ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ
ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Այն, որ անցած դեկտեմբերի դոլարային ճգնաժամը լուրջ ցնցումներ առաջ բերեց երկրում, որոնց հետեւանքները դեռ երկար ենք զգալու, հայտնի բան է: Թեեւ հունվարի սկզբին փոխարժեքի վիճակը համեմատաբար կայուն էր, սակայն դրանից հետո պարբերաբար որոշակի տատանումներ նկատվում են: Եվ այս վերջին երկու օրերին եւս նկատվում է դոլարի փոխարժեքի որոշակի բարձրացում: Համենայնդեպս, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, նախորդող երկու օրերի ընթացքում դոլարի փոխարժեքն աճել է 2,38 դրամով եւ կազմել 474,48 դրամ: Ուրեմն ի՞նչ նոր փոխարժեքային անակնկալներ կարող ենք սպասել: Ահա այս հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան մասնագետներից, հաշվի առնելով, որ համեմատաբար կայուն վիճակում կանխատեսումներն էլ իրականությանն ավելի մոտ կարող են լինեն:
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.
-Մեզ համար բացասական եւ ոչ ցանկալի դրամ-դոլար-ռուբլի տատանումների հավանականությունը բավականաչափ մեծ է: Տա Աստված, որ այդ ամենը շատ վտանգավոր չդառնա մեր ազգաբնակչության եւ երկրի համար: Այն կայունությունը, որ մենք նկատեցինք հունվարի սկզբներին, կարելի է ասել "հարաբերական կայունություն" էր: Այն պայմանավորված էր մի շարք հանգամանքերով, մասնավորապեսª ՀՀ իշխանությունների եւ Ռուսաստանի կողմից կատարված լարված քայլերով: Նմանօրինակ տատանումներից զերծ մնալու համար նախեւառաջ մեր տնտեսությունը պետք է հանենք այս վիճակից: Ցանկացած արժույթ իր մեջ պարունակում է կայունության էլեմենտներ, երբ տնտեսությունը լավ վիճակում է: Սրանով էլ պայմանավորված, հավանաբար, առաջիկայում ֆինանսական շուկայում կլինեն տատանումներ:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ շեշտեց, որ դժվար է կանխատեսումներ անել եւ նկատեց.
-Դոլարի արժեւորումը դրամի, ռուբլու եւ այլ արժույթների նկատմամբ համընդհանուր բնույթ է կրում: Բոլոր արժույթները, այդ թվում նաեւ այնպիսի հզոր արժույթ, ինչպիսին եվրոն է, արժեզրկվել են դոլարի նկատմամբ: Այսինքն` այստեղ դրամը միայնակ չէ: Ըստ էությանª դրամի եւ եվրոյի տատանումները դոլարի նկատմամբ նույնն են:
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
-Ներկայումս նկատվող մեկ-երկու դրամի տատանումները միշտ էլ կլինեն, եւ ընդհանուր առմամբ ոչինչ չեն ասում: Ամեն անգամ մենք չպետք է անհանգստություն ապրենքª տեսնելով նման տատանումներ: Ընդհակառակը` փոխարժեքի արհեստական կայունացումը պետք է անհանգստացնի, որովհետեւ նման բան ոչ մի երկրում չկա: Տարվա ընթացքում եւ առաջիկայում տատանումներ կլինեն, ինչը խոսում է այն մասին, որ հայկական դրամը եւ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելով` ավելի ճկուն քաղաքականությամբ պետք է առաջնորդվեն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ կարծիք ունի հանրությունը` դոլարի փոխարժեքը կրկին կբարձրանա, թե ոչ:
1. Անցած դեկտեմբերի վիճակը նախ նվազեցրեց մարդկանց մոտ դրամի հանդեպ հավատը: Իսկ վստահության պակասի դեպքումª ամեն մի մանր առիթն էլ կարող է խուճապ բերել- 47%:
2. Մեր տնտեսության վիճակը հուշում է, որ դրամի անկումը, դանդաղ, թե ավելի արագ, այս տարի կշարունակվի, առավել եւս, որ դոլարը աշխարհում էլ է թանկանում: Բայց նախորդ տարվա ցնցումները դժվար թե կրկնվեն - 34%:
3. Անցած տարվա տատանումների պատճառն ավելի շուտ սպեկուլյացիան էր: Եթե այն չկրկնվի, ուրեմն դրամն էլ կայուն կմնա, նույնիսկª որոշ չափով կվերադառնա իր նախկին դիրքերի ուղղությամբ - 15%:
4. Դժվարանում է պատասխանե լ- 4%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

