ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ "ՏԺԺԱՑՆՈՒՄ ԵՆ" ԿԵՍԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ
"ՏԺԺԱՑՆՈՒՄ ԵՆ" ԿԵՍԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ
Հովհաննես Ժորայի Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման այն բանի համար, որ ոմն Անդրո թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գեւորգյանին: Արթուրն ասել էր, որ թմրամիջոցն իրեն էր հասցրել Անդրոն, բայց ով է լսում 7 անգամ դատված ու բանտում գտնվող անձին. քննիչների, դատախազության, դատավորների քմահաճույքով գործը շուռ էին տվել Հովհաննեսի վրա. համենայնդեպսª նա այդ համոզմունքին է:ԱՆԴՐՈՅԻՆ ՉԳՏԱՆ`
ՆՍՏԵՑՐԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ
Եվ իրոքª այն տպավորությունն է, որ իրավապահ ու դատական մարմինները ջանք չէին խնայել, որպեսզի հանկարծ չհաստատվի այդ մեղադրյալի անմեղությունը:
Ըստ քրգործիª Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրել է այսպես. իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն եւ իմանալով որ, թմրամիջոցի կարիք է զգում, խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թ. հունվարի 4-ին Անդրոն "հերոյին" տեսակի թմրամիջոց է բերել: Արթուրը հեռախոսով Անդրոյին բացատրել է կալանավայրի տեղը, նրան լույսերով եւ այլ տարբերանշաններով ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից էլ թմրամիջոցը ներնետել է ՔԿՀ-ի տարածք: Ներնետելու պահին նույնպես հեռախոսակապն Արթուրի եւ Անդրոյի միջեւ շարունակվել է:
Այնուհետեւª "բերդի" կրտսեր մասնագետ Ավետիք Նաջարյանը, ինչպես ինքն է նկարագրել, դիտաշտարակից լսելով ոտնաձայներ եւ լուսարձակն ուղղելով ձայնի ուղղությամբ, նկատել էր "նիհար կազմվածքով, միջին հասակի, գլխին գլխարկ դրած մի քաղաքացու": Ավետիքը կարգադրել էր նրան, որ դուրս գա արգելված տարածքից: Քաղաքացին պատի տակից դուրս էր եկել, կապույտ լույսով ինչ-որ իր էր ներնետել ՔԿՀ-ի բաղնիքի ուղղությամբ եւ փորձել էր փախչել: Կրտսեր մասնագետը կարգադրել էր, որ կանգնի եւ նախազգուշական կրակոց էր արձակել դեպի օդ: Հենց այդ պահին էլ այդ քաղաքացուն բռնել էին…
Համաձայն վերը նշված փաստերի` անմիջապես բռնված քաղաքացին պետք է լիներ Անդրոն: Անդրոն չէր` Հովհաննեսն էր: Միայն թե այդպես էլ նրա մոտ չէր հայտնաբերվել այն հեռախոսը, որով, ըստ քրեական գործի, Արթուրը մշտական "օպերատիվ" կապի մեջ էր եղել Անդրո-Հովհաննեսի հետ:
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՓՆՏՐԵԼ
ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ
Սա էլ պետք է, որ մի սովորական "ուչաստկովիի գործ" լիներ. բավական էր միայն Արթուրից վերցնել նրա իսկ ցուցմունքում ներկայացված հեռախոսը, պարզել, թե հանցագործության պահին Արթուրն ում հետ է խոսել, եւ վերջ... Բայց հեռախոսները հետագա քննության ընթացքում չգիտես ուր են "անհետանում":
Թեեւ սա ամենեւին էլ միակ տարօրինակությունը չէ: Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե Հովհաննես Չոլախյանը հերոինը փորձել է կալանավայր նետել ժամը մոտ 00:10-ի: Բայց ահա գործով ընթերակա-վկա, ՔԿՀ հավաքարար Ելգա Նիկոլյանը համոզված պնդում է. "2013թ. հունվարի 4-ին` ժամը 23:00-24:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ "Սեւան" ՔԿՀ-ի աշխատակիցները եկել են մեր տուն եւ ինձ` որպես ընթերակա, հրավիրել ՔԿՀ...": Այսինքն, ըստ քննության, ժամը 00:10-ին Հովհաննես Չոլախյանը նոր էր միայն մտածում կալանավայրի տարածք թմրանյութ նետել, սակայն դրանից մեկ ժամ առաջ "Սեւան" ՔԿՀ-ի աշխատակիցներն արդեն ընթերականե՞ր էին տներից բերում:
