ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Հարգելի ընթերցողներ, դուք սիրո՞ւմ եք "ՌԱՖԱԵԼԼՈ" կոնֆետները: Եվ քանի որ սիրում եք, ապա պետք է ձեզ շնորհավորեմ` դրանք դարձել են հարեւան մազութային սուլթանատի թուրքերի աչքի գրողը: Եվ ո՞րը լինի դրա պատճառը` այն, որ կոնֆետների վրա գրառումներ կան հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն, եւ, օ՜ սարսափ, ադրբեջաներենը հայերենից ու վրացերենից ներքեւ է. "Նշանակում է` քրիստոնյաներին պաշտող, մուսուլմաններին ու թուրքերին ատող լեհ արտադրողները` Ferrero ընկերության լեհական բաժանմունքի ղեկավարները, դրանով ցույց են տվել Ադրբեջանի նկատմամբ ունեցած իրենց ատելությունը": Եվ լսեք զարմանահրաշ շարունակությունը.
"Ինչո՞ւ պետք է Ադրբեջանում հայերեն գրությամբ որեւէ ապրանք վաճառվի. դա անթույլատրելի է: Այդ հակաթուրքական, հակաիսլամական կոնֆետներն Ադրբեջան բերելն այլ նպատակ ունի: Եթե Raffaello-ի լեհ արտադրողներն Ադրբեջանի նկատմամբ նման ատելություն են դրսեւորում, ուրեմն մի օր էլ այդ կոնֆետների մեջ կարող են ռադիոակտիվ նյութեր կամ այլ թույներ ներարկել, ուղարկելով Ադրբեջան` թունավորել մեզ: Մեզ ու մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն բան սպասելի է": Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, այսքանից հետո կարող եք էլ ավելի մեծ հաճույքով վայելել "Ռաֆաելլո", քանզի դրա ամեն մի կերած կոնֆետը իր կրկնակի, եռակի չափով կանգնելու է որեւէ թուրքի բկին:Իսկ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բացահայտում արեց, թե ինչպես ԼՏՊ-ի ավելորդ օգտապաշտությունը ամբողջովին զրկել էր ՀՀ առաջին նախագահին թռիչքների ունակությունից: Եվ հրաշալի է, որ ի տարբերություն իր անարժան առաջնորդի, մեր ժողովուրդը խանդավառված հավատում էր սեփական ուժերին. "Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հավատում, որ հնարավոր է հաղթել, որովհետեւ, եթե հաշվի էր առնում մեր բնակչությունը իրենց բնակչության, իրենց ֆինանսական հնարավորությունների հետ համեմատությունը, ապա թվում էր, որ հաղթելը հնարավոր չէ: Եվ եթե հնարավոր չէ, մնում գնալ հաշտության, պայմանավորվել, որը կնշանակեր տարածքային եւ հոգեբանական զգալի կորուստներ": Բայց, օրինակ, Վլադիմիր Ժիրինովսկին հաստատ ավելի լավ էր ճանաչում հայության ներուժը, քան հակահայ ԼՏՊ-ն, քանզի 1990-ականների կեսերին ասում էր, որ պետք է Հայաստանում ոչ թե ռուսական զորքեր տեղակայել, այլ հայերին ապահովել լավագույն ռուսական սպառազինությամբ, իսկ հայերն իրենք հրաշալի գիտեն, թե ինչպես սրբել-թափել թուրքերին գրողի ծոցը:
Շատ ու շատ իրարամերժ կարծիքներ են հնչել Սահակյանցների ստեղծած "Անահիտ" մուլտֆիլմի մասին: Սկզբում ամենակեղտոտ բաները սկսեցին գրել թուրքերը, հետո մեր թուրքանմանները ձայնակցեցին, հետո "գլամուրային" տարատեսակ դատարկ կերպարները որոշեցին ցույց տալ, թե Սահակյանցների պես հետամնաց չեն: Բայց ստեղծողներից մեկը` ռեժիսոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ, մի զարմանալի պարադոքս մատնանշեց այդ վատաբանումների առնչությամբ. "Մի հետաքրքիր տենդենց կա, որն ինձ շատ է դուր եկել. մուլտֆիլմը նայելուց հետո Աղայանի օրիգինալ "Անահիտ" հեքիաթը գրախանութներում գրեթե սպառվել է: Դա նշանակում է, որ երեխաններն էլ հետաքրքրվեցին այդ հեքիաթով եւ ուզում են կարդալ": Դե ինչ, եթե այլ կինոարտադրանքը, որպես կանոն, նպաստում է մարդկանց թուլությանը եւ կտրում ձեռքերից, ապա տվյալ դեպքում տեղի ունեցավ հակառակը` մարդկանց մոտ գիրք կարդալու ցանկություն առաջացրեց:
Իսկ Գյումրիի հայտնի արեւմտամոլ ակտիվիստ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ձգտելով օգնել ոստիկանություն կանչված մարդկանց այնպես անել, որ հունվարի 15-ի անկարգությունների հետաքննությունը դժվարացվի, զարմանալիորեն կամա թե ակամա հաստատեց, որ այդ օրը Գյումրիում խժդժություններ անելու նպատակով ակտիվիստներ են եկել ոչ միայն Երեւանից, այլ անգամ Մեղրիից. "Հարգելի ընկերներ, ովքեր Գյումրիում չեն ապրում, բայց Գյումրի են հրավիրվում հարցաքննության 18100615 քրեական գործով (Գումրիում հունվարի 15-ին ոստիկանների սադրանքի հետեւանով ծագած բախումների պատմությունից ոստիկաններից մեղքը քերելու եւ մեղավորներ գտնելու հայտնի գործն է), զանգեք ոստիկանություն հրավիրողին (ծանուցագրում ազգանուն եւ հեռախոսահամար կա) բազար արեք ձեր տրանսպորտային ծախսերի համար. որեւէ մեկը պարտավոր չէ Մեղրուց իր հաշվին գալ Գյումրի` մոտիկից քննիչ տեսնելու": Դե ինչ, եթե հաջորդ անգամ գալու լինեն Գյումրիում "բունտ" անելու, ապա Բարսեղյանի խորհուրդների ու նաեւ կոնկրետ քննության արդյունքների շնորհիվ ոստիկանությունն արդեն նախօրոք կիմանա` ովքեր են գալիս եւ ինչի են ընդունակ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

