ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱԼԵՆՏԻՆՈՎ
Արխիվ 12-16Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվելու է վաղը` հունվարի 31-ին: Այդ օրը բոլոր Սուրբ Սարգիս եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, իսկ տարբեր միջոցառումներով երիտասարդ սիրահարների օրը վերածվելու է իսկական տոնի: Բայց արի ու տես, որ Հայաստանում շատերը մնացել են "անդրդվելի"` անտեսելով մեր հայկական տոնը` ջանասիրաբար պատրաստվում ու նշում են կաթոլիկների` Վալենտինի օրը: Թերեւս այդ մարդկանցից շատերը լավ գիտեն, որ Սուրբ Վալենտինը հայկական տոների հետ առնչություն չունի: Չնայած` ամեն կերպ փորձում են ապացուցել, որ այդ տոնն ունի հին հայկական ծագում` առանց հիմնավոր փաստեր առաջ բերելու: Ինչ արած, սա էլ նրանց արդարացման միջոցներից մեկն է, երեւի այնքան "սիրառատ" են, որ մեկ տոնով չեն բավարարվում: Այս շաբաթ "Իրավունքը" փորձեց անդրադառնալ այս հրատապ խնդրին եւ պարզել թե ինչո՞ւ են հայ երիտասարդները գերադասում տոնել օտարածին տոները` անտեսելով հայկականը.
"ԵԹԵ ՄԱՐԴՆ ԻՐ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ "ՎԱԼԵՆՏԻՆԱՄՈԼ" Է, ՆՐԱՆ ՉԵՍ
ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ"
Ախթալա համայնքի հոգեւոր հովիվ տեր ՎԻԳԵՆ քահանա ՂԱԶԱՐՅԱՆ.
-Առաքելական եկեղեցին անում է ամեն ինչ, որպեսզի հայ երիտասարդները նշեն միայն մեր տոնը` Սուրբ Սարգիսը: Մնում է, որ մարդիկ իրենց արյան եւ հոգու կանչով կարողանան ներգրավվել հայկական, այլ ոչ թե օտար միջավայր: Օտարամոլությունից է, որ մարդու մոտ հետաքրքրությունը սեւեռված է դեպի օտար երեւույթներ: Երբ մարդու մեջ հայկականությունը ուժեղ է եւ կենսունակ, նրան օտար ոչ մի բան չի հրապուրի: Եթե մարդն իր խառնվածքով "վալենտինամոլ" է, նրան չես կարող Սուրբ Սարգսի բարեխոսություն պարտադրել: Սարյակը արագիլի երամին չի խառնվում, բայց երկուսն էլ թռչուն են եւ ունեն իրենց երամը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կա օտարամոլ զանգված, որը կտրված է սեփական արմատներից եւ օտար երեւույթների մեջ է հոգեւոր բավականություն ստանում: Այս երեւույթը նման է նրան, որ սեփական մորը թողնես ու գնաս հարեւանի մորը ինքնաորդեգրվես, սա բարոյական չէ:
Մենք չենք ժխտում Վալենտինի սուրբ լինելը, պարզապես նա իր ազգի զավակների համար է, իսկ մերը` Սուրբ Սարգիսն է:
Թող Աստված օրհնելով օրհնի մեր երիտասարդներին, հատկապես Սուրբ Սարգսի բարեխոսությանը հետամուտ երիտասարդներին: Թող Սուրբ Սարգիսը երկնքում բարեխոս լինի երիտասարդների համար, որպեսզի նրանք հասնեն իրենց բոլոր երազանքներին եւ Աստծուց ստանան մեծ օրհնություն:
"ԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՎԱԼԵՆՏԻՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՉԳԻՏԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԳԱՂԱՓԱՐԸ"
Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.
-Սուրբ Սարգսի տոնը հին հայկական տոներից մեկն է: Ըստ Գրիգոր Լուսավորչի` մենք միշտ ունեցել ենք նախատոներ, նրա կոնդակի (ուղերձ) համաձայն էլ քրիստոնեական տոները կապվել են նախաքրիստոնեական տոների հետ` Վարդավառ-Պայծառակերպություն, Տրնդեզ-Տյառնընդառաջ եւ այլն: Մենք ունենք այնպիսի կերպարներ, որոնք կենդանի չեն` խորհրդանշական են, իսկ Սուրբ Սարգիսը կենդանի կերպար է: Շատ սրբեր ունենք, բայց Գրիգոր Լուսավորչից հետո Սուրբ Սարգիսն է: Այն երիտասարդները, ովքեր տոնում են Վալենտինը, նշանակում է` չգիտեն Սուրբ Սարգսի գաղափարը: Շնորհավորում եմ երիտասարդներին եւ ցանկանում աստվածային ամենամեծ սերը:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

