Երեկ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար, ինչպես նաեւ պահանջագիր-նամակ փոխանցելու գրասենյակի ղեկավարությանը: Նամակում մասնավորապես ասված էր. "2015 թ. հունվարից սկսած Հայաստան-Ադրբեջան եւ ԼՂՀ-Ադրբեջան սահմանի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, պարբերաբար ունենում ենք մարդկային զոհեր:
Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության հարցում ստանձնել է միջնորդի դերը, իր վրա է վերցրել հրադադարի ռեժիմը պահպանելու առաքելությունը, ինչպես նաեւ դիտորդական առաքելությունը: Այդքանով հանդերձ, փորձը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կարողանում կամ չի ուզում կատարել եւ զորու չէ լինելու հրադադարի պահպանման երաշխավոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ոչինչ չասող եւ ձեւական բնույթ կրող հայտարարություններով, որոնցում երկու կողմերին կոչ են անում հանդարտության, այն դեպքում, երբ ամեն անգամ հրադադարը խախտողը միանշանակ ադրբեջանական կողմն է լինում: Երբեւէ ԵԱՀԿ-ի կողմից չի հնչել գնահատական` Ադրբեջանի ապօրինի եւ սադրիչ-դիվերսիոն գործողությունների վերաբերյալ: Այս անթույլատրելի լռությամբ եւ անգործությամբ ԵԱՀԿ-ն, փաստորեն, դառնում է Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորը: Ելնելով վերը նշվածից` մենք անիմաստ ենք համարում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեությունը եւ աննպատակահարմար հետագա գոյությունը ՀՀ տարածքում եւ պահանջում ենք լքել մեր երկիրը": Թե ինչ արձագանք են ակնկալում վերոնշյալ նախաձեռնության հեղինակները, պարզեցինք ակցիայի կազմակերպիչներից մեկից` քաղաքական վերլուծաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ. - Չեմ կարծում, թե ակնկալվող արձագանքը կլինի: Հավանաբար, իրենք էլ ինչ-որ հայտարարությամբ հանդես կգան, որտեղ բնականաբար կասեն, որ իրենք աշխատում են: Բայց մենք իրականում գիտենք, թե ինչպես են աշխատում, եւ իրենց գործունեության "արդյունքն" էլ տեսնում ենք, նաեւ տեսնում ենք, թե ինչպես են արձագանքում: Ասենք, 10 օր շարունակ մարտական գործողություններ են տեղի ունենում սահմանի վրա, մենք ամեն օր զոհեր ենք տեսնում եւ միայն հունվարի 28-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում: Երեւի պետք էր մի քի՞չ էլ սպասեին, որ մի 10 հոգի՞ էլ սպանեին, որ նոր արձագանքեին: Այնպես որ, առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ: Այստեղ ավելի կարեւոր է` հարցը դարձնել քննարկման առարկա, այսինքն` հրավիրել հասարակության եւ իշխանությունների ուշադրությանը, որ մեզ պետք չէ նման անօգուտ կառույց մեր երկրում: