ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՄՆԱ՞ 'ՍՊԱՐՏԱԿՈՒՄ'
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՄՆԱ՞ 'ՍՊԱՐՏԱԿՈՒՄ'
Արդեն տեւական ժամանակ է, ինչ արտասահմանյան լրատվամիջոցները Յուրա Մովսիսյանին այս ակումբից այն ակումբ են "տեղափոխում"ª պարբերաբար ներկայացնելով հայ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերային տարբերակները: Նախ` շրջանառվում էին Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունները, ապա նաեւª Գերմանիա, ու այս բանավոր պայքարին միացավ նաեւ Ամերիկայի առաջնությունը:
Այսպիսովª "Izvestia"-ի փոխանցմամբ` Մոսկվայի "Սպարտակի" եւ Հայաստանի հավաքականի հարձակվողն առաջարկ է ստացել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող "Չիկագո Ֆայեր" ակումբից: Աղբյուրը նշում է նաեւ, որ ամերիկյան ակումբը պատրաստ է Մովսիսյանի հետ կնքել երկարաժամկետ պայմանագիրª պատրաստ լինելով ֆուտբոլիստին վճարել նույն գումարը, որը Մովսիսյանը ստանում է մոսկովյան ակումբումª տարեկան մոտ 2.1 միլիոն եվրո:
Իսկ "Championat"-ը, հղում անելով "Global Premier Mgmt"-ին, նշում է, որ ՄԼՍ-ի ակումբներից մեկը փորձել է ձեռք բերել Յուրա Մովսիսյանին, սակայն մերժում է ստացել ռուսական ակումբի ղեկավարությունից: Գրեթե նույն միջոցին "Չիկագո Ֆայերի" գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը շտապել էր հերքել լուրերը, թե իր թիմը հետաքրքրված է հայ հարձակվողի ծառայություններով: Սակայն հասկանալի է, որ առանց կրակ ծուխ չի լինում, եւ մարզիչը ամենատարբեր պատճառներով կարող է թաքցնել հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:
Իսկ "Սպարտակի" նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն, անդրադառնալով Յուրա Մովսիսյանին, նշել է, որ հայ ֆուտբոլիստն ուժերը կարող է բավարարել նաեւ շատ ավելի բարձրակարգ առաջնություններում հանդես գալու համար. "Ինձ դուր էր գալիս Մովսիսյանի խաղը, երբ նա ելույթ էր ունենում "Կրասնոդարում": Հայ հարձակվողը մեծ դեր ունի նաեւ "Սպարտակում", եւ նրա հեռանալը մեծ հարված կլինի Յակինի թիմի համար: Այդուհանդերձ, Մովսիսյանի համար մոսկովյան ակումբն ամենահարմարը չէ: Թիմում չկա փլեյմեյքեր, ով մշտապես հարվածային դիրք դուրս կբերի հայ հարձակվողին: Ակնկալում էի Շիրոկով-Մովսիսյան համագործակցույթունը, սակայն Ռոմանը տեղափոխվեց "Կրասնոդար": Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հաջող կխաղա նաեւ ՄԼՍ-ում: Յուրայի ուժերի սահմանում կլինեն նաեւ Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները":
Ամեն դեպքումª պետք է դրական գնահատել փաստը, որ Յուրա Մովսիսյանի տրանսֆերային աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվում է, ինչը խոսում է հայ ֆուտբոլիստի բարձր որակների մասին: Սակայն, ինչպես երեւում է, մոսկովյան ակումբը դեռ ունի հայ ֆուտբոլիստի կարիքը, որքան էլ ակումբի երկրպագուները եւ լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ քննադատության ալիք բարձրացնեն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

