ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ` ԲՀԿ-ՈՒՄ
Արխիվ 12-16ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ` ԲՀԿ-ՈՒՄ
Այսօր ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում միայն օրվա առաջին կեսին էր մի փոքր ակտիվ: Մի շարք օրինագծերի ընդունումից ու առաջարկներից հետո ԲՀԿ խմբակցության անդամների մեծ մասը բացակայում էր ԱԺ նիստերի դահլիճից: Նմուշի համար միայն մերթընդմերթ դահլիճում էին Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը: Խմբակցության մյուս անդամներին, այդ թվում` նաեւ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, կարելի էր տեսնել ԱԺ միջանքում արագ-արագ անցուդարձ անելիս: Փորձեցինք ԲՀԿ-ի հետ կապված մի քանի հարց ուղղել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ` Վահան Բաբայանին, Վահե Հովհաննիսյանին ու Էլինար Վարդանյանին, սակայն Բաբայանն ու Հովհաննիսյանը «հետո էլի», «հիմա չէ» պատասխաններով փախս տվեցին: Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, երբ լսեց մեր հարցը, որն առնչվում էր Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականին, ասաց. «Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ»:
Մեր մյուս հարցին` պետք է ԲՀԿ ավագանին սուգ հայտարարեր` հաշվի առնելով, թե ինչ ծանր ու սարսափելի դեպք էր տեղի ունեցել, տիկին Վարդանյանն ասաց. «Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, քանի որ բազմիցս խոսել եմ »:
ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս պասիվությունը կարող է պայմանավորված լինել նաեւ առաջիկայում տեղի ունեցող ԲՀԿ առաջնորդի կազմակերպած խորհրդաժողովով:
Ի դեպ, տեղեկությունների համաձայն` այսօր ԲՀԿ-ը հանդիպում է ունեցել ՀԱԿ խմբակցությունում` հստակեցնելու, հավանաբար, «Եռյակի» մարտավարությունն ու անելիքները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

