1915Թ. ԹՈՒՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ "ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ" "ՖԱՆՏԱԶԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄ ՉԷ"
Արխիվ 12-161915Թ. ԹՈՒՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ
"ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ" "ՖԱՆՏԱԶԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄ ՉԷ"
Ինչպես հայտնի է` փետրվարի 10-ից կինոթատրոններում հանրության դատին կհանձնվի ռեժիսոր Քաջայր Հակոբյանի "Հիշողություն" ֆիլմը: Ֆիլմը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը: Սցենարի հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանն է, գլխավոր ռեժիսորը` Քաջայր Հակոբյանը, կոմպոզիտորը` Արա Գեւորգյանը: Թե ինչպես ծնվեց "Հիշողություն"-ը, ի՞նչ նպատակով եւ արդյո՞ք ծառայեց այն նպատակին, ինչին փորձում էր ծառայեցնել ֆիլմի սցենարիստը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր, գործարար ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը` նշեց.
-Դեռ տասը տարի առաջ` Ցեղասպանության իննսունամյակի հետ կապված, իմ նախաձեռնությամբ կառուցեցինք խաչքար, եւ այդ խաչքարը տեղադրելու ժամանակ` հենց խաչքարի մոտ ասացի, որ չմեռնենք, ողջ մնանք, հարյուրամյակի հետ կապված կարելի է գեղարվեստական ֆիլմ նկարել, քանի որ ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական ֆիլմ այս տարիների ընթացքում ՀՀ-ում չի նկարահանվել: Եվ այս տասը տարիների ընթացքում ես տասը հազարից ավելի մարդկանց հետ եմ խոսել Ցեղասպանության թեմայով` ականատեսների, գաղթականների եւ պատմություն լավ իմացող մի շարք անձանց հետ: Պատմությունն ուսումնասիրելով եւ այն համեմելով ականատեսների պատմածներով` ծնվեց "Հիշողություն" ֆիլմի սցենարը: Այն ստեղծվել է տասը հազար եւ ավելի մարդկանց սցենարով, մոտ հինգ հարյուր մարդկանց կարծիքներով եւ դերասանների խորհուրդներով եւ առաջարկություններով, այնպես որ, ինչպես հիմա շատերն են դա շահարկում` "Հիշողությունը" ֆանտազիայի արդյունքում ստեղծված ֆիլմ չէ: Ֆիլմը նկարահանելու ընթացքում ես մի շատ կարեւոր բան հասկացա. որեւէ այլ ազգի դերասան չի կարող Ցեղասպանության մասին ֆիլմը ներկայացնել այնպես, ինչպես հայ դերասանը, որովհետեւ դա մերն է, մեր արյան մեջ եղած հիշողությունը, որը հնարավոր չէ երբեւէ մոռանալ:
- Ձեր տասը տարիների մտացածը, ըստ Ձեզ` կարողացա՞ք վերարտադրել "Հիշողություն" ֆիլմում:
- Այո, այն, ինչ ուզում էի ֆիլմի միջոցով հասցնել հանդիսատեսին, համարում եմ կայացած:
- Որո՞նք են լինելու ֆիլմի հետ կապված Ձեր առաջիկա անելիքները:
- Մենք փորձելու են "Հիշողություն" ֆիլմը ցուցադրել աշխարհի տարբեր երկրների մեծ էկրաններից, արդեն իսկ ունենք մեծ թվով առաջարկություններ: Հիմնականում ֆիլմով հետաքրքրվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայեր, տարբեր երկրների պատգամավորներ, գործարարներ, կապվում են մեզ հետ` առաջարկելով իրենց օգնությունը, որպեսզի կարողանանք Ցեղասպանության մասին ֆիլմը աշխարհի տարբեր երկրներում ցուցադրել: Այդ աշխատանքները այժմ ընթացքի մեջ են, օր օրի ավելի մեծ թափ են հավաքում, տեսնենք, թե ինչքանով կստացվի: Չմոռանանք, որ Թուրքիան մեծ գումարներ է ներդրել, որպեսզի կանխի Ցեղասպանության մասին պատմող ցանկացած միջոցառման տարածում եւ լուսաբանում: Այս ֆիլմի յուրաքանչյուր տեսարանում կա մեծ ու խոր իմաստ` նախկին, ներկա եւ ապագային վերաբերող քաղաքական ազդակներ, որոնք վերաբերում են թե՛ մեր ազգին եւ թե՛ Թուրքիային: Ցավում եմ, որ այսօր մեզ մոտ կան հայեր, ովքեր լսելով, որ Թուրքիայում ֆինանսավորում են Ցեղասպանության վերաբերող տարբեր միջոցառումների կանխումը, ջանք չեն խնայում ֆիլմը դեռ չտեսած` իրենց անհամաձայնությունը հայտնել ֆիլմի այս կամ այն դրվագի հետ, այդ ձեւով ծառայություն են մատուցում Թուրքիային, դե բնականաբար, վարձատրվելու պայմանով: Ես իհարկե հասկանում եմ, որ այդ մարդիկ մտածում են այդ կերպ բիզնես անել, բայց չի կարելի Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելով` գումար վաստակել:
