«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՄ ՉՔՎԵԱՐԿԵԼԸ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՉԷՐ»
Արխիվ 12-16«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՄ ՉՔՎԵԱՐԿԵԼԸ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՉԷՐ»
Երկու օր առաջ հերթական հակառուսական որոշումը կայացվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, ըստ որի, մինչեւ ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ է թողնվում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը: Վերոնշյալ քվեարկության պատկերը հետեւյալն էր. 160 եվրոպացի պատվիրակ քվեարկեցին «կողմ»` ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցմանը, իսկ 42 պատվիրակ «դեմ» էր, 11-ը` «ձեռնպահ»:
Ուշագրավ էր այն, որ ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցմանը «կողմ» քվեարկողների թվում էին նաեւ Վրաստանի պատվիրակության բոլոր ներկայացուցիչները:
Թե Վրաստանի այսպիսի պահվածքից հետո արդյո՞ք Ռուսաստանը համարժեք պատասխան չի տա նրանց` հարմար առիթի դեպքում, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
-Չեմ կարծում, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ եթե այդպիսի քվեարկություն լինի, ապա Վրաստանը Ռուսաստանի դեմ է քվեարկելու: Ընդհանրապես, ինչ տիպի քվեարկություն էլ եղել է վերջին տարիներին, մանավանդ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, միշտ Վրաստանն առաջ է տարել հակառուսական հեղափոխական փաստաթղթերը: Հետեւաբար, պարզ է, որ եթե ուրիշ երկրները այդպիսի մի ձեռնարկ են սկսում, պիտի իրենք սատարեն, քանի որ նույնիսկ եթե փորձեն անկողմնակալ լինել, ապա շատ մեծ քննադատության կարժանանան Վրաստանի ընդդիմության կողմից: Իսկ այս դեպքում ասեմ, որ հայտարարություններ են եղել անգամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ` Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի կողմից, ով մասնավորապես նշել է, թե ամենակոշտ պատասխանը Ռուսաստանի ձեռնարկած քայլերի դեմ հենց Վրաստանին էր, որովետեւ 2008 թվականին դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են նրանց հետ: Եվ իրենց կարծիքով, քանի որ իրենք դադարեցրել են այդ հարաբերությունները, իրենք էլ ամենակոշտ քայլին են դիմել: Ուստի` իրենց մոտեցումը պարզ է: Բայց չեմ կարծում, որ ՌԴ-ն որեւէ պատասխան քայլ կձեռնարկի Վրաստանի դեմ, քանի որ դեռեւս բավականին մեծ ու լուրջ խնդիրներ ունի: Այնպես որ, Ռուսաստանի Դաշնության համար Վրաստանի քվեարկել կամ չքվեարկելը այդքան էլ սկզբունքային չէր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