Բայց մեկ է, այդ "վաղաժամկետ" ընթերական այդպես էլ Հովհաննեսի մոտ ոչ մի հեռախոս չի տեսել. "Իմ ներկայությամբ խուզարկել են մի մարդու, ով եղել է սառած վիճակում, եւ նրա մոտից հայտնաբերել են ծխախոտ եւ թաշկինակ: Այդ ամենի մասին կազմել են արձանագրություն…":
Հարց է ծագում. ինչո՞ւ այնուամենայնիվ չհայտնաբերվեց հեռախոսը: Հավանաբար` հայտնաբերվել էր, բայց այն քարուքանդ էր անելու շինծու գործը, որը հնարամտորեն "հիմնավորվել էր" մեկ այլ` "քար ծակող" ապացույցով…
Աչք ծակող ապացույցը` Հովհաննեսի մոտ հայտնաբերված "Դավիդով" ծխախոտի տուփի փայլաթուղթն էր, թե փորձաքննությամբ ապացուցվել է, որ թմրամիջոցը փաթեթավորված է եղել նույն սիգարետի փայլաթղթով: Բայց ահա Հովհանների փաստաբան Ազիզյանն էլ պնդում է. "Պաշտպանյալս իր ցուցմունքում նշել է` անձնական խուզարկության ժամանակ իր մոտից ոչինչ չի հայտնաբերվել, սիգարետի տուփը չի առգրավվել, այդ հիմքով էլ կազմվել է արձանագրություն, որն ինքը ստորագրել է":
Ուստիեւª փաստաբանը պնդում է, որ սիգարետի տուփը ապացույց դարձնելու համար կեղծվել է նաեւ խուզարկության վերաբերյալ արձանագրությունը եւ դրա ստորագրությունները: Մինչդեռ այդ ստորագրությունները ձեռագրաբանական փորձաքննության ուղարկելու մասին նրա միջնորդությունը մերժվել էր...
ԿՐԱԿՈՑՈՎ ԲՌՆԵՑԻՆ ՈՒ...
ՃԱՄՓԵՑԻՆ
Այս ամենից հետո կա նաեւ այն հարցը, թե կեսգիշերին Հովհաննես Չոլախյանն այդ ի՞նչ էր կորցրել կալանավայրի մոտ, չէ՞ որ հենց նրան էին բռնել դեպքի վայրում: Հարցը տեղին է, եւ դրա պատասխանը նույնպես առկա է քրեական գործում:
Չոլախյանին հանցանքի վայրում բռնելու հարցով վկաներ Ավետիք Նաջարյանը, Զորիկ Մանուկյանը, Դավիթ Ավետիսյանը եւ Ցոլակ Խաչատրյանն իրենց ցուցմունքներում միաբերան պնդում են, թեª Չոլախյանին հայտնաբերել են ՔԿՀ-ի պատից հեռուª դաշտի մեջ, սակայն բառ անգամ չկա, թե իրենք տեսել կամ ճանաչել են թմրանյութ նետոողին: Առավել եւս, որ ըստ Նաջարյանիª Չոլախյանին բռնել են, երբ. "Ինքը չի հասել բլրին, 30 քայլից ընկել է": Բայց ըստ Զորիկ Մանուկյանի` "մոտ 100 մետր գնացել էր, դրանից հետո բաց դաշտ է", իսկ Ցոլակ Խաչատրյանի ցուցմունքով` "քողարկող պատից 600-700 մետր դեպի սարի դոշը…": Լավ, ընդունենք միջին տարբերակըª Չոլախյանին բռնել են կալանավայրից մի 100 մետր այն կողմ: Բայց ձմռան մութ գիշերով, 100 մետր վազելուց հետո որտեղի՞ց կարող է համոզմունք լինել, որ իսկական հանցագործին են բռնել եւ ոչ պատահական մեկին: Ու դրանից հետո ինչպե՞ս հասկանանք, որ հունվարի 4-ին "հանցանքի վայրում" բռնել են ծանր հանցագործություն կատարած անձին, բայց անմիջապե էլ բաց թողելª նրան որպես մեղադրյալ ներգրավելով... մայիսի 3-ին: Այն էլ, երբ նա հայտնվել էր կալանքի տակ մեկ այլ` սույն գործին չառնչվող մեղադրանքով...
Իրականում Հովհաննե՞սն էր թմրանյութեր նետողը, թե՞ այպես էլ անհայտ մնացած Անդրոն. թողնենք ընթերցողի դատին, բայց նաեւ նկատելով, որ հարցականները չափից դուրս շատ են մարդուն ավելի քան 11 տարով բանտում փտեցնելու համար:
Բայց նաեւ կռահեք, թե ինչպիսին կլինի Վճռաբեկ դատարանի որոշումը: Հուշեմ, որ Անդրո-Հովհաննեսին 11,4 տարվա ազատազրկման դատապարտած 4 դատավորներից երկուսը ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ են…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

