ԼՐԱՑԱՎ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԸ
Արխիվ 12-16ԼՐԱՑԱՎ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԸ
Փետրվարի 2-ին լրացավ հայ գրող ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ (Կոստանդին Եղիազարյան) ծննդյան 130-ամյակը: Այս առիթով մի շարք մտավորկաններ եւ հասարական գործիչներ ծաղիկներ դրեցին Կոստան եւ Արմեն Զարյանների հուշատախտակին`իրենց հարգանքի տուրքը մատուցելով մեծանուն գրողի հիշատակին:
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով մեծանուն գրողի ստեղծագործական ժառանգությունից փաստեց, որ Կ. Զարյանը մեծ գործեր է թողել ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ օտար ընթերցողներին, քանի որ պատանի հասականում Զարյանը հայերեն չի գրել, գրել է իտալերեն, ֆրանսերեն. «Պատահական չէ, որ վերջին տարիներին հրատարակվում է գոնե մեկ-երկու գիրք, ինչպես հայերենով այնպես էլ իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով: Հիշում եմ՝ Զարյանը 60-ական թթ. եկել էր Հայաստան: Նա շատ էր սիրում քայլել Աբովյան փողոցով: Ես այդ ժամանակ մի փոքր տղա էի ու արդեն հասցրել էի կարդալ նրա «Տատրագոմի հարսը»: Զարյանի հանճարեղ դեմքին, քայլվածքին, կեցվածքին նայելիս երանի էի տալիս այն քաղաքին, որտեղ այդպիսի մեծեր են քայլում: Այժմ ամեն անգամ այս փողոցով քայլելիս միշտ կարոտում եմ մեր քաղաքում տեսնելու Կոստան Զարյանին ու նրա նման մեր մյուս մեծերին՝ Ե. Քոչարին, Մ. Սարյանին, Մինասին, Պ. Սեւակին, Հ. Շիրազին եւ մյուս մեծերին: Այո, հայ ժողովուրդը 20-րդ դարում ունեցել է մեծեր, որոնցից մեկն էլ հենց Կ. Զարյանն է»,-նշեց ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:
Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանն իր կյանքի հաջողությոններից մեկը համարում է Կ. Զարյանի հետ մտերմությունը.«Ինձ համար նա մի մեծ համալսարան էր, գիտելիքների հսկայական շտեմարան, համակողմանի գիտելիքների կրող: Նրա հետ ամեն հանդիպումից մի բան սովորում էինք: Նրա հետ խոսելը միայն գիտելիք չէր: Մարդկային մեծ հմայք ուներ, նրա մոտ չէիր կարող որեւէ կեղծ բան ասել: Երջանիկ եմ, որ մտերիմ եմ եղել նրա հետ ում ձայնը մինչ օրս հնչում է ականջներիս մեջ»,-ասաց ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ:
Հայաստանի Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը Կ. Զարյանին բնութագրեց, որպես չափանիշ թելադրող հեղինակի, ով իր գեղագիտական համակարգով, ազգային բովանդակությամբ չափանիշի կրող ու հուշող էր.«Միայն «Նավը լեռան վրա» վեպը և «Անցորդը եւ իր ճամփան» ճամփորդական նոթերն արդեն թելադրում են այն ուղիները, որոնցով պիտի անցնի մեր ժողովուրդն` այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում»,-ընդգծեց Պ.ԴԵՄԻՃՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

