«ԵՐԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԵՎ ՍԽԱԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՅՍ ՀԱՐԹԱԿԻՑ ՀԵՏ ՄՂԵԼԸ»
Արխիվ 12-16«ԵՐԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ,
ԵՎ ՍԽԱԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՅՍ ՀԱՐԹԱԿԻՑ ՀԵՏ ՄՂԵԼԸ»
Հակառուսական հիսթերիան շարունակվում է Եվրոպական բարձրագույն կառույցներում: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ հունվարի 28-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչեւ ապրիլյան գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը: Հիշեցնենք, որ նման որոշում կայացվել էր դեռեւս 2014 թվականին` ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորումից հետո: Ի դեպ, հայաստանյան պատվիրակությունից վերոնշյալ նիստին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ովքեր որոշմանը «ձեռնպահ» են քվեարկել:
Այս եւ Ստրասբուրգում տիրող ԵԽԽՎ-յան մթնոլորտի մասին «Իրավունքը» կարողացավ կապ հաստատել եւ զրուցել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԿՈՂՄ ԼԻՆԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ»
-Տիկին Կարապետյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ ԵԽԽՎ-ում հակառուսական բանաձեւին «ձեռնպահ» քվեարկեց մեր պատվիրակությունը:
- Բնականաբար, մեր պատվիրակությունը չէր կարող կողմ լինել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը եւ հենց դրանով է պայմանավորված եղել մեր «ձեռնպահ» լինելը:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանը դեմ էր քվեարկել այդ նույն բանաձեւին:
- Ադրբեջանի իշխանությունների որեւէ քայլ չեմ կարող մեկնաբանել:
- Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ հակառուսական տրամադրություններ էին տիրում ԵԽԽՎ-ում, եւ որքանո՞վ կարող են լուրջ հետեւանքներ թողնել դրանք:
- Բավականին սուր քննադատություններ են հնչում` կապված վերջին իրադարձությունների հետ, մասնավորապես Մարիուպոլում եւ Դոնբասում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, սակայն կային նաեւ կարծիքներ, որ երկխոսությունն է ժողովրդավար ճանապարհը, եւ սխալ է Ռուսաստանին այս հարթակից հետ մղելը:
ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՅԴ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը
-Այս անգամ մեր պատվիրակությունում խիստ լուռ են ընդդիմության ներկայացուցիչները` դա պայմանավորված է բացակայություններո՞վ, թե՞ գործելակերպով:
- Ներկա են ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր ակտիվ մասնակցում են աշխատանքներին: Իսկ գործելակերպի փոփոխություն չեմ նկատել:
- Ե՛վ Ձեր, ե՛ւ տիկին Նաղդալյանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին հնչեցված բավական կոշտ ելույթներից հետո ինչպիսի՞ արձագանք եղավ Ադրբեջանի պատվիրակության, ինչպես նաեւ եվրոպացի գործընկերների կողմից:
- Երեկ քննարկվում էր խոսքի ազատության հիմնախնդիրը, եւ վստահեցնում եմ, որ շատ եվրոպական երկրներ եւս քննադատում են վերոնշյալ երկրներում տիրող իրավիճակը:
«ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՑԵԻԲԱՑ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ Է
ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎՐԱ»
Ի դեպ, երեկ ԵԽԽՎ-ում հնչեցված տիկին Կարապետյանի ելույթում, որը վերաբերում էր խոսքի ազատությանը Թուրքիայում եւ Ադրբեջանում, մասնավորապես ասված էր. «Բավականին մտահոգում է լրագրողների ազատության եւ զանգվածային լրատվության մակարդակի անկումը Եվրոպայում: Խոսքս մասնավորապես վերաբերում է Թուրքիայում լրագրողների դեմ հատուկ ծրագրավորվող եւ իրականացվող ֆիզիկական հարձակումներին: Այս երկրում անհրաժեշտ է համապարփակ իրավաբանական հետաքննության ենթարկել ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների դեմ ուղղված հարձակման բազմաթիվ դեպքերը: Ինչպես գիտեք, Թուրքիայում երկար ժամանակ արգելված են եղել YouTube-ն ու Twitter-ը: 2013թ. Գեզի այգում տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ժամանակ ոստիկանությունը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, հարձակվել է դեպքերը լուսաբանող 105 լրագրողի վրա»: Ապա Ն. Կարապետյանը հավելել էր. «Ներկայումս թուրք լրագրողների անվտանգությանն ու մասնագիտական անկախությանը սպառնում են այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են նրանց գործունեությունը զգալիորեն սահմանափակող օրենքները, հարյուրավոր կասկածելի քրեական հետախուզությունները, բազմաթիվ լրագրողների դեմ ուղղված հետապնդումները, ինտերնետ մուտք գործելու սահմանափակումները, կառավարության աննախադեպ միջամտությունը լրատվական միջոցների աշխատանքին եւ կառավարության հասցեին հնչող քննադատության հանդեպ վերջինի անհանդուրժողական քաղաքականությունը: Ամենավատն այն է, որ, ըստ որոշ զեկույցների, նախկին վարչապետ եւ գործող նախագահ Էրդողանը բացեիբաց անմիջական ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ղեկավարների վրա եւ նույնիսկ շանտաժի ենթարկում լրագրողներին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

