ԼԵՎՈՆԱ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԸ ԼՌԵՑՆԵԼՈՒ ԵՆՔ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆԱ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԸ ԼՌԵՑՆԵԼՈՒ ԵՆՔ
Կատարվեց այն, ինչն ինձ ամենաշատն էր մտահոգում Զաբուղում տեղի ունեցած սադրանքի պարագայում: Արդեն ասել եմ, որ արցախյան կողմի ոչնչով չարդարացված վայրենի պահվածքը բարդացնելու է Արցախը Հայաստան համարողներիս գործը: Այդպես էլ եղավ: Միանգամից ջրի երես ելան հայաստանաբնակ թրքածիններն ու հայտարարեցին, թե Արցախը Հայաստան չի, մեր զինվորներն այն չպետք է պաշտպանեն, հայաստանցի զինվորներին պետք է հետ կանչել և այլ նմանատիպ բարբաջանքներ: Սա մտահոգվելու լուրջ հիմքեր է տալիս: Այն, ինչ կատարվեց Զաբուղում, անսպասելի չէր վերջին տարիների քաղաքական անցուդարձին հետևող ոչ մի սթափ ու անկողմնակալ մարդու համար: Բազմաթիվ նմանատիպ դեպքեր էլ եղել են նաև առաջներում, այն էլ հենց Հայաստանի Հանրապետության ներսում: Երբ ոստիկանները մարդկանց ծեծում էին Երևանում` ոչ մեկը չէր հայտարարում, թե Երևանը Հայաստան չի ու պետք է հրաժարվել Երևանից: Նույնը Գյումրիի տարբերակում: Բայց հենց հարցը վերաբերվեց Արցախին` անմիջապես բարձրացվեց այս լևոնա-ազերիական մուղամը: Սրա հիմքը խորքային է:
Դեռևս Արցախյան շարժման հենց սկզբից Երևանում ու Հայաստանի այլ վայրերում գտնվեցին մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե «իրենք հանգիստ ապրում էին, ու ղարաբաղցիքը եկան և ամեն ինչ տակնուվրա արեցին»: Ես չեմ ցանկանում մտածել, թե Զաբուղում տեղի ունեցածը «վրիժառություն» էր ու հիմա էլ հայաստանաբնակներն էին գնում Արցախի ներքին ու արտաքին կյանքը տակնուվրա անելու, բայց հետևանքը հենց դա էլ լինելու էր: Սա պարզից էլ պարզ է: Այստեղ չխոսեմ, որ արդյունքում տակնուվրա էր լինելու նաև հենց Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին իրավիճակը:
Գոնե իմ համար միանշանակ պարզ է, որ Հայաստանի ներսում կան ուժեր, որոնց գենետիկ ծագումնաբանությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Դրանք ոչ մի պատեհ ու անպատեհ առիթ բաց չեն թողնում Հայաստանի տարբեր շրջանների միջև պառակտում մտցնելու: Դա ակնհայտ դարձրեց տարիներ շարունակ Սյունիքի ու սյունեցիների հանդեպ ոչնչով չհիմնավորված ատելության քաղաքականությունը: Ես չեմ հիշում Սյունիքի պատմության մեջ մեկ այլ ժամանակաշրջան, երբ որևէ օտար այդքան թույն ու թարախ արտաշնչեր Սյունիքի հանդեպ, ինչն արեցին որոշ ոչ սյունեցիներ: Սկսած Սյունիքում ոչխարների բազմացման տխրահռչակ ծրագրից` մինչև մարզպետի փնովումը: Մաղձն այն աստիճան մեծ էր, որ որևէ փորձ բացատրելու, թե մարզպետը դեռ ամբողջ Սյունիքը չի ու նրան քծնողներն ու ստորաքարշողներն էլ բոլոր սյունեցիները չեն, ոչ մի արդյունք չտվեցին: Սյունիքի հասցեին անհիմն վայրահաչությունները նվազ չափով մինչ օրս էլ դեռ շարունակվում են:
Հիմա հերթը հասավ Արցախին: Մնում է միայն զարմանալ, թե որքան հեշտությամբ ոմանք, որոնք չգիտես ի՞նչ իրավունքով իրենց ՀԱՅ են համարում, հանուն 100 հոգանոց խառնակիչների խմբի, հրաժարվեցին 100 հազարանոց Արցախից: Ընդամենը մի սադրանքի իրականացմամբ «Սեֆիլյան և ընկերներ» թայֆան կարողացավ անել այն, ինչն արդեն քսան տարի չի կարողանում անել ազերիական պրոպագանդան՝ Հայ հանրության մի մասի մեջ սերմանել Արցախի ոչ հայկական լինելու միտքը: Բացատրությունները, թե Արցախի մենթերը չեն կարող ներկայացնել բոլոր արցախցիներին, ապարդյուն են: Լավագույն դեպքում մեզ սկսում են համարել «սերժական»: Սա տխմարության դրսևորում է ընդամենը...
