ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՍԱՎ «ԳՈՐԾ ՏԱԼՈՒՆ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՍԱՎ «ԳՈՐԾ
ՏԱԼՈՒՆ»
Ժողովրդի նորընծա պաշտպան ԲՀԿ խմբակցության քարտուղար, մեծն քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որը համատեղությամբ սնվում է օլիգարխական կերակրատաշտից, քիչ էր մնում խեղդվեր սեփական ճառից, որը մեծագույն պաթոսով արտաբերում էր ԱԺ ամբիոնից: ԱԺ ամենահարուստ եւ ամենաանկարգապահ խմբակցության ներկայացուցիչը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, մանր բիզնեսով զբաղվողների համար: Թե որ օրվանից են մեծահարուստները սկսել մտահոգվել մանր առեւտրով զբաղվող մարդկանցով, հայտնի չէ: Թեեւ, կարծես Նաիրայի վրդովմունքը, որը ելույթի ընթացքում վեր ածվեց հիսթերիայի, պայմանավորված էր նրանով, որ քննադատության է ենթարկվել իր եւ նախկին արտգործնախարար, ամերիկացի Վարդան Օսկանյանի սփյուռքյան վոյաժները, երբ վերջիններս իբր թե ցեղասպանության 100-ամյակի համար հավաքում էին մարդկանց եւ զբաղվում խառնակչությամբ եւ սեփական երկրի դեմ «գործ տալով»: Ի դեպ, գործ տալը բարեկիրթ եւ բարձր ինտելեկտուալ Նաիրա Զոհրաբյանի բառապաշարից է, բայց դրա մասին` մի փոքր ուշ:
Վերադառնանք բազմաչարչար սփյուռքին, որը դժբախտություն ունեցավ շփվել ԲՀԿ-ական մտքի գիգանտների հետ: Ասում են` Նաիրա Զոհրաբյանին հանդիպելուց հետո, Բելգիայում ապրող որոշ հայեր, որոշել են գաղթել դեպի Իսլանդիա` հույս ունենալով ավելի հեռու գնալ Հայաստանից, որպեսզի կրկին անգամ առիթ չունենան հանդիպել Զոհրաբյանին եւ լսել Հայաստանի մասին պատմած իր սարսափ ֆիլմը:
Շատ ուշագրավ է նաեւ Նաիրայի այն սուպեր գաղափարը, որ հայկական սփյուռքը ձեւավորվել է ներկայիս իշխանություններից, իր խոսքերով՝ փախած մեր հայրենակիցներից: Չենք կասկածում, որ տիկինը գիտի, որ հայակական սփյուռքի մեծագույն հատվածը ձեւավորվել է ցեղասպանության օրոք, որի կապակցությամբ էլ նա փորձում էր ունկնդիրներ հավաքագրել: Այլ բան է, որ նա կարող է տեղյակ չլիներ, որ 1990-98 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այն ժամանակ Հայաստանը ղեկավարում էին Նաիրայի այսօր մտերմագույն բարեկամները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ի ղեկավարությունը, որոնց հետ այսօր տիկին Զոհրաբյանը «եռյակներ» է կազմում եւ միասին պայքարում են արտագաղթի դեմ: Սակայն 1990-ականների սկզբին Նաիրայի միտքը, հավանաբար, ավելի բարձր արժեքներով էր զբաղված եւ նա չի հիշում այն միլիոնից ավելի հայերին, ովքեր տուն-տեղ թողած` փախան ՀՀՇ-ական տեռորից:
Սակայն այն, որ 2007 թվականից սկսած հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն եւ անձամբ Նաիրան եղել են իշխանական կոալիցիայի մեջ, ունեցել բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր եւ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվող այլ բազմաթիվ չինովնիկներ, Նաիրա Զոհաբյանը մոռանալ չէր կարող: Այնպես որ ստացվում է, որ այդ տարիներին Հայաստանից հեռացածները փախչում էին նաեւ ԲՀԿ-ից եւ անձամ Նաիրայից եւ Վարդան Օսկանյանից, որը 1998-2008 թվականները եղել է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԱԳ նախարար: ՈՒստի, կարելի է պատկերացնել այդ տարիներին նաեւ ԲՀԿ-ից փախած այսօրվա սփյուռքահայերի երջանկությունը եւս մեկ անգամ ԲՀԿ-ականներին հանդիպելու պահին:
Իսկ հիմա վերադառնանք «գործ տալ» արտահայտությանը, որն օրինապաշտ Նաիրան ասաց շահութահարկի մասին օրինագիծը քննարկելիս: Բանն այն է, որ օրենքի խախտումների վերաբերյալ ահազանգումը, կամ բողոք ներկայացնելը քաղաքացու կողմից, Նաիրա Զոհրաբյանն անվանում է գործ տալ, իսկ այդպիսի քաղաքացիներին` գործ տվողներ: Այն, ինչ որ այլ` մասնավորապես եվրոպական երկրներում (ի դեպ, Նաիրան եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն է), համարվում է ոչ միայն քաղաքացու օրինապաշտ պահվածք, այլ նաեւ պարտականություն, Նաիրան գնահատում է զուտ գողական հոգեբանության տեսակետից:
Դե ինչ, կարելի է միայն պատկերացնել` ինչպիսի կարգերով երկիր կլինի Հայաստանը, եթե հանկարծ Նաիրան եւ իր նմանները հասնեն իրենց համար այդքան երանելի իշխանական աթոռին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

