես: Հավանաբար, օվկիանոսից այն կողմ իրականացվելիք միջազգային տուռնեին կմասնակցեն Վարդան Օսկանյանը` որպես տեղացի, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանը... որպես Նաիրա Զոհրաբյան:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ԲՀԿ-ի կողմից դեպի հայկական սփյուռք իրականացվող "արշավներն" ունեն հեռուն գնացող մտադրություններ: Գաղտնիք չէ, որ իրականում ԲՀԿ-ն "դանդաղ շտապելով"` պատրաստվում է 2017-18թթ. ընտրական փուլին, ինչի համար էլ նրան անհրաժեշտ է նաեւ Սփյուռքի աջակցությունը: Իսկ Սփյուռքում, ինչպես հայտնի է, հիմնական թելադրող քաղաքական ուժը հանդիսանում է ՀՅԴ-ն, որն էլ ճիշտ ժամանակին դուրս եկավ "քառյակից" եւ ԲՀԿ-ն մնաց առանց Սփյուռքի աջակցության: Աշխարհի հայաշատ քաղաքներում գրասենյակներ բացելու եւ մարդկանց "հավաքագրելու" համար անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով` ԲՀԿ-ն փորձում է Սփյուռքում ՀՅԴ-ին հակակշիռ ստեղծել` հետագայում իր քաղաքական շահերի համար օգտագործելու նպատակով:
Ցավալին այն է, որ հույսը Սփյուռքի վրա դրած ԲՀԿ-ն չի էլ փորձում գոնե ինքն իր համար ճշտել. ի՞նչ կապ ունի Սփյուռքը ՀՀ ընտրական գործընթացների հետ, ի՞նչ կարիք կա արտերկրում գրասենյակներ բացելու համար ահռելի գումարներ ծախսել, դրանով ի՞նչն է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար էլ ստանանք հասցեատիրոջից:
Իսկ դուք ասում եք:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

