Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ" ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ՑԱՆՑԵՐԻ" ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
"Իրավունքի" նախորդ համարներից մեկում "Հայաստանի էլեկտրական ցանցերը", ինչպես միշտ, ֆինանսական խնդիրների մեջ" վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք ՀԷՑ-ի արդեն խրոնիկական դարձած ֆինանսական խնդիրներին, ինչը էլեկտրաէներգիայի թանկացումների տեսքով մեկ անգամ չէ, որ դարձել է բոլորիս խնդիրը: Հիշեցնենք, որ այս անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀԷՑ-ի դրամական շարժը, հանգել էր եզրակացության, որ. "Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին", ինչպես որ նախատեսված են համապատասխան կանոնակարգերով: Եվ դա էլ պատճառ է դառնում, որ ՀԷՑ-ը պակաս վճարի էլեկտրաէներգիա արտադրող կայաններին, ինչն արդեն հարվածում է հայաստանյան էլեկտրաէներգետիկ ողջ համակարգին:
Ուրեմն ինչո՞ւ հոսանքի դիմաց քաղաքացիների վճարումները հատուկ հաշիվներին չեն հասնում, առավել եւս, որ այդ վճարումներն արվում են բանկերի միջոցով: Ընդ որում, դա էլ է հատուկ արված, որպեսզի սահմանափակվի այդ միջոցներին էլցանցերի ձեռքը հասնելը, քանի դեռ չի վճարվել արտադրողներին: Մյուս կողմից էլª սակագնում բոլ-բոլ ներառված է ամեն ինչª արտադրողների հասանելիքը, էլցանցերի ծախսերն ու եկամուտները: Եվ ահա, երբ սպառողները գործնականում 100 տոկոսով վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքնª նախատեսված ողջ գումարը կա, ուրեմն պետք է հետագա բաշխումն էլ ողջ ծավալով իրականացվի:
Սա` նորմալ տրամաբանությամբ եւ սահմանված կանոնակարգերով: Բայց ահա սպառողները վճարում են եղած գերթանկ սակագներին համապատասխան, իսկ թե դրանից հետո ուր է գնում այդ փողը, եթե արտադրողների մասով կան թերվճարումներ, մնում է միայն ենթադրել:
Եվ ահաª այս հանելուկից գլուխ հանելու նպատակով գրավոր հարցման միջոցով պարզաբանումներ էինք խնդրել ՀէՑ-ից: Մասնավորապես.
1. Երբ անցած տարվա օգոստոսի 1-ից սպառողներին մատակարարվող հոսանքի սակագինը 38 դրամից դարձավ 41,85 դրամ, ակնկալվում էր, որ բաշխիչ ցանցերի ֆինանսական վիճակը աստիճանաբար կկարգավորվի: Մինչդեռ այժմ այնպիսի տպավորություն է, որ վիճակը այստեղ դեռ հեռու է կարգավորումից: Ի՞նչն է պատճառը:
2. Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ "սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարները ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին": Կբացատրե՞ք, թե ուր են գնացել այդ փողերը:
Եվ ահա ՀԷՑ-ից, ի պատասխան այդ կոնկրետ հարցադրումների, ստացանք նման պատասխան. "Մեկ անգամ եւս հարկ ենք համարում նշել հետեւյալը. սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարների` ամբողջ ծավալով ընկերության հատուկ հաշվին մուտքագրում չի իրականացվել էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների վճարման ծավալների` սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, դրա արդյունքում` ընկերության շահույթի եւ իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման, ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը բարդանալու եւ այլ պարտավորություններ կատարելու անհնարինության պատճառով:
Սպառողների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության ընթացիկ հաշիվներին. ընկերությունը հաշիվ-ապրանքագրերում նշում է իր բանկային բոլոր հաշիվները, եւ սպառողը ընտրում է այն բանկային հաշիվը, որին փոխանցում է համապատասխան գումարը":
Սա բառացիորեն նույն բացատրությունն է, ինչը ՀԷՑ-ը տվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եվ այս պատասխանը, իհարկե, անգամ այդ հանձնաժողովին չէր բավարարել, քանի որ վերջինս, հիշեցնենքª դրանից հետո վերջերս հերթական անգամ 10 միլիոնով տուգանեց ՀԷՑ-ին:
Լավ, սա էլ թողնենք մի կողմ. ավելի ամբողջական պարզաբանում, մեկ է, չէինք էլ սպասում: Թե ուր են գնում ՀԷՑ-ի փողերը, մասնավորապես, թե այդ ինչ բարդացած "ստանձնած վարկային պարտավորություններ" կամ "այլ պարտավորություններ" են, որոնց մեջ այդքան "խրվել" է ՀԷՑ-ը: Համենայնդեպս, եթե ընկերությունը սեփական չինովնիկներից սկսած` մինչեւ շարքային տեսուչները, մի քիչ տնտղի, շատ հարցերի պատասխաններ մենք էլ կստանանք, ընկերությունն էլ:
Բայց մեկ է, այս իրավիճակը "հասկանալով" հանդերձ, մեկ էª էլի ՀԷՑ-ի ներկայացված պատասխանի մի նրբերանգից այդպես էլ "գլուխ չհանեցինք": Տեսեքª նախ տեղեկացնում են, թե. "Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարների` ամբողջ ծավալով ընկերության ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ ¥ընդգծումը մերն է- հեղ.¤ մուտքագրում չի իրականացվել...": Եվ անմիջապես էլ. "Սպառողների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ...":
Մինչդեռ, ինչպես ի պատասխան մեր հարցմանը, օրերս տեղեկացրել էին նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից. "Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի "Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին" N111Ն որոշման 1-ին կետով հաստատված` հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգի (այսուհետ` Կարգ) 4-րդ կետի համաձայն` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են ընկերության ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ (հաշիվներին)...":
Այսինքն այսպե՞ս հասկանանք. բանկերը պարտավոր են հավաքագրված գումարները փոխանցել միայն ընկերության հատուկ հաշվին, բայց նաեւ փոխանցում են ընթացիկ հաշիվներին, ինչն առհասարակ անհասկանալի է դառնում հատուկ հաշիվ ասված հասկացության իմաստը: Եթե այդպես է, ուրեմն ՀԷՑ-ի այս ֆինանսական թնջուկի հիմքերին հասնելու համար պետք է հասկանալ նաեւ, թե ինչպես եւ ինչու են բանկերը դարձել այս պատմության "խաղարկային" կողմերից մեկը...
Չնայածª Հայաստանի անկախացումից ի վեր, հայաստանյան բաշխիչ էլեկտրացանցերի ֆինանսական համակարգի հետ կապված "հանելուկներն" այնքան շատ են եւ խճճված, որ ավելի շատ տարօրինակ կլիներ, որ բանկերն էլ իրենց հերթին այնտեղ իրենց սեփական խաղը չունենային:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