- Պարոն Հակոբյան, իսկապես ֆիլմը դեռ մեծ էկրան չբարձրացած` արդեն իսկ տարբեր քննադատությունների է ենթարկվում, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ դա ոչ թե ֆիլմը չհավանել, այլ զուտ Ձեր անձի հետ կապված լինի:
- Քննադատությունների հետ կապված` ես Ձեզ մի գաղտնիք ասեմ: Մենք մասնագետների հետ միասին, մինչեւ ֆիլմը ցուցադրելը, ուսումնասիրել ենք այն մարդկանց ցուցակը, ովքեր ֆիլմը նայելուց հետո ասելու են, որ այդ ֆիլմը լավ ֆիլմ չէ: Դա 370 անձանցից բաղկացած ցուցակ է, մենք այդ ցուցակը վավերացրել ենք նոտարական գրասենյակում, այդ ցուցակը պահում ենք մեզ մոտ: Ֆիլմի դիտումից հետո, եթե այդ մարդկանցից մեկը իր սովորության համաձայն` բացասական կարծիք հայտնի, մենք անմիջապես կհրապարակենք այդ ցուցակը եւ հանրությանը ցույց կտանք, որ մենք նախապես գիտեինք, որ այդ մարդն ինչ է ասելու ֆիլմը նայելուց հետո: Այդ կերպ մենք հասարակությանը ցույց կտանք, որ նրանք ոչ թե քննադատողներ են, այլ իրենք պարզապես, այսպես ասած, "աբիժնիկներ են": Այնպես որ, ցանկացած քննադատողի մենք կտանք իրեն համարժեք պատասխանը: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ` ինչի՞ համար են այսքան չարախոսներ, ախր մենք ոչ մեկի հացը իրենց ձեռքից չենք վերցրել, ոչ մեկից փող չենք մուրացել, ինչի՞ են մարդիկ էդքան վատ զգում, ինչի՞ են քննադատում ֆիլմը` դեռ այն չդիտած: "Հիշողություն" ֆիլմը Հայաստանում կարող են դիտել փետրվարի տասից, իսկ արտերկրում ապրիլի 20-ից: Մենք փորձելու ենք ներկայացված լինել բոլոր երկրներում, որտեղ կան հայեր: Արդեն նախնական համաձայնություններ ունենք արտերկրների 276 կինոդահլիճերի հետ: Մենք նաեւ մրցույթ ենք հայտարարել, այն է. քսանչորս լավագույն կինոդիտողները, ովքեր երկու էջից բաղկացած վերլուծություն կկատարեն, թե ֆիլմի որ դրվագում ինչ ենք ցանկացել ասել, կստանան դրամական պարգեւներ:
Թե ինչ արձագանքներ է ստացել "Հիշողություն" ֆիլմը հանրության շրջանում, փորձեցինք անձամբ շրջել "Կինո Մոսկվայի" շրջակայքում, որտեղ արդեն իսկ տեղադրված է ֆիլմի աֆիշը եւ հետաքրքրվել անցորդներից: Երբ փորձեցինք հետաքրքրվել` արդյոք տեղյա՞կ են Ցեղասպանության մասին պատմող "Հիշողություն" ֆիլմի մասին, ստացանք հետեւյալ պատասխանները. "Լսել եմ, բայց չեմ տեսել, հենց դրա համար էի եկել, որ փետրվարի տասի համար տոմս գնեմ, այն էլ ասացին, որ ամսի երեքից են տոմսերը վաճառելու: Թրեյլերը նայելուց` արդեն իսկ շատ բան ես հասկանում",- ասաց մասնագիտությամբ մանկավարժ Արմենը: Իսկ տիկին Կարինեն, ով իր աշակերտների հետ եկել էր "Անահիտ" մուլտֆիլմը դիտելու, ասաց. "Աղջիկ ջան, իմ սկեսուրի ընտանիքի անդամները 1915 թվականին թուրքերի վայրագությունների զոհ են դարձել, բա որ ես չգամ նայեմ, էլ ո՞վ պետք է նայի: Ինչ-որ հատված կա արդեն համացանցում, որը դիտելիս իսկապես վերապրում ես 1915 թվականը: Դեռ չդիտած, հավատացեք, արդեն դրական կարծիք ունեմ ֆիլմի մասին, դա` միանշանակ": Մենք կարողացանք գտնել եւ կարծիք հարցնել նաեւ այնպիսի անձանցից, որոնց արդեն իսկ հաջողվել էր դիտել ֆիլմն ամբողջությամբ: Եվ ահա մասնագիտությամբ լրագրող Դիաննան մեզ հետ զրույցում ասաց. "Մի վայրկյան անգամ աչք չեմ թարթել դիտելիս, էնքան ապրումներով, հույզերով լեցուն ֆիլմ է, ահռելի աշխատանք է կատարվել, բրավո նման ֆիլմ ստեղծողներին": Իսկ լուսանկարիչ Ռուբենը, ով եւս դիտել էր ֆիլմն ամբողջությամբ, ասաց. "Շատ հետաքրքիր ֆիլմ է, կոնկրետ ներկայացված են 1915թվականի թուրքերի դաժանությունները: Ուղղակի խոսքեր չունեմ ասելու, հոյակապ ֆիլմ է":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