«Արցախը Հայաստան չի» լևոնա-ազերիական մուղամի տակ պարողներին ասեմ հետևյալը: Էդ Արցախը դուք չեք ազատագրել: Դուք չեք դրա համար ձեր կյանքը կամ առողջությունը տվել: Արցախի ճակատագիրը որոշելու առաջին իրավունքը պատկանում է այն ազատագրած ֆիդայիներին ու զոհված ֆիդայիների հարազատներին, հետո նոր հանրության մյուս անդամներին: Նման հիմար բարբաջանքներ արտահայտելով դուք թքում եք էդ հողն ազատած Քրիստափոր Իվանյանի, Մոնթեի, Արթուր Մկրտչյանի և այլոց հիշատակին: Միաժամանակ նույնն անում եք Կոմանդոսի ու մեր մյուս հարգված հրամանատարների նկատմամբ: Ես այստեղ չխոսեմ հանրությանը անծանոթ բազմահազար հասարակ ֆիդայիների մասին, որոնց մի զգալի մասը իրենց կյանքը տվեցին էդ հողի համար: Սրբապիղծ արարածներ, դուք ի զորո՞ւ եք ձեր կյանքն ինչ-որ բանի համար զոհելու, որ ձեզ իրավունք եք վերապահում հարցականի տակ դնել մեր զոհված ֆիդայիների արածը: Դա այն դեպքում, երբ դուք բոլորդ միասին վերցրած` էդ տղերքից գոնե մեկի համազգեստի կարկատանն անգամ չարժեք: Մենք մեր հաղթանակը ձեռք ենք բերել մոտ 5000 զոհ տալու գնով: Ողջ մնացածներիս չեք հարգում` գլուխներդ քարը, բարի եղեք հարգել զոհվածներին: Նրանց շնորհիվ է, որ քարտեզի վրա դեռ Հայաստան պետություն կա, որտեղ, ցավոք սրտի, նաև դուք եք ապրում:
Հանրությանն անծանոթ ֆիդայիներից մեկն էլ ես եմ, որ իմ հնարավորությունների չափով մասնակցել եմ Արցախը Հայաստան լինելու գործին, ու բախտս բերել է` միայն առողջությունս եմ քայքայել: Հիմա հարցնում եմ ձեզ՝ թուրքածիններիդ: Դուք ո՞վ եք, որ իմ ու իմ նմանների փոխարեն համարձակվում եք Արցախի պատկանելիության հարցը քննարկել: Էդ հարցին մենք 88-ի փետրվարի 20-ին ենք մեկընդմիշտ միանշանակ պատասխանել և մեր պատասխանը կարճ ու հակիրճ ամփոփել է Լեոնիդ Ազգալդյանը «Սա Հայաստան է ու վերջ»: Էս պարզ բանը մտցրեք ձեր քյալլեն ու ձայներդ կտրեք: Արցախցիները հրաշալի հայեր են: Մենք դրանում համոզվել ենք դեռ պատերազմի տարիներին: Տականքներ ամեն տեղ էլ կան, իսկ տականքն ազգություն չունի:

