ԼՈՒԿԱՇԵՆԿՈ. "ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԵՏՄ-ԻՑ` ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ"
Բելառուսն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե չկատարվեն ԵՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում է "Արմենպրես"-ը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 29-ին այս նախազգուշացմամբ հանդես է եկել բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների համար անցկացված մամուլի ասուլիսում:
"Մենք մեզ իրավունք ենք վերապահում` ընդհուպ այդ միությունից դուրս գալը",- հայտարարել է նա: Լուկաշենկոյի խոսքով` Եվրասիական տնտեսական միության ճանապարհը դյուրին չի լինելու: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` պետության ղեկավարը հավաստիացրել է, որ Բելառուսն ըստ ամենայնի աջակցելու է ինտեգրացման խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, իրավահավասար միության ստեղծմանը` առանց բացառումների ու սահմանափակումների: "Մենք պարտավոր ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք բացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում",- ասել է նա` ընդգծելով, որ Բելառուսը 2015 թվականի հունվարի 1-ից նախագահում է ԵՏՄ-ում: 2015 թվականի հունվարի 1-ից սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը: Դրա կազմավորման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին: Ավելի ուշ պայմանագրին միացել է Հայաստանը, ԵՏՄ-ին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաեւ Ղրղզստանը: Լուկաշենկոյի խոսքով` Բելառուսը ներկայումս ավելի շատ առեւտուր է անում Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ: "Մենք արդեն ավելի շատ առեւտուր ենք անում Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ",- ասել է նա` նշելով, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Բելառուսի առեւտրի ծավալի 42 տոկոսը` նախկին 85 տոկոսի համեմատությամբ: Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրը համարել է արտահանման դիվերսիֆիկացումը: