ՄԻՆՉ ՖԻԼՄԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԷԿՐԱՆ, ԱՐԴԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ "ՀՈՇՈՏԵԼ" ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀՈՒՆ
Արխիվ 12-16ՀԱՍՑՐԵԼ ԵՆ "ՀՈՇՈՏԵԼ" ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀՈՒՆ
Փետրվարի 20-ից երեւանյան բոլոր կինոթատրոններում արդեն հասանելի կլինի ռեժիսոր Ելենա Արշակյանի "Անավարտ թռիչք" ֆիլմը` նվիրված 2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերի հիշատակին: "Անավարտ թռիչք" ֆիլմ-մելոդրաման նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության եւ "Շարմ հոլդինգի" աջակցությամբ: Ֆիլմի ռեժիսոր ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ հավաստմամբ` սցենարը գրված է ամբողջովին իրական փաստերի հիման վրա. "Բնականաբար, որոշ բաներ փոփոխված են, հարմարեցված գեղարվեստական ժանրին, ի վերջո, սա ո՛չ փաստավավերագրական ֆիլմ է, ո՛չ էլ ֆիլմ-աղետ, պարզապես գեղարվեստական ֆիլմ` հիմնված իրական փաստերի վրա: Իհարկե, բոլոր անունները փոխված են, բայց այն մարդիկ, որոնք ծանոթ են նրանց, ովքեր եղել են այդ օրն ինքնաթիռում կամ պետք է լինեին ու այդպես էլ չնստեցին, կնկատեն այդ զուգահեռները":
Ե. Արշակյանը նաեւ պատմեց, որ նախքան մեկնելն արդեն դժվար էր նկարահանում անել մի ինքնաթիռում, որը վթարի ենթարկված ինքնաթիռի զույգն էր. "Իսկ Սոչի մեկնելու ժամանակ մի վայրկյան անգամ ինքնաթիռում հանգիստ չեմ նստել, տարօրինակ զգացողություն էր. մտովի 2006 թվականում էի եւ անցնում էի այդ օրն ընդհատված այն բոլոր պատմությունների միջով, որոնց մասին տեղեկություններ էինք հավաքել` ֆիլմի սցենարը գրելիս":
"Անավարտ թռիչք" ֆիլմում հայտնի դերասանների հետ, գլխավոր հերոսներին մարմնավում են նոր անուններ. Տաթեւ Հովակիմյանի եւ Խորեն Աբրահամյանի համար ֆիլմը դեբյուտային է: Ըստ ռեժիսորի. "Մեծ էկրանը պահանջում է նոր դեմքեր: Այսօր գրեթե բոլոր ռեժիսորները գլխավոր դերի համար ընտրում են հայտնի մարդկանց: Ես ի սկզբանե ուզում էի, որ հանդիսատեսը գնա այս ֆիլմը դիտելու` ոչ թե դերասանների, այլ հենց ֆիլմի համար: Ի սկզբանե ցանկացել ենք` գլխավոր դերասանուհին ոչ թե ֆիլմային կերպար լինի, այլ` իրական աղջկա նման: Տաթեւ Հովակիմյանն այն իրական, ինքնատիպ աղջիկն էր, ում մենք փնտրում էինք… Դե, իսկ նկարահանման հրապարակում նրան սիրով օգնեցին բազմափորձ դերասաններ Լուիզա Ղամբարյանն ու Սերժ Ավետիքյանը: Ֆիլմը դեբյուտային է նաեւ Խորեն Աբրահամյանի համար` մեծանուն հայ դերասանի թոռան, սա նրա առաջին դերերից է գեղարվեստական ֆիլմում":
Մինչ ֆիլմը հասանելի կլինի հայ հանդիսատեսին, օրերս կայացավ ֆիլմի համար գրված երգի տեսահոլովակի պրեմիերան` Քրիստինե Պեպելյանի կատարմամբ: Իսկ տեսահոլովակը ինքնին ներկայացնում է ֆիլմի կարճ տարբերակը:
Ի դեպ, մինչ ֆիլմը կբարձրանա էկրան, արդեն հայ հասարակությունը հասցրել է "հոշոտել" գլխավոր հերոսուհի Տաթեւ Հովակիմյանին` ֆիլմում եղած բաց տեսարանի համար. "Իրականում նկարահանումներից առաջ եւ ընթացքում ինձ մտահոգել է միայն մեկ բան` որպես դերասանուհի ճիշտ մատուցել կերպարս ու վանել ավելորդ հույզերը: Իսկ թե ինչպիսին է արդյունքը, ինքս երբեք չեմ ունենա դրա պատասխանը, այդ պատասխանը կտա հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Տ. Հովհաննիսյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Տ.Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" հաջորդ համարում:

